Լրահոս

25.10.2020 08:16


Կեղծիք կատարած զորահավաքային զինծառայողը և լաբորատորիայի աշխատակիցները ձերբակալվել են

Կեղծիք կատարած զորահավաքային զինծառայողը և լաբորատորիայի աշխատակիցները ձերբակալվել են

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր և արդյունավետ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, համոզելու կամ այլ եղանակով դրդել է առևտրային կազմակերպության ծառայողներ հանդիսացող, բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին, որպեսզի վերջիններս իրենց լիազորություններն օգտագործեն կազմակերպության շահերին հակառակ և զորահավաքային զինծառայողի օգտին, մասնավորապես՝ վերջինները, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի հունիսի 30-ի՝ «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների վարման կարգը (ժամանակավոր) հաստատելու և առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 25-ի N 1090-ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 2051-Ա հրամանի պահանջները, 2020 թվականի հոկտեմբերի 22-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմել են բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր առ այն, որ իրականացրել են նմուշառում։ Մինչդեռ, վերջինից փաստացի որևէ նմուշ չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար համապատասխան փորձաքննության է ուղարկվել փաստացի «COVID-19» հիվանդություն ունեցող այլ անձի նմուշ։ Դրա արդյունքում՝ 2020 թվականի հոկտեմբերի 23-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմվել և շրջանառության մեջ է դրվել բովանդակությամբ կեղծ եզրակացություն առ այն, որ վերջինիս մոտ իբր հայտնաբերվել է «COVID-19» հիվանդություն, որպիսի հանգամանքը հնարավորություն է տվել զորահավաքային զինծառայողին ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնելու զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում զինծառայողի կողմից ռազմական դրության պայմաններում հիվանդության սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու, ինչպես նաև հիշյալ առերևույթ հանցագործությանն օժանդակելու, իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու կասկածանքներով ձերբակալվել են ինչպես զորահավաքային զինծառայողը, այնպես էլ՝ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ նույն բժշկական կենտրոնի ծառայողների կողմից նույնաբնույթ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է անմնացորդ կերպով կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել զինվորական պարտքի գիտակցված զգացողություն, զերծ մնալ տարատեսակ խարդավանքների, այդ թվում՝ հիվանդության սիմուլյացիայի միջոցով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց խուսափելու կամ դրան օժանդակելու անթույլատրելի վարքագիծ դրսևորելուց և միաժամանակ խիստ զգուշացնում է, որ հետևողական կերպով շարունակելու է իր լիազորությունների շրջանում ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում բժշկական կազմակերպությունների ծառայողների կողմից հիվանդությունների ախտորոշման ընթացքում համանման չարաշահումները բացառելու, զինծառայողների համախմբվածության, մարտական պատրաստվածության, զինվորական կարգապահության կամ բանակի մարտունակության վրա բացասաբար ազդեցություն ունեցող անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ։

ՀՀ ԱԱԾ-ն հիշեցնում է, որ նկարագրված հանցավոր արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար որպես պատիժ նախատեսված է հինգից տասը տարի ժամկետով ազատազրկում:

Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Այս խորագրի վերջին նյութերը