Լրահոս

12.10.2020 19:44


Ադրբեջանը խախտում է մարդասիրական հրադադարը, որովհետև նրանց պետք չեն իրենց զինծառայողների դիերը, դրանց հանձնումը ծնողներին ավելի կսրի իրավիճակը երկրի ներսում․ Անժելա Էլիբեգովա (տեսանյութ)

Ադրբեջանը խախտում է մարդասիրական հրադադարը, որովհետև նրանց պետք չեն իրենց զինծառայողների դիերը, դրանց հանձնումը ծնողներին ավելի կսրի իրավիճակը երկրի ներսում․ Անժելա Էլիբեգովա (տեսանյութ)

Ադրբեջանը խախտում է մարդասիրական հրադադարը, որովհետև նրանց պետք չեն իրենց զինծառայողների դիերը։ Մարդիկ կսկսեն անհարմար հարցեր տալ Ադրբեջանի իշխանություններին, ավելի հեշտ կլինի զոհերին հայտարարել անհետ կորած կամ գերի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։

«Ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանը չի պահելու հրադադարը, որովհետև այն հումանիտար բնույթ պետք է կրեր, որպեսզի կողմերը կարողանան դիերը դուրս հանել մարտադաշտից։ Իսկ Ադրբեջանին այդ դիերը պետք չեն, որովհետև ավելի հեշտ կլինի նրանց հայտարարել անհետ կորած կամ գերի, որ ծնողների մոտ չբարձրանա բողոքի ալիք Ադրբեջանի ներսում։ Հետևաբար, ավելի հեշտ է չկազմակերպել այդ դուրսբերման պրոցեսը և թողնել իրենց՝ և’ զինվորականների, և’ ահաբեկիչների դիերը, որոնք առհասարակ ոչ մեկի պետք չեն»,-նշեց նա։

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանի կողմից հրադադարի պայմանավորվածությունը խախտելու երկրորդ պատճառը նոր հարձակումների, նոր սադրանքների դիմելն էր․ «Որովհետև երբ Իլհամ Ալիևը նախապես վիրտուալ տարածքներ է ազատագրում, նա պահանջում է նաև, որ իր բանակը՝ զինվորների կյանքի գնով իր վիրտուալ հաղթանակը ինչ-որ կերպ ամրապնդի։ Երբ որևէ կերպ դա չի ստացվում, ավելի ուժգին հարձակումների առիթ է դառնում»,-ասաց Անժելա Էլիբեգովան։

Մոսկվայում ՌԴ միջնորդությամբ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելով` փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանը ՌԴ-ին ազդակը հղեց, որ փաստացի չեն ենթարկվում և հուսալի գործընկեր չեն բանակցային գործընթացում։ Ըստ նրա՝ Ադրբեջանի գործողությունների առումով Ռուսաստանն իր հետևությունները պետք է անի։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից հետո Ադրբեջանը չի հայտարարել ո՛չ իր զոհերի, ո՛չ վիրավորների թիվը, իսկ համացանցը երկրում անջատված է։

«Ադրբեջանում տեղեկատվական սով է, և դա էլ է ստեղծում վախի մթնոլորտ երկրի ներսում։ Մարդիկ ունեն ինֆորմացիայի պակաս, ինչի հետևանքով նաև սրվում են իրենց վախերը։ Եվ դրսում ապրող Ադրբեջանցիները, ինչպես նաև մի քիչ ավելի կրիտիկական մտածողություն ունեցող հատվածը, որը ցավոք սրտի փոքր է, հարցեր է փորձում հնչեցնել ղեկավարությանը՝ ինչու եք թաքցնում զոհերի թիվը, երկրորդ՝ ինչու թույլ չեք տալիս առաջնագծում բնակվող մարդկանց գալ դեպի մայրաքաղաք, ավելի ապահով վայրեր»,-նշեց Անժելա Էլիբեգովան։

Ադրբեջանից նաև տեղեկություններ են գալիս, որ ներքին զորքերը զինված սպասում են հասունացող բողոքի ալիքին։ Ադրբեջանի հարցերով փորձագետը վստահ է՝ բողոքի ակցիաների փորձեր կլինեն, բայց կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունները բավականին կոշտ են արձագանքելու։

«Դա բնական է, Ադրբեջանում ռեպրեսիվ ապարատը արդեն սկսում է գործել, որովհետև մարդիկ սկսում են տալ անհարմար հարցեր, որոնց պատասխանը իշխանությունն իրենց պատրաստ չէ տալ։ Որպես հետևանք դա հիմա պետք է ճնշվի։ Այդ պատրվակով ընդդիմադիրներ են ձերբակալվելու, ճնշումներ են սկսվելու այն քաղաքացիների նկատմամբ, որոնք կփորձեն դուրս գալ փողոց։ Իսկ Ալիևը փորձելու է քարոզչական միֆերով հնարավորինս բտել հանրությանը, այդ ապատեղակատվությունը հաղթանակների մասին ահագնանալու է պատերազմից հետո, որպեսզի զոհերին կարողանան հանրության մեջ ինչ-որ կերպ արդարացնել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը