Քաղաքական

27.10.2020 11:00


Պետք է իրականացվի խաղաղության պարտադրման օպերացիա՝ ՄԱԿ մանդատ, անթռիչք գոտի և միջազգային կոնտինգենտի մուտք Ղարաբաղյան հակամարտության գոտի․ Տարասով

Պետք է իրականացվի խաղաղության պարտադրման օպերացիա՝ ՄԱԿ մանդատ, անթռիչք գոտի և միջազգային կոնտինգենտի մուտք Ղարաբաղյան հակամարտության գոտի․ Տարասով

«Եթե չեն գործում հրադադարի պայմանավորվածությունները, ապա պետք է գնալ խաղաղություն պարտադրելու ճանապարհով»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում պատերազմը դադարեցնելուն ուղղված դիվանագիտական ջանքերին, հրադադարին և անհրաժեշտ այլ քայլերին, որոնք արմատապես կփոխեն ստեղծված իրավիճակը։

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ընդհանրապես այս օրերին ձևակերպվող հարցերը, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից ո՞րը կկարողանա հաջողության հասնել՝ սխալ է, քանի որ պատերազմի շուրջ գործընթացները ցույց տվեցին, որ համանախագահները գործում են միասին։

Նա ակնարկեց, որ Մոսկվան առանձնահատուկ և առանցքային դերակատարման չի հավակնում և գործում է՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, ինչն էլ երևաց օրերս «Վալդայ» ակումբում նրա արած մեկնաբանություններից։

«Առաջին փուլը մոսկովյան համաձայնություններն էին, որոնք տեղի ունեցան հոկտեմբերի 9-ին ԵԱՀԿ ՄԽ մյուս երկրների աջակցությամբ, երկրորդ փորձը՝ Վաշինգտոն, որը ևս ստացավ բոլորի աջակցությունը, նոր քայլ էր Թրամփի հայտարարությունը, որ սա իբրև թե կարելի է լուծել, ինչպես Կոսովոն։ Իսկ Կոսովոն լուծվեց անկախությամբ, այսինքն՝ Թրամփը երևան է բերում անկախության ճանաչման հարցը ԼՂ հակամարտությունում։ Սա նոու-հաու չէ, քանի որ այս գաղափարը 2016 թվականի ապրիլին դեռ Քերին էր առաջարկում, երբ Վիեննայի բանակցություններն էին։ Այս թեմատիկայի շրջանառությունն ամեն դեպքում ևս միտված է հրադադարին, հրադադարից հետո միայն կարելի է անցում կատարել դիվանագիտական քաղաքական գործընթացին։ Ու այստեղ արդեն բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս, ուզենք թե չուզենք, շփման գիծը փոխվել է, հարց է՝ կպահպանվի՞ արդյոք Մադրիդյան օրակարգը, թե՞ ոչ, թե՞ միանգամից Կոսովոյի ճանապարհով են սկսում գնալ, ճանաչում են ի՞նչ սահմաններով, և այլն․․․ սրանք հարցեր են, որոնց շուրջ կարող ենք իմպրովիզներ անել՝ ինչքան ուզենք, սակայն դա տեղին չէ հիմա»,-ասաց Տարասովը։

Հարցին, թե ինչպե՞ս հասնել հրադադարի, երբ հրադադարի շուրջ բարձրաստիճան պայմանավորվածությունները Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ չեն գործում, Տարասովը պատասխանեց՝ եթե առաջ ընթանալու համար դիվանագիտական և քաղաքական գործընթացում ոչ մի հրադադար չի գործում, ապա, ՄԱԿ մանդատի համաձայն, հայտարարվում է բաց երկինք, հայտարարվում է, որ գոտի է մտցվում միջազգային կոնտինգենտ, սկսվում է խաղաղության պարտադրման օպերացիա՝ միացյալ առաքելություն։

Նա դիտարկմամբ՝ քիչ հավանական է, որ խաղաղապահներ լինեն միայն Ռուսաստանից, դա կլինի միջազգային առաքելություն։ «Իսկ հետագայում եթե ֆրանսիացիները ևս առաջ մղեն Կոսովոյի ձևաչափը, ապա ռուսները դրան կաջակցեն, և այդ հարցում կոնսենսուս կլինի ԵԱՀԿ ՄԽ-ում։ Իսկ Կոսովոն դա պատասխանն էր Թուրքիայի ներխուժմանն այս հակամարտություն»,-ասաց ռուս քաղաքագետ Տարասովը։

Այս խորագրի վերջին նյութերը