Աշխարհ

05.10.2020 10:55


«Կանգնե՛ք ահաբեկչության դեմ պայքարող փոքր և քաջ ազգի կողքին»․ Ազնավուրի որդին բաց նամակով դիմել է համաշխարհային առաջնորդներին

«Կանգնե՛ք ահաբեկչության դեմ պայքարող փոքր և քաջ ազգի կողքին»․ Ազնավուրի որդին բաց նամակով դիմել է համաշխարհային առաջնորդներին

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդի, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը բաց նամակ է հղել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և միջազգային հանրությանը կոչ արել կանգնել ահաբեկչության դեմ պայքարող փոքր և քաջ ազգի՝ Հայաստանի և Արցախի կողքին։ Բաց նամակը հրապարակվել է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։

«Վերջին յոթ օրերը ծանր էին, ողբերգական, մարտահրավերներով լի, բայց և հուսադրող ու ապրեցնող: Մենք ամեն օր արթնանում ենք այն հույսով, որ պատերազմն ավարտվել է, և քնում՝ հուսալով, որ սա վերջին օրն էր:

Ինչպես սիրում էր ասել հայրս՝ Շառլ Ազնավուրը, նա 100%-ով հայ էր և 100%-ով ֆրանսիացի: Նրա և մեր ողջ ընտանիքի համար Հայաստանը միշտ կարևոր նշանակություն է ունեցել, ինչն առիթ դարձավ, որ ես միանամ հորս՝ ստեղծելու «Ազնավուր» հիմնադրամը Հայաստանում:

Եթե հայրս իրեն համարում էր միայն ֆրանսիացի և հայ, ապա ես ավելի՛ շատ ինքնություններ ունեմ, որոնք կերտել են ինձ. իմ կյանքի ընթացքում ես ապրել եմ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեյցարիայում, և այս երկրներից յուրաքանչյուրն իր հերթին ինձ տվել է կրթություն, հնարավորություններ, փորձ, ընկերներ, ընտանիքի անդամներ: Այսօր ես վճռականորեն դիմում եմ այդ և մյուս պետությունների առաջնորդներին՝ կոչ անելով կանգնել ահաբեկչության դեմ պայքարող փոքր և քաջ ազգի կողքին:

Իմ նախնիները 100 տարի առաջ վերապրեցին Հայոց ցեղասպանությունը, սակայն այսօր Թուրքիան ցանկանում է ևս մեկ ոճրագործություն իրականացնել Ադրբեջանի և վարձկան-ահաբեկիչների միջոցով:

Ագրեսորներն օգտագործում են արգելված զինամթերք և թիրախավորում խաղաղ բնակչությանը, անմեղ երեխաներին և լրագրողներին: Կարծում եմ՝ ահաբեկչական այս ագրեսիան ոչ միայն հայերի, այլև ողջ մարդկության դեմ ուղղված սպառնալիք է։ Ուստի այն երկրները, որոնք խաղաղության պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի բանաձևեր ու կոնվենցիաներ են ստորագրել, պետք է իրենց վճռական դերակատարումն ունենան՝ դադարեցնելու արյունահեղությունն ու բռնությունը:

21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհն ընդունում է, որ մարդկային կյանքերից ավելի կարևոր բան չկա։ Այնուամենայնիվ, հայ ազգն այսօր ստիպված է պաշտպանել գոյության իր իրավունքը ՝ առանց գործուն աջակցություն ստանալու նրանցից, ովքեր խթանում են մարդու իրավունքները և խաղաղությունն աշխարհում»:

Աշխարհահռչակ շանսոնյեի որդին նաև ընդգծել է, որ «Ազնավուր» հիմնադրամը կանգնած է հայ ժողովրդի կողքին։

«Մենք կենտրոնացրել ենք մեր ուժերը մարդասիրական օգնություն տրամադրելու համար և պատրաստ ենք աջակցել այն ամենով, ինչով կարող ենք: Թեև հայերը սփռված են ամբողջ աշխարհով, միևնույնն է՝ մենք մե՛կ ազգ ենք և մեկ ժողովուրդ ու դժվարություններն էլ հաղթահարելու ենք միասին»,-գրել է Նիկոլա Ազնավուրը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը