Մեկնաբանություն

21.06.2011 00:08


Երեք մատի կոմբինացիա կամ Արթուր Բաղդասարյան. ընտրությունը ձերն է

Երեք մատի կոմբինացիա կամ Արթուր Բաղդասարյան. ընտրությունը ձերն է

Հայ ազգային կոնգրեսի վերնախավում, երևի, քունն ու դադարը կորցրել են։ Երբ դեռ Սերժ Սարգսյանը չէր խոսել՝ սրանք հոգեմաշ  սպասումների մեջ էին։ Սարգսյանը խոսեց՝ սրանք է՛լ ավելի հոգեմաշ վիճակի մեջ հայտնվեցին. փորձում են հասկանալ իրենց հետ ամիսներ շարունակ «երկխոսող» նախագահի «պասլատի» բնույթը։

Դատելով Սարգսյանի հայտարարությանը հետևած ՀԱԿ պատասխանից՝ Սարգսյանը Տեր–Պետրոսյանին և նրա թիմին այնպիսի հոգեխանգարմունքի մեջ է գցել, որ «արմատականները» չեն կարողանում գլուխ հանել նրա ասածից։ Ու քանի որ ՀԱԿ–ը  շատ բարդագույն խնդրի առաջ է կանգնած ու միայն կառույցների հետ քննարկելուց հետո է աշխատելու ըմբռնել ՀՀԿ «ճկուն» ղեկավարի ասածներն ու նոր միայն պատասխանել նրան, փորձենք օգնել «փողոցայիններին»։

Եվ այսպես. ի՞նչ է ասել Սարգսյանը և ինչպե՞ս է արձագանքել արտահերթ ընտրությունների շուրջ պատվիրակներով բանակցելու ՀԱԿ պահանջին։ Նա ասել է շատ պարզ մի բան՝ «ո՛չ»։ Բայց քանի որ «երկխոսության» ժանրի կանոնները պահանջում են «պասլատ» անելու համար երկարաշունչ նախադասություններ օգտագործել, ուստի Սարգսյանից մոտ երկու էջանոց տեքստ է պահանջվել՝ այդ «ոչ»–ը «կուլտուրական» ձևով ներկայացնելու համար, որպեսզի «միաբանը» կարողանա իր զոմբիների առաջ «կռուտիտ» լինել ու ասել, թե իրենք հերթական հաղթանակը տարան։

Կարծում եմ՝ միայն ուդմուրդներին հասկանալի չէ, որ Սարգսյանը «պասլատ» է արել Լևոն Տեր–Պետրոսյանին և «ոչ» է ասել նրա երկու հիմնական պահանջներին (նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ)։

Իր «պասլատի» խոսքում Սարգսյանը հայտնի ուղղությամբ է ուղարկել Տեր–Պետրոսյանին, բայց ճանապարհը մի փոքր խճճել է՝ երեք տարբերակ առաջարկելով։

Սարգսյանը, աջ ձեռքի մատները (բութ, ցուցամատ և միջնամատ) հերթով բացելով, նշել է այն հասցեները, որտեղ ՀԱԿ պատվիրակները կարող են «երկխոսել» (փաստացի՝ զավզակությամբ զբաղվել)։ Պատկերավոր ասած՝ Սարգսյանը երեք մատի կոմբինացիա է ցույց տվել Տեր–Պետրոսյանին, բայց ոչ թե մատները հայտնի  ձևով իրար մեջ ծալելով (այդպես կոպիտ կլիներ), այլ հերթով  բացելով (այսինքն՝ «երկխոսաբար»)։ Տե՛ս հոդվածին կից նկարը։

Բութ մատի օգնությամբ ցույց տված առաջին ուղղությունը Հովիկ Աբրահամյանի կաբինետն է։ Աժ նախագահի մոտ Տեր–Պետրոսյանին ուղարկելով՝ Սարգսյանը վերջինիս, թերևս, ակնարկում է, որ «շախմատային» իրենց պարտիայի արդյունքը Լևոնի մասով հաստատեց խորհրդարանի խոսնակի՝ «քաղաքական գործիչ լինելու համար շատ խելք պետք չէ» թեզը։

Ցուցամատն օգտագործելով՝ Սարգսյանը Տեր–Պետրոսյանին ուղարկել է Տիգրան Սարգսյանի մոտ։ Այս քայլով Բաղրամյան 26–ում գտնվող գրասենյակի տնօրենը պարզապես «կայֆավատ» է եղել ՀԱԿ–ի վրա, ինչպես նաև մատ է թափ տվել (դա սովորաբար արվում է հենց ցուցամատի՛ օգնությամբ) կոնկրետ Տեր–Պետրսյանի վրա՝ «էդ ու՞մ հրաժարականն էիր պահանջում» թեմայով։

Եթե հիշում եք, մարտի 1–ի հանրահավաքի ժամանակ Տեր–Պետրոսյանը «ժողովրդավարական» քվեարկություն կազմակերպեց և 15 կետից բաղկացած պահանջ ներկայացրեց իշխանություններին։ Այդ կետերից մեկով պահանջվում էր «տիրացու» վարչապետի հրաժարականը։ Եվ ահա հայտարարելով, թե եթե սոցիալ–տնտեսական թեմայով  խնդիրներ ունեք, ապա կարող եք դիմել Տ. Սարգսյանին, Սերժ Սարգսյանը ՀԱԿ–ին, ըստ էության, ցույց է տալիս, որ թքած ունի իրեն ներկայացրած ՀԱԿ պահանջների վրա, իսկ նախորդ երեքը կատարել է, քանի որ ի՛նքն է այդպես ուզել։

Իսկ ո՞վ չէր ուզի ՀԱԿ–ի «պահանջները» կատարել և ազատ արձակել մարտի 1–ի գործով կալանավորվածներին, եթե նրանցից, օրինակ, Սասուն Միքայելյանը, ազատման առաջին իսկ օրվանից, «իր մարտական ընկեր»  Սերժ Սարգսյանի դրական PR–ով է զբաղված ու հայտարարում է, թե ինքը Սարգսյանին դեմ է եղել ընդամենը նրա թիմի պատճառով ու տալիս է Շարմազանովի, Ռազմիկ Զոհրաբյանի ու, կարծեմ նաև, Գալուստ Սահակյանի անունները։

Սասուն Միքայելյանի ասածից դուրս է գալիս, որ Սերժ Սարգսյանը լավն է, բայց ունի վատ շրջապատ և մնում է միայն մաքրել այդ շրջապատն ու վերջ, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Եթե հաշվի ենք առնում նախագահականից ուղղորդվող «ազատ, բայց սերժատու» մամուլի այն քարոզը, որն արտահայտում է Սարգսյանի ցանկությունը, համաձայն որի՝ նախագահը պետք է «քցի» իր հնաբնակ ՀՀԿ–ական «թիմակիցներին», որպեսզի դառնա «պուպուշ» նախագահ, ապա ստացվում է, որ Սասուն Միքայելյանը, կամա թե ակամա, ձայնակցում է իշխանական քարոզչամեքենային և նախագահականի սրտի ուզածն է ասում։ Այսքանից հետո դժվար չէ գլխի ընկնել, որ բանտարկյալներին ազատ արձակելը Սերժի՛ ցանկությամբ է եղել, այլ ոչ թե «համաժողովրդական» ալիքի  ճնշմամբ։

Սարգսյանին ձեռնտու է, որ երեք տարուց ավելի բանտում անցկացրած մարդը դուրս գա ու այս երեք տարիների ընթացքում նույն այդ Սարգսյանի վարած խայտառակ քաղաքականությունը քննադատելու փոխարեն, ոչ մի թթու խոսք չասի նախագահի  մասին, այլ քննադատի Շարմազանովին ու Զոհրաբյանին։

Ստացվում է, որ Ս. Միքայելյանը 2008–ին Սերժ Սարգսյանին չի պաշտպանել, քանի որ ՀՀԿ գրասենյակում Ռազմիկ Զոհրաբյանն է ելումուտ արել։ Այսինքն՝ Ռազմիկ Զոհրաբյա՞նն է այս երկրի պրոբլեմը, և եթե Սարգսյանը նրանից հիմա ձերբազատվի, ապա մեր բոլոր խնդիրները կլուծվե՞ն, իսկ Սերժ Սարգսյանն էլ կդառնա լեգիտի՞մ։ Ինչևէ։

Ինչ վերաբերում է միջնամատի (այս մատը վեր պարզելով, ինչպես հայտնի է,  հայհոյանք են արտահայտում) օգնությամբ ՀԱԿ–ին  ցույց տված երրորդ ուղղությանը՝ Կարեն Կարապետյանի հետ «երկխոսելու» տարբերակին, ապա դրանով Սարգսյանը հասկացրել է, թե իրականում ինչ կարծիքի է իր «ընդդիմախոսների» մասին։

Բանն այն է, որ նախագահի միջամտության կարիքը զգացող բոլոր այն մարդիկ, ովքեր երբեմն ուղևորվում են դեպի նախագահի նստավայր, ապա այնտեղ աշխատող և բողոքավորներին ընդունող նախագահի աշխատակազմի ղեկավարը «խասիաթ» ունի նրանց համբալ անվանել։

Հիմա եթե Սարգսյանը ՀԱԿ–ին ասում է, թե եթե իմ միջամտության կարիքը պահանջող հարցեր կունենաք, ապա կարող եք խոսել ենթակայիս՝ Կարապետյանի հետ, ապա ոչ մի երաշխիք չկա, որ ՀԱԿ հինգ հոգանոց պատվիրակության անդամներից մեկի կողմից սուր պահանջ դնելուց հետո՝ նույն այդ անդամը «համբալ» որակումը չի ստանա։ Չէ՞ որ «Նաիրիտի» աշխատողներն էլ ամիսներ առաջ իրենց հարցերը լուծելու համար նախագահի միջամտության վրա էին հույսը դրել և բռնել Բաղրամյան պողոտայի ճամփան, բայց երբ նաիրիտցիներից մեկը մի քիչ պահանջկոտ ձևով խոսեց՝ անմիջապես արժանացավ Կարապետյանի «համբալ»–ին։ Այնպես որ, ՀԱԿ–ը Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ պետք է հաշվի առնի այս նրբությունները և հանկարծ չպահանջի արտահերթ ընտրություններ, քանի որ դրանից անմիջապես հետո, ամենայն հավանականությամբ, Կարապետյանը կդիմի «երկխոսության» ի՛ր սիրած բառապաշարին։

Այսպիսով՝ Աբրահամյան–Սարգսյան–Կարապետյան ուղղություններով սարքված երեք մատանոց կոմբինացիան է առաջարկում Սարգսյանն իր «հրաժարականը» պահանջող մարդկանց։ Եթե այս ուղղությունները ՀԱԿ–ի համար լի են վտանգներով և  անընդունելի են, ապա կա նաև չորրորդ մատի միջոցով ցույց տրվող ուղղությունը՝ իշխող կոալիցիան ներկայացնող ուժերի հետ «երկխոսությունը»։ Այդ դեպքում ՀԱԿ–ը պետք է բանակցի Հեղինե Բիշարյանի, Սասուն Միքայելյանի չսիրած Ռազմիկ Զոհրաբյանի կամ, լավագույն դեպքում, Արթուր Բաղդասարյանի հետ։ Կարծում եմ, որ ճիշտն այս չորրորդ տարբերակն ընտրելն է։ Այդպես ավելի ապահով և անշառ կլինի, քան երեք մատանոց կոմբինացիայի դեպքում։

Հուսով եմ, որ օգնեցի ՀԱԿ–ին՝ կողմնորոշվելու և երկարատև քննարկումներից հետո ճիշտ որոշում կայացնելու հարցում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը