Մեկնաբանություն

24.10.2020 12:35


Ինչի մասին լռեցին Արայիկ Հարությունյանը և Արծրուն Հովհաննիսյանը

Ինչի մասին լռեցին Արայիկ Հարությունյանը և Արծրուն Հովհաննիսյանը

Երեկ պատերազմի շրջադարձային օրերից էր։ Շրջադարձային էր ոչ թե ռազմի, այլ տեղեկատվական դաշտում։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով կանգնեցնել պատերազմը։ Ըստ լավատեղյակների՝ նման մի նամակ Հարությունյանն ուղարկել էր Հայաստան, բայց հետո դա «ջրեցին», իսկ Արցախի նախագահի մամլո խոսնակն էլ հերքեց, թե բա նման բան չի եղել։

Հարությունյանի նամակը ցույց է տալիս ռազմաճակատում տիրող իրական իրավիճակը։ Իսկ այն, մեղմ ասած, մտահոգիչ է։

Եթե մենք Բաքվի մատույցներում լինեինք (ինչպես որ տարածում էին «թավշյա» ֆեյքերն ու նրանց պաշտոնական հովանավորները), ապա ամենևին էլ կարիք չէր լինի Պուտինին դիմել։ Պուտինին այդ դեպքում կդիմեր Ալիևը, ինչպես որ արցախյան առաջին պատերազմում կրակի դադարեցման խնդրանքով դիմում էին ադրբեջանցիները։

Երեկ խոսեց նաև Արծրուն Հովհաննիսյանը։ Պատերազմի մամլո խոսնակը։ Նա միշտ է խոսել այս օրերին, բայց 5–րդ ալիքին տված հարցազրույցում այլ կերպ խոսեց, քանզի ստիպված էր, քանզի այլևս հնարավոր չէ այլ կերպ խոսել։

Արծրուն Հովհաննիսյանը «բացեց», թե ինչ նկատի ունեն «հաղթելու ենք» ասելով։ Իր անձնական կարծիքով՝ հաղթելն այն կլինի, որ թշնամին չկարողանա լիարժեք գրավել Արցախը։ Իսկ դա նշանակում է, որ, ըստ Արծրունի, թշնամին արդեն իսկ գրավել ու գրավելու է որոշ տարածքներ, այդ թվում՝ նախկին ԼՂԻՄ–ի մասից։ Ու եթե մեզ հաջողվի մինչև սեպտեմբերի 27–ը եղած Արցախից մաս փրկել, ապա դա հաղթանակ կլինի։ Սա, կրկնեմ, ըստ Արծրուն Հովհաննիսյանի։

Եթե հաշվի առնենք, որ թշնամին Արցախի հարավային ուղղությամբ (Իրանի հետ սահման) մոտեցել է Բերձորին (Հայաստանն ու Արցախն իրար կապող կյանքի ճանապարհին) և հարավ–արևելյան ուղղությամբ (դեպի Մարտունի) ունի առաջխաղացում, ապա «հաղթելու ենք»–ը շատ ողբերգական տեսք է ստանում։

Թե ինչո՞ւ այսպես ստացվեց, ի՞նչ է սպասվում առաջիկայում և ո՞վ է մեղավոր հարցերին հետո կանդրադառնանք, թեև դրանց պատասխաններն ակնհայտ են։ Արայիկ Հարությունյանն ու Արծրուն Հովհաննիսյանը լռեցին այդ մասին, բայց դե իրենց գրածի ու ասածի տակից հորդում էր «Այս ամենի մեղավորը մեկ մարդ է և այդ մեկ մարդը նա՛ է» ձևակերպումը։ Նրանք, կամա թե ակամա, բացահայտեցին այդ մեկ մարդու ձախողումները, արկածախնդրությունն ու գլխակերությունը։ Նրանք բացահայտեցին սուտն ու կեղծիքը՝ բացելով պողոսների աչքերն ու SOS ուղարկելով մտածող մարդկանց։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը