Մեկնաբանություն

06.10.2020 17:25


Ի՜նչ կաթսա, ի՜նչ թավա... դաժան պատերա՛զմ է, սա ձեզ ֆլեշ-մոբի տեղ ու թեմա չէ

Ի՜նչ կաթսա, ի՜նչ թավա... դաժան պատերա՛զմ է, սա ձեզ ֆլեշ-մոբի տեղ ու թեմա չէ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ վարչության անդամ Զարուհի Բաթոյանի՝ նախօրեի «կաթսայա-ֆլեշմոբային» գրառումը շատերին հունից հանեց: Նախարարն իր ֆեյսբուքյան պատին գրել էր, թե`առաջարկ կա կազմակերպել «կաթսաների ակցիայի նման մի ակցիա, մեր առաջնագծում կռվող զինվորներին աջակցելու համար: Ամեն օր՝ մինչև վերջնական հաղթանակը, նույն ժամին երգել մեր ամենաոգևորող երգերից մեկը: Ի՞նչ կասեք»:

3 (7)

Ֆեյսբուքահայույթունը, ճնշող մեծամասնությամբ, ինչ մտածում էր՝ ասաց: Արձագանքը բնականորեն կոշտ էր, եթե՝ հակիրճ ու ամփոփ:

Զարուհի Բաթոյանն էլ դա արագ հասկացավ ու որոշ ժամանակ անց նրա պատին հայտնվեց մի «նեյտրալ» գրառում, թե՝ հիշյալ առաջարկը «չենք ընդունում, շնորհակալ եմ կարծիքների և դիտարկումների համար»:

3 (8)

Բայց թե՛ սոցհարցերի նախարարի՝ աղմկոտ արձագանք հարուցած գրառման, թե՛ այս օրերին դիտարկվող, մեծ մասամբ իշխանական շրջանակներից դրսևորվող նմանօրինակ երևույթների վերաբերյալ կան հարցեր: Ու ասելիք:

Առաջինը: Արձագանքից հետո Զարուհի Բաթոյանն այնպիսի կեցվածք է վերցրել, թե՝ ընդամենը մի մարդու կողմից մի նման առաջարկություն է եղել, քննարկվել է, չի ընդունվել, անցավ-գնաց: Մինչդեռ դա այդքան էլ այդպես չէ: Զարուհի Բաթոյանի նախորդ գրառումից երևում էր, որ ինքը կոնկրետ այդ առաջարկությունն ընդունում է, դրանից ոգևորված է, հակառակ դեպքում՝ ինչո՞ւ պիտի իր ֆեյսբուքյան պատին նման գրառում աներ, առաջարկությունը երկրորդեր: Ամենակարևորը նույնիսկ դա չէ, այլ այն «ուռռա-հեղափոխական» պրիզման, որով այս մարդիկ ընկալում են ռեալ իրականությունը:

Երկրորդը: Լայնածավալ պատերազմի, դրա հետևանքով առկա ու բազմապատկված սոցիալական ամենատարբեր խնդիրների, պրոբլեմների առկայության պայմաններում սոցիալական հարցերի նախարարն այնքան ժամանակ ու, կներեք, հավես ունի, որ մի բան էլ նման ֆլեշմոբային առաջարկություննե՞ր շրջանառի:

Հազարավոր մարդիկ այս օրերին թիկունքում զբաղված են ոչ միայն բանակին, զինվորներին աջակցելու համար սնունդ և անհրաժեշտ պարագաներ հավաքելու, փոխադրելու հարցերը կազմակերպելու խնդիրներով, այլև՝ Երևանում, այլ բնակավայրերում ապաստանած մեր արցախցի հայրենակիցներին անհրաժեշտ հագուստով, այլ պիտույքներով ապահովելու գործով:

Հրաշալի է, հպարատություն և լրացուցիչ ուժ են հաղորդում հասարակությանը մեր այդ հայրենակիցները: Իրենք ճիշտ ու կարևոր գործ են անում՝ չսպասելով, թե ով ինչ կոչ կանի կամ չի անի, որ քաղաքական գործիչը կամ ղեկավարը կամ պետական ոչ պաշտպանական հաստատությունը ինչ կասի կամ կնախաձեռնի:

Բայց թվում է, թե հենց նման աշխատանքների համակարգմամբ առաջնահերթ պիտի սոցհարցերի գերատեսչությունն զբաղված լիներ: Այնքան զբաղված, որ ինչ-որ «կաթսայական» ֆլեշմոբերի մասին քննարկումների առիթ տալու ժամանակ էլ չունենար:

Լսեք, հասկացեք վերջապես. դաժան, անողոք ու արդեն մեր հարյուրավոր երիտասարդների կյանքը խլած, հարյուրավոր մայրերի որդեկորույս դարձրած պատերա՛զմ է: Պա-տե-րա՛զմ:

Սա ձեզ համար «փիառի» կամ ֆլեշ-մոբի տեղ ու առիթ չէ: Սա շոու չէ, վերջապես: Ի՜նչ կաթսա, ի՜նչ թավա, ի՜նչ վուվուզել ու «դմփ-դմփ-հու»: Ձեր իշխանա-հեղափոխական ծակ «կաթսաների ակցիայի»՝ այն ժամանակ, ցավոք, շատ-շատերին չերևացող վտանգները ժանիքները սրած վրա են տվել ազգի ու պետության վրա, դուք ինչերի՜ մասին եք խոսում: Դեռ երկուսուկես տարի առաջ «զնգցրած» ղազանների հետևանքները մարսելու և հաղթահարելու անհրաժեշտություն է լինելու, դեռ շատ ու շատ ծանր ու դժվար խնդիրներ հաղթահարելու անհրաժեշտություն է լինելու:

Այո, հաղթելու ենք: Բայց հաղթանակից հետո էլ հազարումի խնդիրներ են ծագելու, տնտեսական, սոցիալական, առողջապահական, հոգեբանական: Լրջացե՛ք ի վերջո:

Նախարարի պաշտոնը քաղաքական է: Ուստի գոնե կարելի էր մի փոքր քաղաքական հոտառություն ունենալ ու հասկանալ, թե երբ, ինչ վիճակում ինչ առաջարկել կամ ասել:

Երգին, երգելուն, երգով ու արվեստով ոգևորելուն դեմ չեմ, բնականաբար: Դա կարևոր ու անհրաժեշտ է, Դմիտրի Շոստակովիչ վկա: Ինչո՞ւ հեռու գնանք, մեր գուսան Հայկազունը վկա՝ իր հզոր ու լիցքավորող երգերով:

Բայց դա իր պատեհ տեղը, ժամն ու ձևը ունի: Դրա համար արվեստագետներ, երգիչներ կատարողներ կան, ու վստահ եմ, նրանցից առավել համարձակներն ու նվիրվածները այս օրերին բանակի ու մարտնչող զինվորականության կողքին են՝ ռազմաճակատին հնարավորինս մոտ: Այնտե՛ղ են ոգևորում կռվող զինվորներին, այնտեղ են փորձում օգտակար լինել հայրենակիցներին: Համենայն դեպս, «տնայնագործական» ֆլեշմոբի հարց չէ սա: Պատերազմի պայմաններում ազգային գաղափարաբանության ու մշակութային քաղաքականության հարց ու երևույթ է:

Առավել ևս: Երբ մինչև այս թոհուբոհը ապազգային ու հասարակության արժեքային կողմնորոշումների տեսանկյունից չընկալվող բաներ գովաբանող ու կուլտիվացնող, ազգայինը ծաղրող, հայրենասիրության, ռազմահայրենասիրական դաստիարակության կարևորությունն ընդգծող հայրենակիցներին «ռազմահայրենասիրական շիզոֆրենիկ» պիտակող շրջանակների ներկայացուցիչներն են «հանկարծակի» սկսում ներկայանալ դաշնակցականից ավելի դաշնակցական, համարյա ազգայնական, ապա դա առավել քան վանող տպավորություն է թողնում, քանզի կեղծ է: Հասկանո՞ւմ եք, ֆա՛լշ է:

Մի դիտարկում էլ, բայց այլ կապակցությամբ: Ի՞նչ է նշանակում կոչ անել, թե ձեր պահած հանդերձանքը, սաղավարտները (եթե պահել եք) վերցրեք, եկեք, գնացեք՝ այնտեղ ձեզ կասեն՝ ինչ անեք:

Ինչ-որ անձինք երևի շա՞տ են ուզում կապկել Վազգեն Սարգսյանին, որ 1992-ի պատերազմական ծանր իրադրության ժամանակ 500 մահապարտների նախաձեռնությամբ հանդես եկավ: Բայց նա Վազգեն Սարգսյանն էր, և իրադրությունն էլ այլ էր, այդ թվում՝ դեռ պաշտոնապես ձևավորման 1 տարին էլ չբոլորած բանակի առումով: Ինչպե՞ս կարելի է 25-30 տարվա մեջ իսկապես հուժկու և կայացած բանակի, Զինված ուժերի առկայության պայմաններում նման «ֆիդայական» կոչեր անել, առավել ևս՝ «կասկաների ու ֆորմաների» մասով: Բա ո՞ւր են պահեստավորված հանդերձանքը ու մնացած պարագաները, պատահաբար հո «կլուբնիկ-կոտլետի» տակ չե՞ն մնացել:

Ի դեպ, այն ո՞վ էր, որ «մայկա-տռուսիկից» էր խոսում մի որոշ ժամանակ առաջ: Ռազմական դրության պատճառով ինչ-որ չեմ ուզում հիշել-հիշատակել: Ու հիմա՝ «ձեր հանդերձանքով» եկեք: Դեռ գոհ լինե՞նք, որ կոչ չի արվում մեր որսորդական հրացանով, պապական «Մոսինով» կամ Սարդարապատի ճակատամարտից հետո «սև օրվա համար» խորդանոցում պահած «Մաքսիմ» գնդացրով ներկայանալ:

Էլի շատ բան կարելի է ասել, բայց հետո էլ դրա հնարավորությունը կլինի:

Հիմա՝ լրջացե՛ք, լրջացե՛ք, հատկապես պետության ղեկի մոտ հայտնվածներ: Լրջացե՛ք ու մի անկյունում մոմ վառեք մեր նման ժողովուրդ ունենալու համար:

Հաղթելո՛ւ ենք:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը