Լրահոս

13.10.2020 10:31


Չզանգեց, լռեց հերոսաբար. վերջին հրաժեշտը՝ կապիտան Պետրոսյանին

Չզանգեց, լռեց հերոսաբար. վերջին հրաժեշտը՝ կապիտան Պետրոսյանին

Եռաբլուրը նռում էր ցավից... Հերթը բազմաթիվ շքանշանների արժանացած 43-ամյա կապիտան ԻՇԽԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆՆ էր, որ իր բաժին կռիվը տված` պիտի գնար ննջելու արցախյան նորօրյա պատերազմի մյուս հերոսների կողքին, որոնք Եռաբլրում արդեն մի քանի շարք են կազմում:

Բանակում որդու զոհվելուց ուղիղ 22 տարի անց «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հիմա էլ ճանապարհ էր դնում որդու պես սիրված փեսային: Թոռները` կապիտանի երկու դուստրերը դառնության ու արցունքների մեջ ողողված` հիշում էին հոր խոստումը. «Լավ տրամադրությամբ գնում ենք մարտի: Խոստանում եմ` հետ ենք գալու»:

Հուղարկավորության լացի ճիչերն ու լուռ հառաչանքները խախտվում էին Իշխանի մասին պատմություններով: Պատմում էին, որ պատերազմի առաջին օրերին տեղը չէր գտնում, ասում էր` ամաչում եմ, որ դեռ Երեւանում եմ: Հասավ նպատակին, գնաց ու կամավորագրվեց Արաբկիրի զինկոմիսարիատում եւ անմահացավ Ջաբրայիլի մարտերում: Զինվորական ընկերները շեշտում են, որ ինչպես իսկական հրամանատար, նա նետվել է իր ընկերներին օգնության եւ մինչեւ վերջին շունչը պայքարել` հանուն հայրենիքի պաշտպանության, որովհետեւ կռիվ էր տալիս թշնամու դեմ` «Ո՛չ մի քայլ հետ» կարգախոսով:

Քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ պատմում է, որ խնդրել էր կապիտանին իր անունն էլ գրել իրենց ջոկատում. «Խոստացավ, որ ինձ տանելու է իր հետ պատերազմ, տրամադրված էր, գիտեմ` չէր խաբում, բայց վերջին օրը որոշումը փոխեց: Ասել էր` երկար եմ մտածել, Անին աղջկաս տարիքին է, չեմ կարող տանել, ինչքան էլ շատ է ուզում, չեմ կարող: Բա որ մի բան պատահի հետը, ես ի՞նչ խղճով եմ ապրելու»:

Շատերն էին ասում, որ անասելի ցավոտ է Իշխան Պետրոսյանի մասին խոսել տխրությամբ, որովհետեւ նրա հումորն ուրիշ էր: Անգամ այդ ծանր մարտի օրերին իր կատակներով ու խոսքով դեռ մի բան էլ քաջալերում էր դուստրերին, թե` «Դուք չզանգեք, ես հետո Մեհրիբան Ալիեւայի համարով կզանգեմ»: Չզանգեց, լռեց հերոսաբար:

Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին, հաղթելու ենք...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Iravunk.com

Այս խորագրի վերջին նյութերը