Մեկնաբանություն

07.10.2020 00:36


Շրջանակներ կան, որ մեկ ասում են՝ «Ռուսաստանը մեզ պետք չի», մեկ էլ վրդովվում են, թե՝ «ո՞ւր է Ռուսաստանը, ինչի՞ չի խառնվում»

Շրջանակներ կան, որ մեկ ասում են՝ «Ռուսաստանը մեզ պետք չի», մեկ էլ վրդովվում են, թե՝ «ո՞ւր է Ռուսաստանը, ինչի՞ չի խառնվում»

Այն, որ կան որոշակի շրջանակներ, որոնք երկար ու ձիգ տարիներ հետևողականորեն հանդես են եկել հայ-ռուսական, ավելի ճիշտ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերույթունների և դրանց սերտացման դեմ, գաղտնիք չէ: Եվ այդ շրջանակների մի շարք ներկայացուցիչներ էլ անհայտ չեն:

Ավելին, ոչ վաղ անցյալում մի շարք գործիչներ հրապարակավ հանդես են եկել ՀՀ-Ռուսաստան հարաբերությունների սերտացման, ռազմաքաղաքական համագործակցույթան դեմ, ՀԱՊԿ-ին, ապա ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դեմ դիրքորոշումներով: Նաև՝ բավականին կոշտ դիրքորոշումներով: Հարցն այն է, որ հանգամանքների բերմամբ ու ասես՝ ճակատագրի հեգնանքով, նման դիրքորոշում ունեցողների մի շարք նկատելի ներկայացուցիչներ այժմ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն են ներկայացնում, ամեն պարագայում իշխանության կազմում են, ոմանք՝ մոտակայքում:

Ինչ վերաբերում է ակնարկված շրջանակներին, ապա նրանց սնուցման աղբյուրներն էլ անհայտ չեն՝ սնուցողների կամ սնուցողների պատվիրատուների նպատակադրումներով հանդերձ:

Անկախ նշված շրջանակներից ու նաև ոչ վաղ անցյալում քաղաքական ու քարոզչական հարթակներում հայ-ռուսական հարաբերությունների դեմ արտահայտվողներից՝ կան նաև հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, որ կա՛մ այդ քորզչության «տակ են մնացել», կա՛մ դեռ «սովետմիության» դեմ են պայքարում: Կան, իհարկե, նաև առանձին անհատներ, որ ուղղակի նման տեսակետ ունեն այդ հարցում, ինչն, իհարկե, իրենց իրավունքն է, և դա նորմալ է՝ բազմակարծության ու խոսքի ազատության պայմաններում:

Բայց այլ այլ բան է հետաքրքիր: Ավելի ճիշտ՝ հետաքրքիր են այլ բաներ:

Օրինակ, հետաքրքիր է, որ շատերը նրանցից, ովքեր մինչ այս ինչ ասես որ չէին ասում Ռուսաստանի, հայ-ռուսական հարաբերույթունների դեմ, անգամ սեփական հայրենակիցներին «նախշում» էին՝ «ռուսուլման» անվանելով, այս օրերին ինտենսիվ մուննաթ են գալիս, կներեք, վրդովվում են, թե՝ «բա ո՞ւր է Ռուսաստանը, ինչի՞ չի միջամտում (վարկածներ՝ հասնում օգնության, հարվածում Թուրքիային... և այլն, և այլն):

Նման դրսևորումների հանդիպելով՝ ցանկանում ես հարցնել՝ դուք վերջապես կողմնորոշվե՞լ եք, թե ումից ինչ եք սպասում: Եթե ձեր մոտեցումը այպանելն է (չասենք՝ հայհոյելը), ապա էլ ինչո՞ւ կամ ինչի՞ց եք վրդովվում:

Նկատվում է նաև մեկ այլ դրսևորում. ոմանք շարունակում են այպանել (չասենք՝ հայհոյել) Ռուսաստանի ղեկավարությանը, առհասարակ՝ հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված բացասական են արտահայտվում՝ մոռանալով, որ գերազանցապես ռուսական արտադրության են զենքը, սպառազինությունը, ռազմամթերքը, որոնցով Հայոց բանակը հերոսաբար դիմակայում և ուժգին հարվածում է թուրք-ադրբեջանական տանդեմի զինուժին: Ավելին, այդ սպառազինությունը, ռազմամթերքը, զենքը ոչ միայն ռուսական արտադրության են, այլև ձեռք են բերվել Ռուսաստանից հենց այն «սերտ հարաբերությունների»՝ երկկողմ պայմանագրերի, ՀԱՊԿ-ի անդամակցության նաև առնչությամբ, որոնք այդ շրջանակներն ինքնամոռաց «քլնգում» էին: Ի դեպ, հայտնի է, որ հիմնականում ձեռք են բերվել Ռուսաստանի, այսպես ասենք՝ «ներքին գներով», մի խոսքով՝ ձեռնտու պայմաններով:

Առավել ևս հետաքրքիր է դիտարկել այս օրերին հայ-ռուսական հարաբերությունների դեմ արվող արտահայտություններ կամ նման տրամադրություններ խթանելուն միտված ինչ-ինչ դրսևորումներ այն դեպքում, երբ նույնիսկ մի քանի՝ ակնհայտ հակառուսական «գիծ» ունեցողներ գոնե այնքանը գիտակցում ու հասկանում են կամ հասկացել են, որ իրավիճակի վրա կոնկրետ ազդեցության ինչ-որ իրական հնարավորություն, ըստ էության ունի Ռուսաստանը:

Մեծ հաշվով, և դա առաջին անգամ չէ, որ նկատում ենք, մանավանդ՝ թշնամական ագրեսիային դիմակայելու այս օրերին, այս իրավիճակում հայ-ռուսական հարաբերությունների դեմ դուրս գալը նշանակում է՝ ջուր լցնել թշնամու ջրաղացին: Անել մի բան, ինչը ձեռնտու է թշնամուն և նրա զուգահեռ նպատակադրումներից մեկն է՝ Հայաստանի ու հայության դեմ ունեցած նենգ ծրագրերում: Ռազմական դրության պայմաններում, առհասարակ, նման դրսևորումները պետք է որ կոնկրետ գնահատականի արժանանան:

Ավելին, հայ-ռուսական հարաբերությունների դեմ արտահայտվողները գործնականում «մոռանում» են, որ ամեն դեպքում, Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունները, Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը Թուրքիայի ուղիղ ագրեսիան զսպող կոնկրետ գործոններ են:

Ի դեպ, այն գործոնները, որոնք նաև որոշակի անվտանգության «հովանոց» են ապահովում Հայաստանի համար՝ Թուրքիայի կողմից ուղիղ հրթիռային (և այլ օդային) հարձակման դեպքում, հասկանալի է, ՀՀ ԶՈՒ ՀՕՊ-ի հետ համատեղ ու համաձայնեցված: Շատ հետաքրքիր է, իհարկե, նստել այդ «հովանոցի» տակ ու... հայհոյել այն բռնողներից մեկին:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը