Քաղաքական

28.10.2020 18:30


Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության փորձերը ձախողվելու են, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության․ ՀՀ ԱԳՆ

Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության փորձերը ձախողվելու են, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և Շուշի քաղաքի հրթիռակոծման վերաբերյալ։

«Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի զինված ուժերն օրվա ընթացքում բազմաթիվ անգամ ռմբահարել և հրթիռակոծել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին։ Հարվածներ են հասցվել քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատանը: Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:

Այս պատերազմական հանցագործությունը, որը միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի կոպիտ խախտում է, հստակորեն ցույց է տալիս, որ Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ: Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության փորձերը ձախողվելու են, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 28-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 223 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6749 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 1068 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն:

Այս խորագրի վերջին նյութերը