Մեկնաբանություն

08.10.2020 17:00


Փաստորեն, մի ճակատը մեզ քիչ էր

Փաստորեն, մի ճակատը մեզ քիչ էր

Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված «պաշտոնական հաղորդագրությունը» առաջնագծի «տարբեր հատվածներում» «ինչ-որ մարդկանց» կողմից խուճապային տրամադրություններ տարածելու, զինվորներին դասալքության մղելու վերաբերյալ հնարավոր չէ այլ կերպ գնահատել, քան ռազմաճակատին զուգահեռ Հայաստանում և Արցախում երկրորդ` ներքին ճակատ ստեղծելու փորձ։

Մարդը հոգնել է վիրտուալ տարածքում մեկ ճակատով` թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ «կռվելուց» ու վերադարձել է «ելման դիրքերը»` չստուգված լուրեր, հիմնավոր փաստերով չամրապնդված անանուն մեղադրանքներ տիրաժավորելու, հանրության մեջ փոխադարձ անվստահություն, կասկածամտություն, երկպառակտություն սերմանելու դաշտ, որտեղ իրեն զգում է, ինչպես ձուկը ջրում։

Երևի հիասթափված է, որ ընդդիմությունը չի անում այն, ինչով, իր պատկերացմամբ, պիտի զբաղված լիներ ռազմական գործողությունների վերսկվելու առաջին րոպեներից. փորձեր թիկունքից հարվածել առաջնագծում թշնամու դեմ կենաց-մահվան կռիվ տվող զինվորին, պատերազմի «պայմանավորված», անհեռանկար, անիմաստ, արյան գնով հայրենիքը պաշտպանող նահատակված մեր տղաների «հանուն ոչնչի» զոհվելու վերաբերյալ կեղծ լուրեր տարածեր, ու որոշել է լրացնել այդ «աններելի» բացը` անձա՛մբ ձեռնամուխ լինել «դավաճանության» մասին սուտուփութ պատմություններով թիկունքը ջլատելու «աստվածահաճո» գործին։

Հակառակ դեպքում ինչո՞ւ պիտի, իրադարձություններից առաջ ընկնելով` ի լուր աշխարհի ազդարարեր, թե բա` «մի քանի օր առաջ» ահազանգ եմ ստացել, որ ինչ-որ մարդիկ կռվող զինվորներին համոզում են, թե «Նիկոլը հողերը ծախել է, սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»։ «Ըստ որոշ տեղեկությունների», նույնիսկ հրամայելով` «ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն»։ Լավ է, չի ասում` ավտոմատը պահել են ճակատներին ու պահանջել «թողնել դիրքերը»։

Եթե այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցված, որ պետք է պարզի` «վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին», ու որևէ կոնկրետ վարկած դեռ առաջ չի քաշվել` «քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռեւս շատ բան պարզված չէ», հարցնող լինի. պարո՛ն գլխավոր խմբագիր, ինչո՞ւ ես ընդամենը ենթադրությունների, «օդում կախված լուրերի» հիման վրա հեռուն գնացող հայտարարություններ անում։ Ո՞ւմ ես ինչ հասկացնում`աշխարհով մեկ ահազանգում, թե մեր շարքերում կան դավաճաններ, որոնք օր առաջ «պետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության կանչվեն»։ Ոչ մի անուն, ոչ մի հաստատված փաստ չնշելով` ինչո՞ւ ես հիմա էլ «դավաճանության» ցեցը գցում առանց այն էլ մինչև նյարդերի ծայրը պրկված, լարված մեր հասարակության մեջ։

Էդ «որոշ տեղեկությունները» տրամադրած նույն ԱԱԾ-ն չէ՞ր (որին ամիսներ առաջ հանձնարարել էիր տեղորոշել «սևազգեստ մարդկանց խմբերին», ապա` «գտնել սատանային ու նրա հետ համագործակցող շրջանակներին», հիմա էլ` տեղորոշել և վնասազերծել ենթադրյալ դավաճաններին ու մաքրել «մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը համանման տարրերից»), որ պատերազմի երկրորդ, թե երրորդ օրը, երբ նախկին բարձրաստիճան զինվորականները «հատ-հատ» մեկնում էին Ստեփանակերտ` միանալու ընդհանուր գործին, անանուն մի հայտարարություն տարածեց մի «նախկին բարձրաստիճան զինվորականի» մասին, որը իբր լրտեսություն էր արել թշնամու օգտին` կասկածի ստվեր գցելով բոլոր նախկին բարձրաստիճան զինվորականների վրա։

Սա էլ, ահավասիկ, նույն շղթայի հերթական օղակն է, որի ակունքները, նպատակները, դեռ պետք է պարզել։ Հասկանալ` ինչո՞ւ «գլխավոր հրամանատարի», մեղմ ասած, անպատասխանատու գրառումից ընդամենը երկու ժամ անց ԱԱԾ տխրահռչակ տնօրենը` համակարգի հետ զրո առնչություն ունեցող դրսից ներդրված Արգիշտի Քյարամյանը, պաշտոնանկ արվեց, ինչո՞վ էր պայմանավորված այդ պաշտոնանկությունը և ի՞նչ կապ ուներ ֆեյսբուքյան հիշյալ գրառման հետ, ո՞վ է ում մոլորեցրել` ԱԱԾ այլևս նախկին տնօրե՞նը`վարչապետին, վարչապե՞տը` հանրությանը, թե՞ երկուսը միասին։

Եվ, ի վերջո, ինչի՞ համար է շրջանառության մեջ դրվել ակնհայտորեն քայքայիչ «պոտենցիալ» ունեցող այդ թեզը, ի՞նչ նպատակով. մեզ վատ լուրերի՞ են նախապատրաստում` այս կամ այն ռազմավարական բարձունքը, Աստված մի արասցե` բնակավայրը կորցնելու վերաբերյալ հրապարակումների տեսքով, փորձում են քավության նոխազնե՞ր գտնել, որոնց վրա կարելի է «սաղացնել» անհաջողությունները, թե՞ սովորություն է`այլ կերպ չեն կարող, կարոտել են ներսում թշնամիներ փնտրելու, բարիկադներ, բաժանարար գծեր դնելու գործելակերպին, որից ստիպված էին ժամանակավորապես հրաժարվել իրենցից չկախված «անկնխատեսելի հանգամանքների» պատճառով»...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը