Մեկնաբանություն

24.04.2011 22:09


Սկզբում ՀՀ նախագահը, հետո՝ ԱՄՆ

Սկզբում ՀՀ նախագահը, հետո՝ ԱՄՆ

Երբ  Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության» շրջանակներում երկու տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության նախօրեին, պաշտոնական Երևանն ու Անկարան համատեղ հայտարարություն ու ճանապարհային քարտեզ ընդունեցին՝ ակնհայտ էր, որ դրանով մեծ հարված էր հասցվելու թուրքերի կողմից հայերի դեմ ուղղված ոճրագործության միջազգային ճանաչմանը։ Հետագա գործընթացները եկան հաստատելու այն մտահոգությունները, որոնք հնչեցվում էին տխրահռչակ «ֆուտբոլային» օրերին։

Ս. Սարգսյանը, թերևս, լավ հասկանում էր այս ամենը, բայց գնաց այդ քայլին, քանի որ դրանով փորձ էր անում պահել իր աթոռը և միջազգային լեգիտիմությամբ լրացնել ներքին լեգիտիմության դեֆիցիտը։ Այսինքն՝ հանուն սեփական շահերի՝ Սարգսյանը գնաց պետական շահերի ոտնահարման ու թուրքերի հետ  հարաբերություններում առևտրի առարկա դարձրեց Հայոց ցեղասպանության հարցը՝ ստորագրելով մի փաստաթղթի տակ, որով նախատեսվում էր պատմաբանների հանձնաժողով ստեղծել։ Հանձնաժողով, որը պետք է զբաղվեր հայ և թուրք ժողովուրդների պատմական հարթության խնդիրներով։

Ակնհայտ էր, որ այդ  հանձնաժողովի ստեղծումը, ըստ էության, նշանակում էր ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Դրանից օգտվելով էլ այժմ բոլոր երկրները խուսափում են հարցի քննարկումից՝ դա բացատրելով «ֆուտբոլային» դիվանագիտության առկայությամբ։

Հարցն այն չէ, որ եթե «ֆուտբոլը» չլիներ, ապա բոլորը ճանաչելու էին Հայոց ցեղասպանությունը, բայց «ֆուտբոլը» ֆորմալ հնարավորություն է տալիս նրանց, ովքեր ուզում են խուսափել սեփական խոստումից։

Սերժ Սարգսյանն այնքան էր տարվել «նախաձեռնողականությամբ», որ նույնիսկ խնդրել էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին չանդրադառնալ Հայոց ցեղասպանության հարցին ու դրանով իսկ չխանգարել կողմերին, քանի դեռ ինքը փորձում է թուրքերի հետ լեզու գտնել։

Այս ամենի ֆոնին պարզապես ծիծաղելի է այն քարոզչական պաթոսը, որն այժմ նկատվում է «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցների մոտ։ Դատելով շեշտադրումներից՝ իշխանության մոտ այժմ «հայրենասիրության» փուլ է և արտոնված է թուրքերին հայհոյելը։

Ի դեպ, վերջին մի քանի տարիներին շատ մոդայիկ է դարձել ապրիլի 24–ից առաջ քննարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարության տեքստի բովանդակության մասին։

«Կրկին չի օգտագործի «Ցեղասպանություն» եզրը»,– ձեռքերը թափ տալով նկատում են ոմանք՝ քննարկելով Օբամայի սպասվող ելույթը։ Բայց, կներեք, ինչու՞ պետք է ԱՄՆ նախագահն ընդունի Ցեղասպանությունը, եթե ՀՀ նախագահն է հայ–թուրքական արձանագրությունները ստորագրելով կասկածի տակ դրել Մեծ Եղեռնը։ Ճիշտ է, Սարգսյանն իր խոսքում, փառք Աստծո,  օգտագործում է «Ցեղասպանություն» բառը, բայց դա կապ չունի։ Ու՞մ է պետք մի կողմից դատապարտել Ցեղասպանությունը, իսկ մյուս կողմից՝ թուրքերի հետ ստորագրել Ցեղասպանությունը քննարկման առարկա դարձնող արձանագրությունը։ Դա պարզապես երկերեսանիություն է։ Հետևաբար՝ քանի դեռ պաշտոնական Երևանի ստորագրությունները հետ չեն վերցվել հայ–թուրքական այդ չարաբաստիկ արձանագրություններից՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը վտանգվելու է, Թուրքիան, օգտվելով Սարգսյանի կոպիտ սխալից,  հնարավորություն է ստանալու ակտիվորեն մխրճվել Ղարաբաղի հարցի մեջ, իսկ Հայաստանը կորցնելու է իր ինքնուրույնությունը և ստիպված է լինելու միջազգային բոլոր խոշոր խաղացողների հետ գնալ վասալային հարաբերությունների։

Այնպես որ՝ եկեք նախ ՀՀ նախագահից պահանջենք Հայոց ցեղասպանության ճանաչում, իսկ հետո նոր ԱՄՆ նախագահից ու մյուսներից։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը