Կարծիք

22.10.2020 10:39


Մինսկի ֆորմատն ինքը պետք է ապացուցի իր կենսունակությունն ու միասնականությունը

Մինսկի ֆորմատն ինքը պետք է ապացուցի իր կենսունակությունն ու միասնականությունը
Արցախում պատերազմին զուգահեռ չեն դադարում դիվանագիտական «ճակատամարտերը»: Արդեն մի քանի անգամ Հայաստանն և Ադրբեջանը ուղիղ կամ միջնորդավորված հանդիպել են ռուսական հարթակում, երկու անգամ հրադադարի համաձայնության են եկել՝ ռաջին ագամ ռուսական իսկ երկրորդ անգամ ֆրանսիական միջնորդությամբ: Բայց թե՛ ռուսաստանի, թե՛ ֆրանսիայի միջնորդությունները չեն բերել ո՛չ հրադադարի, ո՛չ հակամարտության լուծումը խաղաղ ռելսերի դնելուն: Ինչ էլ ասի կամ հայտարարի ադրբեջանաթուրքական տանդեմը, ակնհայտ է, որ այդ խաղաղասիրական նախաձեռնությունները խոյահարվում են հենց իրենց կողմից: Ակնհայտ է, որ ադրբեջանական բանակցային դիրքորոշումը կարծր է և երկխոսության տեղ չի թողնում: Միաժամանակ բացահայտ ճշմարտություն է, որ Արցախին և Հայաստանին վերջնագիր ներկայացնելն անհեռանկար է հենց միայն այն պատճառով, որ այս պատերազմը մեր համար գոյաբանական նշանակություն ունի և բացի կռվելուց մեզ այլընտրանք դեռևս չի մնում:
Այս իրավիճակում շատ հեղհեղուկ և բազմիմաստ էր Մինսկի խմբի երրորդ համանախագահող երկրի՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը: Իհարկե, մտահոգությունների, հորդորների պակաս օվկիանոսի այն կողմից այս օրերին չի զգացվել: Բայց գործնական քայլեր էլ չենք տեսել: Միայն հիմա է հայտարարվում, որ պատերազմող կողմերի արտգործնախարարները միաժամանակ կայցելեն նաև Վաշինգտոն: Շատ վերլուծաբաններ արդեն այն կարծիքին են, թեև դա դեռ բացահայտ չեն ասում, որ ռուսական և ֆրանսիական (եվրոպական) հարթակները ադրբեջանաթուրքական կողմից խոյահարվում են, որպեսզի տեղափոխվեն ամերիկյան դաշտ, որտեղ իրենց առավել վստահ կարող են զգալ: Եթե Եվրոպան ու Ռուսաստանը թուրքական գործոնի հետ առընչվում են «հառդ»-ով, այսինքն կոնկրետ առարկայական հպման մեջ են, ապա Միացյալ Նահանգներն այդպիսի խնդիր չունեն և բազմիցս Թուրքիային կարողացել են օգտագործել իրենց «պրոքսի» նախաձեռնություններում՝ չնայած «թեթևակի» տարաձայնություններին: Չի բացառվում, որ Վաշինգտոնում Ադրբեջանը կփորձի առաջ տանել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագա գործընթացում Թուրքիայի առավել ակտիվ մասնակցությունը: Հավանաբար դա էր պատճառը, որ ֆրանսիական միջնորդություններից անմիջապես հետո Թուրքիայից և Ադրբեջանից հայտարարեցին, թե Ֆրանսիան անկողմնակալ միջնորդ չէ: Ռուսաստանի դեպքում բավական բարդ դիսպոզիցիա է, որովհետև այս պատերազմն իր հավանական հետևանքներով անմիջականորեն շոշափում է Ռուսաստանի ազգային անվտանգությունը և աշխարհաքաղաքական իմիջը: Այստեղ Ադրբեջանի հովանավոր Թուրքիան ուղղակի ֆիզիկական հակառակորդ է տեսնում և Ռուսաստանի կողմից ցանկացած միջնորդություն ընկալում ու Ադրբեջանին պարտադրում է հենց այդ կտրվածքով:
Փաստացի փորձ է արվում հստակ տարբերակում մտցնել Մինսկի խմբի համանախագահող երկրների մեջ, փորձարկվում է բանակցային այդ ֆորմատի ամրությունը: Թեև աշխարհն այս հակամարտության կարգավորումը շարունակում է տեսնել հենց Մինսիկ խմբով, բայց հիմա ժամանակն է, որ այդ ֆորմատն ինքն ապացուցի իր կենսունակությունն ու միասնականությունը:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը