Թշնամին, հանուն «սելֆի» անելու, պատրաստ է զոհել իր լավագույն ստորաբաժանումները
Երեկ 12:00 պետք է ուժի մեջ մտներ հրադադարը։ Թշնամին, բնականաբար, փորձեց նրան նախորդող ժամերին հնարավոր առավելություն ստանալ, հարվածելով մեր դիրքերին ու ռազմական տեխնիկային, թեև հիմնականում ամենուրեք կոշտ հակահարված ստացավ՝ մենք արդեն գիտենք "թուրքի խաղաղասիրության" մասին, ու նրա կեղծ խոստումներին չենք տրվում։
Թշնամու մի գործողություն, սակայն, հատուկ ուշադրության է արժանի։ Հրադադարին նախորդ օրը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խրոխտ հայտարարել էր, որ իր բանակը "ազատագրել է" Հադրութը։ Քանի որ Հադրութը իրականում գտնվում է ճակատի գծից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա, և մինչ այդ նրան մոտենալու թշնամու հիմնական ուժերի փորձերը ձախողվել էին, այս աբսուրդ հայտարարությունը ամրագրելու համար, թշնամին գիշերով անտառներով Հադրութ էր ուղարկել իր սպեցնազի էլիտար ստորաբաժանումը։ Այն առավոտյան մտել էր Հադրութ, և փորձել գրավել քաղաքապետարանի շենքը՝ նրա վրա սեփական դրոշը ցցելու և հպարտ սելֆի անելու համար։ Սակայն այստեղ այս "էլիտար" հրոսակախումբը բախվել էր տեղի երկու տասնյակ կամավորականների համառ դիմադրությանը, որոնք պաշտպանել էին քաղաքապետարանի շենքը, թույլ չէին տվել այն գրավել, և դիմացել էին այնքան, մինչև բանակի հիմնական ստորաբաժանումները մոտեցել էին Հադրութին, և շրջափակման մեջ վերցրել դիվերսանտներին։
Շուտով հայտնի կդառնա, թե ինչով է վերջացել այս օպերացիան՝ իմ տեղեկություններով, դիվերսանտները մեծ կորուստներ կրելով, նահանջել են Հադրութից, և հետապնդվում են մեր ուժերի կողմից։ Մեզ մնում է միայն արձանագրել, որ թշնամին հանուն "սելֆի" անելու, պատրաստ է զոհել իր լավագույն ստորաբաժանումները, առանց խելամիտ մարտական արդյունքի հասնելու։ Նաև, մեր խորին ակնածանքը և երախտիքը հայտնել մեր այն հերոս մարտիկներին, որոնք կասեցրել, և այնուհետև լիկվիդացրել են թշնամու "էլիտար" հրոսակը՝ նրանցից մեկը պատկերված է կից նկարում։ Բոլորիդ բարի լույս, հաղթելու անկոտրում վճռականությամբ։
Թշնամին, հանուն «սելֆի» անելու, պատրաստ է զոհել իր լավագույն ստորաբաժանումները