Տնտեսական

21.10.2020 13:03


Պետությանը հանձնվող՝ ԵԱՏՄ-ից որոշ ապրանքների ներմուծումը կազատվի հարկերից. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Պետությանը հանձնվող՝ ԵԱՏՄ-ից որոշ ապրանքների ներմուծումը կազատվի հարկերից. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հարկերից ազատել Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը և Առողջապահության նախարարությանը հանձնվող՝ ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ անդամ երկրներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Սահմանվում է, որ ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող, կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և (կամ) բնապահպանական հարկից՝ այդ ապրանքները ռազմական դրության ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը և (կամ) Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում:

«Առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություներից ներմուծվող և այնուհետ երեք պետական կառավարման մարմինների՝ ՊՆ-ին, ԱԻՆ-ին և ԱՆ-ին հանձնվող, համապատասխանաբար, ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքները կարողանան հանձնել առանց հարկային պարտավորությունների»,-ասաց Պողոսյանը:

Պայմանն այն է, որ մինչև ռազմական դրության ավարտը խնդրո առարկա ապրանքները, որոնք առաջարկվում է, որ սահմանվեն կառավարության կողմից, հանձնվեն hիշյալ գերատեսչություններին, և այդ հանձնումը փաստաթղթավորվի համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է կարգավորումը վերաբերում միայն ԵԱՏՄ երկրներից կատարվող ապրանքների ներմուծմանը՝ փոխնախարարն ասաց, որ ի տարբերություն ԵԱՏՄ անդամ երկրներից կատարվող ներմուծումների, երբ ներմուծումը կատարվում է երրորդ երկրներից, կա շատ արդյունավետ միջոց այդ ապրանքների ներմուծումը հարկերից ազատելու համար: Ներմուծողը կարող է ներկայացնել հրաժարում հօգուտ պետության՝ մաքսային ընթացակարգին համապատասխանող մաքսային հայտարարագիր, և ըստ այդմ ազատվել ներմուծման հետ կապված հարկերից:

Արտոնությունը տարածվելու է սեպտեմբերի 27-ից հետո ներմուծված ապրանքների վրա:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 83 «կողմ» ձայն: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի դարձյալ հոկտեմբերի 21-ին:

Այս խորագրի վերջին նյութերը