Հրադադարը չի հաստատվում, քանզի Թուրքիան դժգոհ է մոսկովյան փաստաթղթից։ Դա է պատճառը, որ Ադրբեջանին քսի են տալիս Արցախի վրա։ Էրդողանն Ալիևի ձեռքերով խաղում է կրակի հետ և դառնում մահերի պատվիրատու։
Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանում խամաճիկային իշխանություն է և կառավարվում է Անկարայի կողմից։
Թուրքիան ուզում է մեր տարածաշրջանում «թաղ նայող» դառնալ ու կիսել այդ կարգավիճակը Ռուսաստանի հետ։ Ինչպես որ դա անում է Սիրիայում ու մասամբ՝ Լիբիայում։
Ռուսները հասկացնում են, որ այստեղ «ասողը» միայն իրենք են և թույլ չեն տա Թուրքիային քիթը խոթել պաշտոնապես (ոչ պաշտոնապես Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան ու կռվում է Արցախի դեմ)։ Առայժմ հայտարարությունների ու նյարդերի պայքար է գնում։ Մոսկվան ու Անկարան ատամներ են ցույց տալիս։ Այդ ընթացքում մերոնք մարտի դաշտում իրենց կյանքի ու առողջության գնով փորձում են գոնե չթուլացնել հայկական դիրքերը դիվանագիտական դաշտում և այլոց «ռազբորկաներում»։
Բանակն իր գործն անում է ուժերի գերլարումով։ Գնդակը քաղաքական ղեկավարության դաշտում է։Մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի թշնամուն հրադադար պարտադրելը, թիվ մեկ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ճիշտ աշխատելը և Հայաստանն ու Արցախը Սիրիայի չվերածելը։ Այլ կերպ ասած՝ խելք, միտք, կամք, կոմպետենտություն, աշխատասիրություն և համառություն է պահանջվում։ Եվ այդ ամենը՝ լուռ, առանց էժանագին փիառի և հավասարակշռված վարքագծով։
Խուսափել սիրիական սցենարից