Քաղաքական

19.10.2020 18:21


Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում հանդիպելու պատրաստակամություն են հայտնել (տեսանյութ)

Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում հանդիպելու պատրաստակամություն են հայտնել (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ժամանել Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկելու ԼՂ-ի հարցը։

«ԼՂ-ի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, սա մեր դիրքորոշումն է։ Ցավոք, Ադրբեջանը համաձայն չէ այս դիրքորոշման հետ։ Եվ ես պատրաստ եմ ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի հասնենք այդ արդյունքին, այդ թվում և գնալ, հանդիպել, խոսել»,-ասել է Հայաստանի վարչապետը՝ պատասխանելով ТАСС-ի հարցին՝ պատրա՞ստ է անձամբ այցելել Մոսկվա, որպեսզի ՌԴ միջնորդությամբ հանդիպի Ադրբեջանի նախագահի հետ։

Բացի այդ, Փաշինյանն ընդգծել է, որ ԼՂ-ի խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջումների վրա։

«Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման,-ընդգծել է Փաշինյանը,-և եթե մյուս կողմից պատրաստակամություն չկա, մենք պատրաստ ենք պայքարել մինչև վերջ՝ հանուն մեր ժողովրդի իրավունքի, հանուն մեր հայրենակիցների իրավունքի ԼՂ-ում։ Կարծում եմ, որ սա Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի և հայկական սփյուռքի դիրքորոշումն է և ես կարծում եմ, որ դա ազնիվ և կառուցողական դիրքորոշում է»։

ТАСС-ի հարցին պատասխանել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Բաքվի ներկայացուցիչները պատրաստ են ԼՂ-ի հարցով հայկական կողմի հետ բանակցությունների Մոսկվայում կամ որևէ այլ վայրում։ Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել և՛ Մոսկվայում, և՛ յուրաքանչյուր այլ վայրում, որպեսզի վերջ դնենք հակամարտությանը և կարգավորման ելքեր գտնենք»,-ասել է Ալիևը՝ պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է անձամբ գնալ Մոսկվա և հանդիպել Փաշինյանի հետ։

Նրա խոսքով` Բաքուն «պատրաստ է ցանկացած շփման»: «Եվ այս դեպքում ես նման հրավեր չեմ ստացել, ուստի այս հարցն ինձ չպետք է ուղղվի: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ բազմիցս, իսկ մինչ այդ` Դմիտրի Մեդվեդևը եռակողմ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Բայց երբ Հայաստանում իշխանությունն անցավ պայմանական «Սորոսի» ձեռքը, այդպիսի շփումները դադարեցին»:

Ըստ նրա` Ռուսաստանը միշտ էլ կարևոր դեր է ունեցել հակամարտության կարգավորման գործընթացում: «Դրա համար կան օբյեկտիվ պատճառներ` և՛ պատմական, և՛ աշխարհագրական, և՛ նաև պատճառներ, թե ինչու է Ռուսաստանը երկար տարիներ ակտիվորեն գործում մեր տարածաշրջանում և փոխգործակցության բարձր մակարդակ կա: Ուստի մենք պատրաստ ենք ցանկացած շփման»,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը