Կարծիք

09.10.2020 18:15


Լեզուն ոսկոր չունի, բայց էպիթելային հյուսվածքնե՞ր էլ չունի

Լեզուն ոսկոր չունի, բայց էպիթելային հյուսվածքնե՞ր էլ չունի
Հուսով եմ, հասարակությունը խուճապի չի մատնվի, եթե ասեմ, որ ԱԺ փոխխոսնակ աշխատող Ալեն Սիմոնյանը, մեղմ ասած, յուղ է վառում կամ առնվազն ջուր է պղտորում` պնդելով. «Հայ ժողովուրդը պետք է միայն ուրախ լինի, որ Ալիևի համար Փաշինյանը հարմար բանակցող չէ, քանի որ Փաշինյանը ներկայացնելու է հայ ժողովրդի շահերը և հայ ժողովրդի հարմարավետությունը»։
Գուցե ինքը մոռացել է կամ չի նկատել, բայց մենք հո լավ գիտենք, որ Ալիևն ավելի քան երկու տարի շա՜տ մեծ հույսեր, գույնզգույն ակնկալիքներ ուներ Փաշինյանի հետ փակ դռների հետևում անցկացվող կոնֆիդենցիալ բանակցություններիից, և չէր թաքցնում, որ բավարարված է «թեթ ա թեթ» շփումների բովանդակությամբ։ Ադրբեջանական մամուլն էլ այնքա՜ն հիացած էր բանակցային գործընթացում Ադրբեջանի առաջ բացված «նոր» հորիզոններով, որ ավելի շատ Փաշինյանի անունն էր հոլովում, քան «սեփական» բռնապետի։
Փաշինյանն իր հերթին առիթը չէր կորցնում` գովելու «կիրթ» Ալիևին։ Ընդհուպ ԱԺ ամբիոնից ի լուր աշխարհի հայտարարում էր, որ Ալիևը շատ հարմար զրուցակից է, շատ կառուցողական է տրամադրված, անկեղծորեն ուզում է լուծել խնդիրը, և թո՛ղ որևէ մեկը չհամարձակվի իրենից հաշիվ պահանջել` ինչ է քննարկում «ադրբեջանցի գործընկերոջ հետ»` ինքը ինչ պետք է, այն էլ բանակցում է։ Անընդհատ կրկնում էր, և անգամ այս օրերին, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը բառացիորեն ավերում է Արցախ աշխարհը, սպանում մեր զինվորներին ու խաղաղ բնակիչներին, հայտարարում է` «ես Հայաստանի միակ ղեկավարն եմ, որը ասում է` ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար»։
Եվ միայն այն բանից հետո, երբ դանակը ոսկորին հասավ`Ադրբեջանը, Արցախի դեմ սադրանքները քիչ համարելով` ագրեսիա սկսեց Տավուշի ուղղությամբ, հասկացավ, որ Ալիևն այնքան էլ կառուցողական չէ, այնքան էլ հակված չէ խաղաղ ճանապարհով լուծելու Արցախի հարցը։ Եվ հենց այդ պահից էլ դարձավ Ադրբեջանի սուլթանի աչքի գրողը։
Իսկ թե երկրորդ և երրորդ նախագահները որքանով «հարմար» բանակցող էին Ալիևի համար, ինչպես բարեհաճել է նկատել փոխխոսնակ Ալենը (առաջին նախագահի մասին ընդհանրապես խոսք չկա, կարծես նա՛ չէր Արցախի փուլային հանձնման տարբերակի ջատագովը, որի կարոտախտով մինչև հիմա տվայտվում է Ադրբեջանի քաղաքական, ռազմաքաղաքական և քաղաքագիտական վերնախավը), որոնք իբր պատրաստ են եղել միակողմանի «տարածքային) զիջումների, մենք չէ, որ պիտի ասենք։
Այդ մասին լավագույնս «ասել» է ինքը` «կառուցողականից» բիրդան պատերազմի հանցագործ դարձած Ալիևը` անվերջ բողոքելով Մինսկի խմբի ձևաչափից, փորձելով հարցը տեղափոխել այլ ատյաններ, լացուկոծ անելով, թե Մինսկի խմբի համանախագահները պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։
Հասկացանք`լեզուն ոսկոր չունի, բայց գոնե էպիթելային հյուսվածքներ էլ չունի՞...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը