Կարծիք

20.04.2011 17:41


Սամսոնը, երկխոսությունը և Ծառուկյանը

Սամսոնը, երկխոսությունը և Ծառուկյանը

Շաբաթներ առաջ ձերբակալվեց հայտնի բռնցքամարտիկ, ՀԱԿ ակտիվիստ Սամսոն Խաչատրյանը: Էլի շաբաթներ առաջ ՀԱԿ ղեկավար Լ. Տեր-Պետրոսյանը սկսեց իշխանության հետ  անթաքույց երկխոսության գործընթացը, որին նպաստող երեք հիմնական քայլերից մեկը ներկայացվել է քաղբանտարկյալների ազատումը: Իշխանությունը լսեց երկխոսության առաջարկը ու արեց հետևություններ: Հին բանտարկվածներից երկուսին բաց թողեց, փոխարենը ձերբակալեց նորին` Ս. Խաչատրյանին: Լ. Տեր-Պետրոսյանի հանրահավաքը մի կողմից ողջունեց ազատ արձակվածի պահով ու համարեց, որ իշխանությունն իր պահանջները սկսել է կամաց–կամաց կատարել, մյուս կողմից` նեղվեց նոր ձերբակալությամբ:

Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունը, իհարկե, այն հանգամանքը չէր, որ խանգարեր իշխանություն-ՀԱԿ երկխոսությանը՝ «անհատը պատմության առաջ ոչինչ է» կարգախոսի համաձայն:

Ներհայաստանյան  զարգացումները  այդպես էլ նորմալ` հանրահավաքից հանրահավաք կընթանային, եթե տեղի չունենար Գ. Ծառուկյանի չնախատեսված ելույթը: Նա Հայաստան վերադառնալով հայտարարեց.  «Սամսոն Խաչատրյանը մեր լավագույն մարզիկներից է ու միշտ բարձր է պահել մեր երկրի մարզական հեղինակությունը ու ես որպես օլիմպիական կոմիտեի ղեկավար մտահոգված եմ այդ փաստով…»։ Դրան հաջորդող օրերին Ծառուկյանը հանդիպեց երկրի ղեկավարին ու փոխանցեց իր մտահոգությունը:

Ինչպես գիտենք, Ս. Խաչատրյանը երեկ ազատ արձակվեց: Պնդել, թե դա արվեց միայն ու միայն օլիմպիական կոմիտեի ղեկավարի շնորհիվ, իհարկե ճիշտ չէ: Իմանալով երկրի դատական համակարգի իրականությունը՝ պարզ է, որ   որոշումը կայացրել է երկրի նախագահը:

Խնդիրն այն է, որ Ծառուկյանը խառնեց  իշխանության և ընդդիմության խաղի սցենարը, որտեղ մեկը ուժն է, մյուսը` « լավ տղեն»:

Բռնցքամարտիկի  ձերբակալությունն ընդամենը մի էպիզոդ է, որը մեծ հաշվով, կարող էր և չլիներ: Բայց ընդհանուր տրամաբանության մեջ այն նոր, կարևոր հանգամանք է առաջ քաշում: Առանց քաղաքական կոռեկտությունը խախտելու, առանց ամպագորգոռ հայտարարությունների, առանց երկխոսության աղերսի՝ Գ. Ծառուկյանը օգտվեց օլիմպիական կոմիտեի նախագահի իր լիազորություններից և պարտականություններից: Խնդիրը լուծվեց: Այս գործելաոճը, ԲՀԿ ղեկավարը կարող է արդեն հաջողությամբ կիրառել գործնականում բոլոր ոլորտներում: ԵՎ իհարկե` առաջին հերթին ընտրությունների ժամանակ:

Մամուլին օրվա ռեժիմով հետևողները նկատած կլինեն, որ օլիմպիական կոմիտեի ղեկավարի աջակցությունը ձերբակալված մարզիկին համառորեն չտեսնելու տվեցին ընդգծված լևոնական և ընդգծված նախագահական լրատվամիջոցները: Սա, ինչպես ասում են, «գտիր տարբերությունը» համատեքստում:

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը