Լրահոս

11.04.2009 12:20


Այս տարի Ս. Հարության տոնը նշվում է ապրիլի 12-ին

Այս տարի Ս. Հարության տոնը նշվում է ապրիլի 12-ին

 

Ճրագալույցի Զատկի տոնի կապակցությամբ, Հայ առաքելական եկեղեցիներում ապրիլի 11-ի երեկոյան մատուցվելու է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը 5 տաղավար տոներից մեկն է։ Այն շարժական է։ Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո' երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մեծ քարով: Երեք օր հետո' կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք' Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը' թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության' Սբ.Զատկից սկսած հիսուն օրերը մինչև Հոգեգալուստ Հայ Առաքելական Եկեղեցում կոչվում են Հինունք կամ Հինանց շրջան՝ նվիրված Տիրոջ Հարության և Համբարձման խորհրդին: Այդ պատճառով ամբողջ շրջանը կոչվում է Տերունի: Հինունք անունը ծագում է հիսունքից: Հինանց շրջանն ավարտվում է Հոգեգալստյան տոնով (այս տարի՝ մայիսի 11-ին): Համաձայն եկեղեցու կանոնների' բոլոր հիսուն օրերն ուտիք են, այսինքն' այս շրջանում չկան պահոց օրեր և թույլատրելի են բոլոր կերակրատեսակները:

 

Այս խորագրի վերջին նյութերը