Մեկնաբանություն

10.10.2020 01:07


Իշխանությունների մասին կա՛մ լավ, կա՛մ ոչի՞նչ

Իշխանությունների մասին կա՛մ լավ, կա՛մ ոչի՞նչ

Կորոնավիրուսի դեմ «պատերազմն» իշխանություններին պատեհ առիթ ընձեռեց` արտակարգ դրության անվան տակ արգելելու քաղաքական «շեշտ» պարունակող ցանկացած բողոքի գործողություն, անգամ` «միայնակ» ակցիա։ Առերևույթ ապաքաղաքական հավաքների վրա այդ արգելքը, որպես կանոն, չէր տարածվում. վկա` բարձր միավորներով ԲՈՒՀ-երից դուրս մնացած դիմորդների, նրանց հարազատների, աջակիցների բողոքի ցույցերը, որ, չնայած կորոնավարակի սպառնալիքին, չէին արժանանում իրավապահների կոշտ հակազդեցությանը, մինչդեռ ԱԺ-ի մոտ «հպարտ մենության մեջ» խաղաղ հավաքների մասնակցելու քաղաքացու իրավունքը պաշտպանող իրավապաշտպանը բերման էր ենթարկում` իբր, ոստիկանների պահանջը չկատարելու համար։

Հետո արտակարգ դրությունն իբր հանվեց` փոխարինվեց «կարանտինով», բայց «կարանտինի» կանոնները խախտելու համար այնպիսի «դրակոնային» տուգանքներ սահմանվեցին, որոնց համեմատ արտակարգ դրության սահմանափակումները մանկական խաղեր էին։

Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ հայտարարված ռազմական դրությունն էլ, որի իրավաչափությունը, նկատենք, որևէ մեկը չի վիճարկում, լրացրեց պակասը` կոշտ գրաքննություն սահմանող մի օրինագիծ բերել Ազգային ժողով, որով ոչ միայն արգելվում են պետական պաշտոնյաների և նույնիսկ տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուների հասցեին քննադատություն պարունակող կամ նրանց կողմից ընդունված որոշումները կասկածի տակ դնող գրառումները, հայտարությունները, ելույթները, որոնք «կարող են խուճապ առաջացնել» հասարակության մեջ, այլև դրանց համար քրեական պատասխանատվություն է սահմանվում։

Ինչպես պարզաբանել է արդարադատության երիտնախարար Բադասյանը, օրինակ` քննադատական գրառումները (ելույթները, հայտարարությունները), թե իշխանությունները լավը չեն, պետք է հեռանան, նույնպես «կարող են խուճապ առաջացնելու տրամադրություններ առաջացնել»։ Ո՞ւր մնացին նույն Բադասյանի ԱԺ ամբիոնից նախորդիվ արած հավաստիացումները, թե «արարքը» կարող է քրեորեն պատժելի համարվել, եթե կոնկրետ հետևանքներ է առաջացրել` ազգային անվտանգության տեսանկյունից, ո՞վ և ինչպե՞ս, «չափման» ի՞նչ միավորով է գնահատելու այդ հետևանքները, սատանան գիտի, մեկ էլ օրինագծի հեղինակներն ու պատվիրատուները։

Ընդհանրապես` շատ դժվար է ասել, իշխանությունների լավը չլինելու կամ վատը լինելու մասին խոսակցությունները, նրանց հեռացնելու կոչերը խուճապ և իրարանցում առաջացնո՞ւմ են հասարակության մեջ, թեև ոչ այնքան, բայց որ նույն իշխանական շրջանակներում միանգամայն կարող են խուճապային տրամադրություններ ստեղծել, կարելի է չկասկածել։

Եվ ուրեմն, ճիշտ կլիներ իրերն իրենց անուններով կոչել` սևով սպիտակի վրա գրել, որ օրենսդրական այդ փոփոխությունը տարածվում է բացառապես այն գրառումների (հայտարարությունների, ելույթների) վրա, որոնք կարող են խուճապ առաջացնել պաշտոնատար անձանց շրջանում, անկախ նրանից` որևէ հետևանք, սպառնալիք ստեղծե՞լ են անվտանգային մարտահրավերների առումով, թե՞ ոչ։

Այդպես գոնե ավելի ազնիվ կլիներ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը