Կարծիք

21.10.2020 15:51


Yerevan.Today-ին ոստիկանությունը տուգանել է կոպիտ խախտումներով

Yerevan.Today-ին ոստիկանությունը տուգանել է կոպիտ խախտումներով

Ռազմական դրության հաստատումից և ավելի ուշ հատուկ սահմանափակումներ մտցնելուց հետո Ոստիկանությունը պարբերաբար հաղորդագրություն է տարածում, թե քանի արգելված հրապարակում է հայտնաբերվել, ինչ տուգանքներ են սահմանվել, քանի ֆիզիկական անձ և լրատվամիջոց է տուգանվել: Այսպես, հոկտեմբերի 20-ի դրությամբ 9 լրատվական կայք տուգանվել է 700 հազար դրամի չափով արգելված հրապարակումներ տեղադրելու պատճառով։ Տարբեր հաղորդումների հեռարձակումն էլ կասեցվել է որոշ ժամանակով:

Ինչպես արդեն նշել էինք, Yerevan.Today լրատվական կայքը տուգանվել էր 700 հազար դրամի չափով: Առիթը այլ կայքից արտատպած վերլուծական հոդվածն էր։ Մենք արդեն գրել ենք, թե դա ինչպես է անդրադառնում մեր գործունեության վրա և ինչ խոչընդոտներ է առաջացնում:

Yerevan.Today-ն արդեն դիմել է դատարան՝ վիճարկելով Ոստիկանության որոշումը:

Անցնենք իրավական փաստարկներին․

  1. Տույժը նշանակվել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասին հղում անելով: Համապատասխան հոդվածը սահմանում է՝ «լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելը`առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն»:

Բողոքարկման փաստարկն է՝

Վերը նշված հոդվածի փոփոխությունը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին: Իրավախախտումը արձանագրելու և վարչական տույժ նշանակելու պահին դեռևս ուժի մեջ մտած և հրապարակված չի եղել, քանի որ Պատասխանող Ոստիկանության աշխատակիցները որպես վարչական ակտի իրավական հիմք ներկայացրել են վարչական վարույթի ընթացքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրեսնգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը «Առաջին ընթերցում» վերտառությամբ, որը վկայում է այն մասին, որ Վարչական պատասխանատվություն կիրառելիս դեռևս Օրենքի լրացումը ուժի մեջ մտած և հրապարակված չի եղել, հասանելի չի եղել նաև Arlis.am պաշտոնական կայքէջում:

Այսինքն՝ վարչական տույժ է կիրառվել այն իրավանորմի հիման վրա, որը դեռևս պաշտոնապես հրապարակված չի եղել, և, եթե անգամ համարենք, որ այն այդ նույն օրը ժամերի տատանմամբ հրապարակվել է, ապա այն չէր կարող կիրառվել Հայցվորի նկատմամբ, քանի որ վերջինս ողջամտորեն հնարավորություն չուներ իրազեկվելու դրա մասին:

  1. ՀՀ ոստիկանության կողմից կայացված որոշումը չի պարունակում բավարար հիմնավորումներ և պատճառաբանվածություն, կոնկրետ ինչ իրավախախտում է կատարվել Հայցվորի կողմից 10.10.2020թ Yerevan. Today կայքում հոդվածի հրապարակման հետ կապված, փոխարենը Պատասխանողը սահմանափակվել է բացառապես իրավանորմերի հղումներով, որը չի կարող հանդիսանալ բավարար հիմնավորում և պատճառաբանում: Ոստիկանության աշխատակիցների կողմից առհասարակ չի ներկայացվել խնդրո առարկա նյութի «Պուտինյան հրադադար․ ի՞նչ արձանագրվեց Մոսկվայում և ի՞նչ է պետք անել», որ հատվածն է, որ առաջացրել է ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտում։ Սա կարևոր հանգամանք է, քանի որ, օրինակ՝ հենց նույն հոդվածում առկա էին նաև պաշտոնական տեղեկություններ։

