Աշխարհ

26.10.2020 09:36


Հունաստանի վարչապետը Մակրոնին աջակցություն է հայտնել՝ կապված Թուրքիայի կողմից վիրավորանքների հետ

Հունաստանի վարչապետը Մակրոնին աջակցություն է հայտնել՝ կապված Թուրքիայի կողմից վիրավորանքների հետ

Թուրքական ղեկավարության կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հասցված անձնական վիրավորանքներն անթույլատրելի են, Հունաստանը լիովին աջակցում է ֆրանսիական պետության ղեկավարին։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը իր Twitter-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքական ղեկավարության կողմից նախագահ Մակրոնին հասցված անձնական վիրավորանքներն ու ատելության արտահայտություններն անթույլատրելի են, դրանք բորբոքում են կրոնական ատելություն և սասանում խաղաղ համագոյակցությունը»,-շեշտել է Միցոտակիսը։ Նա հայտարարել է «լիակատար աջակցության և Էմանուել Մակրոնի ու ֆրանսիացի ժողովրդի հետ համերաշխության մասին, որը դեռևս սգում է զազրելի հանցագործության պատճառով», որը Փարիզի արվարձանում իրագործել էր իսլամիստը։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շաբաթ հայտարարել էր, որ Էմանուել Մակրոնը «հոգեկան խանգարումներից բուժվելու կարիք ունի»։ Թուրք առաջնորդն այսպես էր արձագանքել Ֆրանսիայի առաջնորդի արտահայտություններին՝ կապված Փարիզի արվարձան Քոնֆլան Սենթ Օնորինում ահաբեկչության հետ, երբ հոկտեմբերի 16-ին 18-ամյա իսլամիստը կրոնական թշնամանքի հողի վրա սպանել էր դպրոցի ուսուցչին։ Տեղի ունեցածից հետո Մակրոնը նախազգուշացրել էր, որ Ֆրանսիայի իշխանությունները «ակտիվ պայքար են ծավալելու արմատական գաղափարախոսության կրողների և նրանց ստեղծած ասոցիացիաների դեմ»։

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կիրակի հայտարարել էր, որ Ֆրանսիայի վերաբերյալ Թուրքիայի ղեկավարության արտահայտություններն անթույլատրելի են ու կեղծիք են։ «Քոնֆլան Սենթ Օնորինում տեղի ունեցած ահաբեկչության պաշտոնական դատապարտման կամ Ֆրանսիայի հետ համերաշխության դրսևորման բացակայությանը հիմա վերջին օրերին հավելվել է ատելությամբ լի կեղծ քարոզչություն՝ ուղղված մեր երկրի դեմ։ Ինչպես նաև թուրքական բարձրագույն ղեկավարության կողմից ֆրանսիական պետության ղեկավարին ուղղված ուղղակի վիրավորանքներ։ Այս ամենը վկայում է Ֆրանսիայի դեմ, ինչպես նաև բուն երկրի ներսում ատելություն բորբոքելու ձգտման մասին»,-նշել է երկրի ԱԳ նախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը