Կարծիք

16.10.2020 08:52


Ինչու է հապաղում զինադադարը

Ինչու է հապաղում զինադադարը
Արցախում ինչ-որ կատարվում է, մեզ համար կյանքի ու մահվան հարց է, սակայն մեզ համար է դա այդպես, իսկ ներգրավված մյուս երկրների համար աշխարհքաղաքական պարտիա է, որի տրամաբանությունը մենք պետք է հասկանանք, քանի-որ դրանից է կախված պատերազմի ավարտն ու ապագա բանակցությունների բովանդակությունը:
Զինադադարի հարցն այսօր լուծում են երկու երկիր՝ Ռուսաստանն ու Թուրքիան: Բնականաբար, Հայաստանը պատրաստ է ցանկացած պահ զինադադար կնքել (ինչի մասին պաշտոնապես հայտարարել է), իսկ Ադրբեջանն արդեն ինքնուրույն երկիր չէ, Թուրքիան է իր փոխարեն լուծում այդ հարցը:
Իսկ ո՞րն է Թուրքիայի նպատակը ու հեռախոսազրույցի ժամանակ ի՞նչ էին կարող քննարկել Պուտինն ու Էրդողանը:
Թուրքիան աշխարհքաղաքական հարց է լուծում՝ Հարավային Կովկասում դառնալ Ռուսաստանին հավասար խաղացող, դե-յուրե մաս կազմել զինադադարի բանակցություններին, իսկ հետագայում, բանակցությունների արդյունքների իմպլեմենտացիայի ժամանակ դառնալ դրանց իրականացման երաշխավորներից մեկն, ինչին Ռուսաստանը չի համաձայնվում։
Թուրքիան Ադրբեջանին թույլ չի տալիս զինադադար կնքել, մինչև որ Ռուսաստանը չհամաձայնվի "Սիրիական տարբերակին", այսինքն Հարավային Կովկասում դառնալ Ռուսաստանին հավասար խաղացող։
Պատահական չէր նաև Չավուշօղլուի կոչն ուղղված թյուրքական երկրներին, որ սատարեն Ադրբեջանին։ Դա Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակն ունի։
Դա է Թուրքիայի խնդիրը, անգամ կարելի է ասել, որ Արցախի հարցի այս կամ այն որևէ վերջնական լուծումն իրեն ձեռնտու չէ, հատկապես Ադրբեջանի համար ամենաբարենպաստ տարբերակը, քանի-որ դրանով կկորցնի Ադրբեջանի վրա ազդելու իր հիմնական լծակը։
Եզրակացնենք, որ Թուրքիայի համար այս պատերազմի շարունակության փաստն է կարևոր, այլ ոչ թե պատերազմի արդյունքները։ Արդյունքներն Ադրբեջանի խնդիրն է, Թուրքիայի նպատակը Ռուսաստանից Կովկասում ներկայության իրավունք ստանալն է, որը կարող է հաստատագրվել զինադադարի կնքման մի որևէ փաստաթղթի վրա ստորագրություն դնելով։ Հիմա Թուրքիան այդ "ստորագրության" համար է պայքարում։
Ինչ վերաբերվում է կոլեկտիվ Արևմուտքին, ապա այս "խաղում" նա երկրորդական դեր ունի ու ընդգծված պասիվ դիրք է զբաղեցրել։ Իսկ որպես ստրատեգիա, իրենց համար ռուս-թուրքական կոնֆլիկտն է կարող նպատակ լինել, որքան՝ թեժ, այնքան՝ լավ։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը