Քաղաքական

21.04.2011 11:00


Լ. Զուրաբյան. «Մենք համարում ենք, որ մարտի 1-ի զոհերի բացահայտման պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացման մեր պահանջը կատարված է»

Լ. Զուրաբյան. «Մենք համարում ենք, որ մարտի 1-ի զոհերի բացահայտման պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացման մեր պահանջը կատարված է»

2011թ. ապրիլի 8–ի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարել էր.

«Մենք ակնկալում ենք, որ մինչև հաջորդ հանրահավաքը, որ կկայանա ապրիլի 28-ին, հանուն երկխոսության մեր կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը և մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը, կատարված պետք է լինեն։ Եթե դա տեղի չունենա, ապա Հայ Ազգային Կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Մենք դեռեւս հակված չենք իշխանության հետ վերջնագրի լեզվով խոսելու, բայց ժողովրդի համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր»։

Արդեն ապրլի 20–ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դատաիրավական բարեփոխումների առանձին հարցերի վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել և հայտարարել.

«Բազմիցս ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները շատ են և, առաջին հերթին, խոսքս վերաբերում է մարտի մեկի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ և ընդգծված ակտիվացում` նշված դեպքերի բացահայտման հարցում: Ես գիտեմ բոլոր խնդիրներն ու օբյեկտիվ պրոբլեմները, որ ունեցել ենք մենք բոլորս, նկատի ունեմ՝ իրավապահ մարմինները: Երևի ինձնից լավ որևէ մեկը տեղյակ չէ այդ պրոբլեմներին: Բայց պետք է մեկ անգամ ևս շեշտեմ, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է և՛ մեր պետության, և՛ մեր հասարակության, և՛ նաև տարբեր շահարկումներից խուսափելու համար: Սա էլ է էական հանգամանք: Անձնապես ինձ համար սա շատ կարևոր հարց է, և ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որևէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Արդեն տևական ժամանակ է անցել, միգուցե, մարդիկ կան, ովքեր ականատես են եղել և այն ժամանակ չէին ուզում համագործակցել իրավապահ մարմինների հետ, իսկ հիմա այլ մոտեցումներ ունեն: Սա էլ է շատ հնարավոր»։

Այսօր առավոտյան «7օր»–ը կապ է հաստատել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի, Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի և ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հետ, որպեսզի պարզի՝ արդյո՞ք կարելի է համարել, որ Լևոն Տեր–Պետրոսյանի առաջարկած ՀԱԿ–իշխանություն երկխոսությունն արդեն սկսված է կամ առաջիկայում կսկսվի, քանի որ իշխանությունները, ըստ էության, նրանց 3 պահանջները կատարում են՝ քաղբանտարկյալներն ազատ են արձակվում, Ազատության հրապարակում ՀԱԿ–ը հանրահավաքներ է անցկացնում, իսկ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը Սերժ Սարգսյանը երեկ տվեց։ ՀԱԿ այդ երեք անդամները, սակայն, առաջարկել են ավելի ուշ զանգահարել։

Փոխարենը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի հետ զրույցում մեկնաբանել է Սերժ Սարգսյանի հայտարարությունը և ասել.

«Մենք համարում ենք, որ մարտի 1-ի տասը զոհերի բացահայտման պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացման մեր պահանջը կատարված է»:

Այսինքն, ապրիլի 28-ը «վերջնական ջրբաժանի օր» չի՞ լինի, հետաքրքրվել է օրաթերթի թղթակիցը:

«Մենք հստակ հայտարարել ենք, որ ապրիլի 28-ն պետք է երեք պահանջը կատարված լինի, որպեսզի երկխոսության սկզբնավորման հիմք դրվի», – ասել է Լևոն Զուրաբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը