Այն, ինչի ականատեսն ենք վերջին շրջանում, գերազանցում է արտագաղթի խնդրով զբաղվող փորձագետների ամենամռայլ կանխատեսումները. Հայաստանը, ինչպես ասում են, մանրից դատարկվում է: Միայն անցյալ տարի երկիրը լքել է շուրջ 70 հազար մարդ, իսկ «Gallup»-ի մի ուսումնասիրության համաձայն` ՀՀ-ից հեռանալու ցանկություն ունի բնակչության գրեթե 40 տոկոսը, ինչն ԱՊՀ երկրների մեջ ամենաբարձր ցուցանիշն է: Մասնագետների վկայությամբ` արտագաղթի ներկայիս տեմպերը պահպանվելու դեպքում 20 տարուց հետո բնակչության թիվը չի անցնի 1,5 միլիոնից: Հատուկ ծրագրերի շրջանակում կամ պարզապես անծրագիր երկրից գնում են ոչ միայն բանող ձեռքերը, այլեւ դատող «ուղեղները», եւ դա, որքան էլ տարօրինակ հնչի, մեր իշխանություններին կարծես քիչ է մտահոգում, ավելին` ինչ-որ տեղ խրախուսվում է նրանց կողմից:
Երբ 2007-ի վերջերին առաջին անգամ խոսք եղավ «Հայրենակիցներ» ծրագրի մասին, որն այսօր Երեւանում, Գյումրիում եւ Հայաստանի տարբեր մարզերում իրականացնում է ՌԴ միգրացիոն դաշնային ծառայությունը, թերահավատները տարակուսանքի մեջ էին` ինչպե՞ս կարող է նման բան լինել... Հետո պարզվեց, որ շատ լավ էլ կարող է: Պուտինի հղացած «Հայրենակիցներ» ծրագիրը մեկնարկեց, եւ անցած երեքուկես տարում, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 600 ընտանիք կամ հազարից ավելի հայաստանցիներ միայն այդ նախագծով, այսինքն` պետական մակարդակով վերաբնակության ու աշխատանքի մեկնեցին Ալթայի, Արխանգելսկի, Ամուրի, Անդրբայկալի եւ Ռուսաստանի նոսր բնակեցված մի շարք այլ հեռավոր վայրեր, որտեղ ժողովրդագրական իրավիճակն անմխիթարական է: Փույթ չէ, թե ՀՀ-ում, որն ունի քայքայված, հիվանդ տնտեսություն, արցախյան չլուծված հիմնախնդիր եւ ազատագրված տարածքների վերաբնակեցման օրակարգ, դրությունն այդ առումով ընդհանրապես տագնապահարույց է:
Հարմար ձեւակերպումներ, հիմնավորումներ, իհարկե, միշտ կարելի է գտնել` վկայակոչելով Ռուսաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության, ավանդական բարեկամության փաստը, դժվար ժամին միմյանց թեւ-թիկունք կանգնելու անհրաժեշտությունը եւ այլն: Ոմանք անգամ երեսով կտան տողերիս հեղինակի երախտամոռությունը հյուսիսային բարեկամի ցուցաբերած այս «օգնության» հանդեպ` չմոռանալով անպայման շեշտել, որ «Հայրենակիցները» բազմաթիվ հայ ընտանիքներ է փրկում սովից: Այդ պնդումներում, անշուշտ, ճշմարտության հատիկներ կան: Եթե ամեն Աստծո օր վիրտուալ իր բարեփոխումներով գլուխ արդուկող հայրենի կառավարությունն ի զորու չէ սեփական քաղաքացիներին տեղում ապահովել աշխատանքով ու արժանավայել աշխատավարձ վճարել, ապա ոչ մի կերպ չես կարող մեղադրել այս կամ այն գայթակղիչ հրավերով հայրենիքից հեռացող եւ ընտանիքի գոյատեւման միջոցներն օտար ափերում որոնող մարդկանց:
Ամբողջ ցավն անարդյունավետ այն մեխանիզմն է, որի միջոցով կառավարությունը, թերեւս, մտածում է մասամբ լուծել զբաղվածության խնդիրը` գոնե այդկերպ լիցքաթափելու համար աշխատանք չգտնող տասնյակ հազարավոր հայաստանցիների ահագնացող ընդվզումը: Իսկ ռուսական ծրագիրը` թվացյալ իր թովչանքով հանդերձ, իրականում խթանում է առանց այն էլ վերջին շրջանում սաստկացած արտագաղթը` սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական եւ, խոշոր հաշվով, ազգային անվտանգության լուրջ մարտահրավերներով: Խնդիրը շատ պարզ լուծում ունի եւ այն, ըստ էության, խոստացված աշխատատեղերի, նպաստավոր ներդրումային միջավայրի, համակարգային բարեփոխումների, հարկային վարչարարության ճկուն ուղեգծի եւ բարձրագոչ հայտարարված մյուս այն միջոցառումների տիրույթում է, որոնց կենսակոչման համար առայժմ չի բավականացնում պետական այրերի քաղաքական կամքը:
Դիտարկումները ցույց են տալիս, որ արտագաղթի պատճառները միայն սոցիալական չեն: Ոմանք ուղղակի փախչում են երկրում տիրող անարդարություններից, հարկային եւ մաքսային ճնշումներից, իրավական կամայականություններից, ապագայի նկատմամբ անորոշությունից: Դատական մի քաշքշուկի մամուլը բազմիցս անդրադարձել է: Խոսքը Երևան քաղաքի բնակիչ Ստեփան Հովակիմյանի նկատմամբ գողության շինծու մեղադրանք առաջադրելու հետ կապված պատմության մասին է: 28-ամյա երիտասարդին վերագրվում է անցած տարվա հունվարի 10-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի գանձարկղից կատարված գողությունը, ինչը մեկ տարուց ավելի է` դատարանը չի կարողանում հաստատել, քանի որ քրեական գործում առկա միակ «ապացուցողական հիմքը» դաժան խոշտանգումների ու նվաստացումների միջոցով կորզված ինքնախոստովանական ցուցմունքն է: Հիմա իրական գողերն ազատ ֆռֆռում են, իսկ հանցանքն ամեն կերպ փորձում են բարդել անմեղ մարդու վրա, որովհետեւ պատվերն այդպես է իջեցված:
Սա ընդամենը մեկ փաստ է դատական համակարգի այն «բարեփոխումներից», որոնց մասին ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները շատ ես սիրում տեղի-անտեղի հավաստիացումներ շռայլել: Բնականաբար` մեզանում տակավին չհաղթահարված հոռի բարքերը, մասնավորապես կոռուպցիոն երեւույթները, որոնց կարելի է հաճախակի բախվել, մարդկանց դրդում են կապել ճամպրուկները եւ հեռանալ հնարավորինս շուտ: Օդ տատանող մեր մեծամեծերից որեւէ մեկը երբեւիցե փորձե՞լ է հանրությանը հոդաբաշխ կերպով բացատրել, թե ինչու, օրինակի համար, ֆրանսահայ մեծահարուստները խոշոր ներդրումներ են կատարում ոչ թե Երեւանում` իրենց պատմական հայրենիքի մայրաքաղաքում, այլ` Թբիլիսիում: Չնայած այս հարցի պատասխանը մի առիթով շատ դիպուկ տվել է ամերիկյան ժամացույցների «Ice Link» ընկերության հիմնադիր-նախագահ Էնդի Սողոյանը` ասելով, որ Հայաստանում առանց «պապաների» կամ «կռիշի» անհնար է բիզնես դնել, ուստիեւ ինքը ձեռնպահ է մնում Երեւանում մասնաճյուղ բացելուց, որովհետեւ ուզում է աշխատել բացառապես օրենքի շրջանակում` որեւէ հովանավորի «պապայությունից» անկախ:
Չէ, թեմայից չենք շեղվել, այս ամենը` թե դատաիրավական համակարգի եւ թե բիզնես-միջավայրի ապականվածության խնդիրը, միանգամայն տեղավորվում է արտագաղթի թեմայի ծիրում: Կարելի է բազմաթիվ օրինակներ հիշատակել, երբ մեր ներդրումային դաշտի չգրված նախապայմաններից «հուշտ» լինելով` օտարերկրացի ձեռնարկատերը ձեռքը թափ է տվել եւ առանց ետ նայելու հեռացել: Մինչդեռ «փայ մտնելու» հին հայկական սովորությունից հրաժարվելու դեպքում այսօր տասնյակ մասնաճյուղեր կունենայինք` տասնյակ հազարավոր աշխատատեղերով, որոնք մշտական աշխատանք եւ, կարծում եմ, արժանի վարձատրություն կառաջարկեին դրսի բարեհաճությանն ապավինող հայաստանցի մասնագետներին:
Իսկ հիմա տարօրինակ բան է ստացվում. Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանրահայտ իր ծրագրով «տուն» է կանչում աշխարհասփյուռ հայրենակիցներին, պուտինյան «Հայրենակիցները», ըստ էության, «տնից» մարդկանց հավաքում-տանում է Ռուսաստանի տայգաները: Ճիշտ ստալինյան շրջանի հայրենադարձության ծանոթ դիպաշարով: Կներեք` եթե չափազանցում եմ:
Հրանուշը բերի, Պուտինը տանի, բա եղա՞վ

Գևորգ Լալայան