Քաղաքական

27.10.2020 19:39


ԱԺ-ն ընդունեց ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործմանն առնչվող նախագիծը

ԱԺ-ն ընդունեց ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործմանն առնչվող նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով կարգավորվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է օրենքում կարգավորել ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: Մանրամասնեցվում են գույքն օգտագործման վերցնելու ընթացակարգն ու երաշխիքները: Սահմանվում են գույքի օգտագործման արդյունքում գույքին հասցված վնասի դեպքում համարժեք փոխհատուցում տալու պայմանները»,-ներկայացրեց Բալայանը:

Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: Ընդ որում, գույքի անբավարարությունը գնահատվում է՝ այդ թվում հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, հրատապությունը, գույքի գտնվելու վայրը և էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Նախագիծն ընդունվեց՝ ստանալով 70 կողմ ձայն:

Այս խորագրի վերջին նյութերը