Լրահոս

22.10.2020 15:26


«Պապ, ինձ կներես, չեմ կարա հաջող անեմ». Վարդանը սպասում է որդուն

«Պապ, ինձ կներես, չեմ կարա հաջող անեմ». Վարդանը սպասում է որդուն

60 տարեկան երևանցի Վարդան Արշակյանը որդու մահվան լուրը առել է նրա ընկերներից: Նրանք բերել ու հորը ցույց են տվել Արմեն Արշակյանի անձնագիրը, նրա հեռախոսը: Վարդանն ինքն է գնացել «Անատոմիկ» ու տեսել որդու մարմինը՝ բեկորներով ծակծկված: Այս մասին պատմեց մեզ, «Անատոմիկ» բառից խուսափելով.

«Բերել են իրան «Պլանի գլուխ», իրա ընկերությունը տեսել են, ես էլ եմ տեսել: Սաղ պատմելու չի: Դեմքը տեսել եմ, ոնց որ, ճանաչել եմ, բայց վրեն սաղ ասկոլկեք էր, եսիմ, կարո՞ղ ա ինքը չէր: Անընհատ ոնց որ սպասենք իրա գալուն: Նենց մոմենտ ա, իրա ընկերությունը եկան, ասին, ես էլ վատ զգացի, բայց հավատս չի գալիս, ու չի գալիս, ցավդ տանեմ»: Կինը կողքից, թե՝ Վարդան, հարևանը տեսել ա «ֆեյսբուքում», ի՞նչ ես է ասում:

Բոլորը հավատում են, որ Արմենը չկա: Կինը, հարևան Սվետան, որը կարդացել է նրա անունը «ֆեյսբուքում», Արմենի ընկերները: Բայց Վարդանը ֆեյսբուքներ չի մտնում, ու իր սպասումով, մահվան հանդեպ իր անհավատությամբ բոլորին վարակում է նա:

Այդ անհավատության հիմքը միակ որդու սերն է ու այն հանգամանքը, որ Արմեն Արշակյան անուն-ազգանունը Վարդանը հեռուստատեսությամբ հաղորդվող ցուցակներում չի տեսել: «Իրա անունը չի եղել ցուցակներում: Ինչքան նայում եմ ցուցակները, իմ տղու անունը չկա»,-պնդում է Վարդանը:

Ինքը ավտոլվացող է եղել, բայց վերջին տարին էլ չի աշխատել, տունը, հոգսը 29 տարեկան Արմենի վրա թողնելով: Արմենն էլ «պտտվել» է, ինչպես կարողացել է: Սեղանի ձևավորող էր, հարսանիքների էին կանչում: Փոքրիկ Ռեստորանում աշխատում, ընկերոջ հետ «ֆուրշետի» սեղաններ էր գցում պատվերով, մարդկանց տներում: «Զանգում էին, կանչում էին, աշխատում էր նաև մամուլի տանը, գումարայինը մի քիչ էր, բայց կողքից ես էլ էի լրացնում: գործ մեկ լինում էր, մեկ չէր լինում, բայց ինչ ամագ ունենք, սաղ Արմենն ա դրել, ապառիկով տան իրեր ենք առել, սաղ Արմենն ա»,-հպարտությամբ հիշում է հայրը: Այն պահից, երբ Արմենը զանգեց ու ասեց, որ իրեն արդեն տանում են ճակատ, աչքին էլ ոչինչ չի երևում:

«Մեզ ինքը չի ասել գնալու մասին: Եթե ասեր, ես հաստատ չէի թողնելու, որ գնար, — Վարդանի ձայնը վշտից չի լսվում,-ոչ մեկին, իրա ընկերությանը չի ասել, վեր ա կացել, առավոտ շուտ, գլուխը կախ, գնացել ա: Ժամը 11-ի մոտերքը զանգահարեց ինձ, ասեց՝ պապ, ինձ կներես, չեմ կարա հաջող անեմ, անուն-ազգանունս կարդում են, էթում եմ: Ես էլ արդեն գժվա, գնացի, կայնեցի վայենկամատի մոտը, ասեցի՝ ո՞ւր ես, ո՞ւր ես՞: Ասեց՝ սպիտակ ավտոբուսի մոտ եմ: Գնացի, մոտեցա դռան մոտ, երկու հատ ավտոբուս «խոդ տված», կանգնած էին: Մեկ էլ աֆիցեռների կողքով ինքը իջնում ա ավտոբուսից: Սիրտս թուլանում ա, չիմացա, ինչ ասեմ, կանչում եմ, կանչում, բայց իրան արդեն կոխում են ավտոբուսը: Ասեցի՝ ինձ էլ տարեք: Ասեցին՝ չէ, էսի մենակ ջահելների համար ա»:

Սեպտեմբերի 29-ն էր, երբ Արմենը որպես կամավոր մեկնեց Արցախ: 30-ի առավոտը զանգեց, ասեց՝ լավ եմ, ու կապը կտրվեց բառի կեսից: Հետագա բոլոր օրերը Վարդանն ու կինը սպասել են: «Դաժե վաենկամատ գնացի աղջկաս հետ, ասեցին՝ էս ինչ տեղն ա, բայց կապ չկա, չգիտենք, ինչ ասենք»,-պատմում է հայրը: «Մինչև ամսի 5-6-7 սպասել եմ իրա զանգերին, ոչ մեկը ինձ չի ասել, ուր ա ինքը, ոնց ա: Ոչ մեկ ոչ մի բան չի ասում, իրա անունը չկա, մարմինը տեսել եմ, բայց կարող ա, ինքը չի, կարող ա ողջ ա»,-համառում է Վարդանը:

Աղբյուրը՝ forrights.am

Այս խորագրի վերջին նյութերը