Կարծիք

20.10.2020 11:27


Հավատացե՛ք, նորի և հնի համադրումից է ծնվում հաջողությունը, իսկ մենք դա կարող ենք անել

Հավատացե՛ք, նորի և հնի համադրումից է ծնվում հաջողությունը, իսկ մենք դա կարող ենք անել

Ադրբեջանա-արցախյան շուրջ 30-ամյա զինված հակամարտության ընթացքում Բաքուն միշտ էլ օգտվել է թուրքական եւ օտարերկրյա տարբեր վարձկան գրոհայինների օժանդակությունից: Այս մասին գրել է Արցախի զինված ուժերի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդպես է եղել 1991-1994 թվականներին, նույնը կրկնվել է 2016-ի ապրիլյան առճակատման ժամանակ, այդպես է նաեւ հիմա: Եթե առաջին պատերազմում Անկարան Մոսկվայի բարձրաձայն զգուշացմամբ ձեռնպահ է մնացել Արցախյան ճակատում մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունենալուց, ապա թուրքական կամավորականների ու աֆղանական մոջահեդների եւ չեչենական վարձկանների, ինչպես նաեւ ուկրաինական վարձկան օդաչունների ներկայությունը ժամանակին ապացուցվել է բազմաթիվ փաստերով...

Նույնը կրկնվել է նաեւ 2016-ի ապրիլին:

Այս անգամ արդեն Բաքուն օգտվել է թուրքական զինվորական հրահանգիչների, իսրայելական անօդաչու թռչող սարքերի մասնագետների եւ Սիրիայից տարբեր ճանապարհներով Ադրբեջան տեղափոխված գրոհայինների ծառայություններից:

Այսօր էլ տեղի է ունենում նույնը, բայց առավել բացահայտ եւ մեծ ծավալներով: Նորից Արցախյան ճակատում են ոչ միայն թուրքական բանակի ցամաքային զորքերի բարձրաստիճան հրամանատարներն ու շուրջ 200 հոգուց բաղկացած հատուկ նշանակության ուժերը, այլեւ վերջինիս կողմից աբշերոնյան երկիր ներկրված տարատեսակ սպառազինությունն ու ռազմատեխնիկական միջոցները, ինչպես նաեւ սիրիական ու պակիստանյան ահաբեկչական կազմավորումները:

Փաստենք, որ առաջին երկու դեպքերում հայկական զինված ուժերը պատվով ընդունեցին թշնամու կողմից նետված մարտահրավերը եւ Բաքվին ստիպեցին նստել բանակցությունների սեղանի շուրջ: Սա երրորդ ու, թերեւս, առավել լայնածավալ առճակատումն է մինչեւ ատամները զինված ադրբեջանա-թուրքական դաշինքի դեմ, որից հաղթանակով դուրս գալու համար մեր տրամադրության տակ եղած ռազմական եւ դիվանագիտական բոլոր հնարավորությունները գրագետ ու արդյունավետ օգտագործելուց բացի, անկասկած, պետք է հաշվի առնենք նաեւ նախորդ երկու պատերազմներում տարած հաղթանակների փորձը:

Հավատացե՛ք, նորի եւ հնի համադրումից է ծնվում հաջողությունը: Իսկ մենք դա կարող ենք անել...

Այս խորագրի վերջին նյութերը