Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ Եվրոպական դատարանի «պատմական» վճիռն այլևս վերջնական է և անբեկանելի
2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով վճիռը, որով Ադրբեջանը պատասխանատու է ճանաչվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած և ևս մեկ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձ կատարած հանցագործի ազատ արձակման ու հերոսացման համար:
Այս վճռով Եվրոպական դատարանը ոչ միայն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) հոդվածով նախատեսված իր պարտավորությունները, այլ նաև փաստել, որ ատելության հողի վրա կատարված դաժան հանցանքների համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը և հերոսացումը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով: Արդյունքում, Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունն առաջին անգամ իր փաստագրումն է ստացել միջազգային դատական ակտով։
Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Եվրոպական դատարանը, քննարկելով Մեծ Պալատի կողմից այս վճռի վերանայման հնարավորությունը, բացառեց այն՝ կարևորելով վճռի դրույթների ուժի մեջ մտնելն ու դրանց կատարումը։ Դա նշանակում է, որ 2020 թվականի մայիսի 26-ին Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի դեմ կայացրած վճիռը ստացավ օրինական ուժ։
Վճռի կատարումը պահանջելու է, որ Ադրբեջանը պատժի սեփական մարդասպանին և դադարեցնի հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը:
Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ այս վճիռն այլևս վերջնական է, չի կարող բեկանվել կամ որևէ կերպ կասկածի տակ դրվել: Այն պարտադիր է բոլորի, այդ թվում՝ արտաքին քաղաքական դերակատարների համար։ Նման բովանդակությամբ միջազգային դատական ակտի առկայությունն ադրբեջանական ոտնձգություններից հայերի պաշտպանությունն ապահովող իրավական լուրջ երաշխիք է, որն ըստ էության բացառում է նաև Արցախի բնակչության անվտանգությունը կասկածի տակ դնող ցանկացած լուծում:
Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ Եվրոպական դատարանի «պատմական» վճիռն այլևս վերջնական է և անբեկանելի