Այստեղ հարկ է նշել, որ Ոստիկանության կողմից վարչական տույժ նշանակելու որոշումը որևէ կերպ չի պարունակում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածով և վճռաբեկ դատարանի որոշմամբ նշված պարտադիր հիմնավորումներ և պատճառաբանվածություն: Ավելին, Վարչական ակտի փաստական հիմք որպես նշվել է այն հանգամանքը, որ 10.10.2020թ-ին ՝ժամը 15.10 Yerevan Today կայքում հրապարակվել է հոդված, որով խախտվել է ՀՀ կառավարության 27.09.2020թ թիվ 1586-Ն որոշման 9-րդ կետի պահանջները, միաժամանակ նշելով, որ իրբև իրավական հիմք՝ «պետական անվատանգությանն ապահովմանն ուղղված գործողությունների վերաբերյալ»: Մինչդեռ ՀՀ կառավարության 27.09.2020թ թիվ 1586-Ն որոշման 9-րդ կետում առհասարակ բացակայում է «պետական անվատանգությանն ապահովմանն ուղղված գործողությունների վերաբերյալ» եզրույթը որպես համապատասխան կանոնի հիմք։ Այն արտացոլված է ՀՀ կառավարության 27.09.2020թ թիվ 1586-Ն որոշման 4-րդ մասի լրիվ այլ կետում։ Այսինքն անհասականալի շտապողականության արդյունքում նույնիսկ պատշաճ իրավական հիմք չի նշվել համապատասխան վարչական ակտում:

  1. Անդրադառնանք մեկ կարևոր հանգամանքի ևս: Ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել կայքի գլխավոր խմբագրին: Նորից դիմենք ՀՀ օրենսգրքին:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է ընկերության գործադիր մարմնի կողմից:

Այսինքն, ստացվում է, որ վարչական պատասխանատվության է ենթարկվել խմբագիրը, որի պարտականությունների մեջ չի մտել ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումը, ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը։ Այսինքն՝ նման կարգավիճակով վերջինս օժտված չէր ո՛չ Կանոնադրությամբ և ո՛չ էլ աշխատանքային պայմանագրով:

Հետևաբար, քանի որ վերջինս չի հանդիսացել Ընկերության տնօրեն, ապա չէր կարող հանդիսանալ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրնեսգրքի 182.5 հոդվածի 5-րդ մասի համաձայն վարչական պատասխանատվության սուբյեկտ:

Կան, իհարկե նաև մի քանի այլ ոչ իրավաչափ դրվագներ, բայց հիմա սահմանափակվենք այսքանով՝ օրենքի հղումներն ու իրավական ձևակերպումները թողնելով առաջիկայում կայանալիք դատական նիստին: Մի կարևոր դրվագի մասին, այնուամենայնիվ կնշենք․ ոչ Կառավարությունը, ոչ Ոստիկանությունը լրատվամիջոցներին կամ այլ հրապարակումներ անող քաղաքացիներին չեն տրամադրել որևէ չափորոշիչ, որոնցով որ հրապարակում անողը կարող է կողմնորոշվել հրապարակման միջի միտքը, բառը, ձևակերպումը համապատասխանու՞մ է արդյոք օրենքի պահանջին թե՞ ոչ։ Օրենքը, իսկ ավելի կոնկրետ Կառավարության որոշումը, դա դրել է Ոստիկանության վրա և նրա գնահատականով պետք է որոշվի խախտվել է օրենքը թե՞, ոչ։ Այսինքն կա օրենք, որոշում կա՛, անգամ որոշողը կա՛, իսկ չափորոշիչ, ո՛չ։ Իսկ դու անգամ եթե պարտաճանաչ ես, միևնույնն է կտուգանվես, որովհետև Ոստիկանությունը քեզ չբացատրելով, որոշել է։

Ի դեպ, ինչպես նշել ենք արդեն, ոստիկանների այցի ժամանակ, նրանց և իրենց վերադասին փոխանցել ենք, փորձելով բացատրել որ չենք ցանկանում ռազմական դրության պայմաններում դատական վեճի մեջ մտնել պետության հետ և խնդրել ենք, հորդորել և համոզել ենք չգնալ տուգանքի աբսուրդ ճանապարհով, այլ համագործակցելով լուծել նմանատիպ վեճերը, այն է՝ մատնանշել որ տող կամ բառն է որ կարող է դիտարկվել որպես վտանգ կամ խուճապ առաջացնելու առիթ, և որ մենք սիրահոժար կշտկենք, կամ կհեռացնենք, ավել բարդություններ չստեղծելով, երկրում պատերազմական վիճակը հաշվի առնելով։ Հրաժարվել են, կազմել են արձանագրությունը, որը մենք ստիպված բողոքարկել ենք։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը