Մեկնաբանություն

07.10.2020 18:15


ՌԴ նախագահ Պուտինը նաև անհատապես կրկնեց պատերազմը դադարեցնելու կոչը

ՌԴ նախագահ Պուտինը նաև անհատապես կրկնեց պատերազմը դադարեցնելու կոչը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես հայտնի է, այսօր արդեն անհատապես, կրկնեց ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կոլեգաների հետ արած կոչը՝ Արցախի դեմ ծավալված պատերազմական գործողությունները հնարավորինս արագ դադարեցնելու վերաբերյալ:

Նա, նկատելով, որ և՛ Ադրբեջանում, և՛ Լեռնային Ղարաբաղում, և՛ Հայաստանում ապրում են Ռուսաստանի համար «ոչ օտար մարդիկ»՝ հավելեց, որ դա, իհարկե, խոշոր ողբերգություն է, որ մեծ կորուստներ կան, և հույս հայտնեց, որ ամենամոտ ժամանակներս այդ հակամարտությունը կդադարեցվի:

Ռուսաստանի նախագահի այսօրվա հայտարարությունը հետաքրքրական է մի քանի առումներով:

Նախ, մինչև այս Ռուսաստանը, որ շատ փորձագետների կարծիքով առավել մեծ հնարավորությունն ունի իրավիճակի վրա կոնկրետ ներազդելու տեսանկյունից, հանդես էր գալիս ԱԳ նախարարի, նախագահի խոսնակի միջոցով արվող հայտարարություններով՝ գումարած արդեն հիշատակված ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը: Սակայն այս անգամ, ի լրումն նախորդած կոչերի ու հայտարարությունների, Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ համարեց նաև անհատապես հայտարարություն անել: Ընդորում՝ առանձին շեշտելով «Լեռնային Ղարաբաղը», այսինքն՝ որպես առանձին սուբյեկտ դիտարկելով Արցախը։

Շատ հեռուն գնացող ենթադրություններ չանենք, բայց դա նախ, վկայում է իրավիճակով պայմանավորված լուրջ անհանգստությամբ: Հնարավոր է, դա նաև իրավիճակին միջամտելու ավելի որոշակի ակնարկ է, քան մինչ այժմ եղածները:

Ի վերջո, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և, որպես այդպիսին, ունի որոշակի պայմանագրային պարտավորություններ: Այո՛, այդ պարտավորությունները վերաբերում են հիմնականում ուղղակիորեն Հայաստանի Հանրապետության վրա թշնամական հարձակմանը, բայց բոլորին էլ հասկանալի է, որ Արցախին ուղղված թուրք-ադրբեջանական հարվածի առանցքային նպատակներից մեկը հենց ամբողջ Հայաստանը «շարքից հանելն» է՝ դրանից բխող հետևություններով:

Իսկ հետևություններից առաջինն այն է, որ հապաղել այլևս չի կարելի, ավելին՝ հապաղումը կարող է շատ ավելի լուրջ խնդիրներ առաջ բերել:

Բավարար հիմքեր կան կարծելու, որ հայ-ռուսական հարաբերությունների, առաջին հերթին Ռուսաստանից ունեցած ակնկալիքների և Ռուսաստանի հնարավորինս ակտիվ ներգրավման վերաբերյալ այս իրողություններն են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Հայաստանում Ռուսաստանի դեսպանի նախօրեի հանդիպման ժամանակ: Ուշագրավ է, որ այդ հանդիպմանը հաջորդեց Պուտինի անմիջական ու ակտիվ միջնորդությունը, որը մինչև այդ էլ կար, բայց այսօր նոր դրսևորում ստացավ։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը