Մեկնաբանություն

05.10.2020 00:30


Դասական երկերեսանություն, այս դեպքում՝ made in USA

Դասական երկերեսանություն, այս դեպքում՝ made in USA

Պատերազմական թոհուբոհի, ծանր փորձության պահին, որտեղ էլ որ տվյալ պահին ֆիզիկապես լինենք, բոլորիս ուշադրությունը, բնականաբար, առաջին հերթին սևեռված է ռազմաճակատից ստացվող տեղեկությունների, Արցախի խաղաղ բնակավայրերի վայրենի հրթիռահարումների ու ռմբակոծությունների մասին լուրերի վրա: Բայց, հատկապես արտաքին-քաղաքական նշանակության առումով, լրահոսում պահ առ պահ առկայծում են տեղեկություններ, որոնք չարժե, որ կորեն լուրերի հորձանուտում:

Այդ կարգի տեղեկությունների հոսքից արժե առանձնացնել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարությունը, որ տեղյակ է Թուրքիայի կողմից Սիրիայից զինյալներ Ադրբեջան տեղափոխելու վերաբերյալ հրապարակումներին, բայց հուսով է, որ դա չի համապատասխանում իրականությանը:

Մինչ ԱՄՆ պետքարտուղարի՝ ոչ մի դիվանագիտությամբ ու առհասարակ որևէ բանով չարդարացված ստախոսությունն ու երկերեսանությունը մերկացնող մյուս տեղեկության վրա ուշադրություն հրավիրելը, այնուամենայնիվ, արժե մեկ-երկու դիտարկում անել, թող որ՝ մի քիչ հուզական: Հետաքրքի՞ր է, եթե այդ՝ Թուրքիայի կողմից ներգրաված և Ադրբեջան տեղափոխած զինյալ-ահաբեկիչներից մի քանիսի լեշերը Արցախի Պաշտպանության բանակի քաջարի մարտիկներն ու կամավորականները բերեն ու հանձնեն Երևանում ԱՄՆ դեսպանատուն՝ միսթըր Պոմպեոյին փոխանցելու համար, այդ ժամանակ նա կհավատա՞ իր կարդացած հրապարակումներում կամ հաղորդագրություններում նշված փաստերին: Թե՞ էլի կասի՝ «հուսով է, որ այդ լուրերը ճիշտ չեն» կամ «չեն համապատասխանում իրականությանը»:

Եվ հետո, այդ երբվանի՞ց է, որ ԱՄՆ պետքարտուղարը հետևության է հանգում միմիայն մամուլի հրապարակումների վրա: Հապա ի՞նչ է եղել աշխարհի ամենահզոր հատուկ ծառայություններից մեկին՝ ԱՄՆ ԿՀՎ-ին (մեր հանրությանն ավելի հայտնի ռուսերեն տրանսկրիպցիայով՝ Ցէ-Ռէ-Ու), ի՞նչ է ԿՀՎ գործակալները ոչի՞նչ չեն հաղորդել ծայրահեղական-ահաբեկիչների մի քանի հարյուրանոց (առնվազն) խմբավորման «օդային ճանապարհորդությունների» մասին:

Բացառված է, որ հաղորդած չլինեին: Եվ հաջորդ տեղեկությունը, որը մերկացնում է Պոմպեոյին, վկայում է, որ լավ էլ հաղորդել են:

Այսպես, նախօրեին տարածվեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, որով այդ երկրում գտնվող իր քաղաքացիներին զգուշացնում էր ձեռնպահ մնալ տարբեր ուղևորություններից ու առհասարակ, զգույշ լինել՝ ահաբեկիչների ու ահաբեկչության վտանգի պատճառով: Ադրբեջանում, ահաբեկիչների առկայության ու նրանց ներկայացրած վտանգի պատճառով: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է: Զի՛լ է:

2

Ի դեպ, փոքր, բայց հատկանշական դրվագ: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան այդ զգուշացման մասին աշխարհի ամենից ազա՜տ, ամենից վստահելի՜, մի խոսքով՝ «ամենա-ամենա-ամենա» «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության կայքում այսօր արդեն նշված հրապարակումն անհասանելի էր, ավելի ճիշտ՝ «էջը գոյություն չունի»: Կարճ ասած՝ արագորեն հեռացրել են հրապարակումը: Երևի այն նկատառմամբ, որ այդ զգուշացումը Ադրբեջանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին էր վերաբերում...

3 (1)

Ինչևէ:

Տրամաբանական հարց է ծագում. այդ ինչպե՞ս է հնարավոր, որ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն հուսով է, թե Թուրքիայի ջանքերով Ադրբեջան ծայրահեղական-ահաբեկիչներ ներմուծելու տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, բայց նույն Պոմպեոյի գլխավորած գերատեսչության ենթակայությամբ գործող Բաքվում ԱՄՆ դեսպանատունը ոչ միայն վստահ է, որ կան ահաբեկիչներ, այլև ԱՄՆ քաղաքացիներին զգուշացնում է նրանց ու ահաբեկչության վտանգի մասին:

Իսկ դա հնարավոր է ահա թե՝ ինչպես: Պոմպեոն լրագրողներին ու հրապարակավ ստում է, ասելով՝ կարդացել է հրապարակումներ Ադրբեջան Թուրքիայի կողմից ահաբեկիչներ ներմուծելու մասին, բայց հույս ունի, թե դա ճիշտ չէ, իսկ արդեն ոչ հրապարակավ, կարգադրում է, օրինակ, Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ արագորեն զգուշացնել ԱՄՆ քաղաքացիներին, որ ահաբեկիչների ու նրանց կողմից հարձակման թիրախ դառնալու վտանգ կա:

Երկերեսանություն: Այս անգամ՝ made in USA տարբերակով:

Ի դեպ, ԱՄՆ դեսպանատների զգուշացումները միանգամայն չարագուշակ են հնչում, քանզի թարմ է սեպտեմբերի 26-ին Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատների տարածած զգուշացումը, որ մի կողմից՝ չայցելեն Արցախ, մյուս կողմից՝ Արցախին մերձակա սահմանամերձ շրջաններ՝ պատերազմական գործողությունների վտանգի պատճառով: Ու այդ զգուշացումից բառացիորեն ժամեր անց, սեպտեմբերի 27-ին սկսվում է ադրբեջանաթուրքական լայնածավալ հարձակումն Արցախի դեմ:

Մի խոսքով, այն, որ ԱՄՆ պետքարտուղարն ասում է, թե չի հավատում թուրքական ներգրավմամբ Ադրբեջանում մեծ թվով ահաբեկիչների հայտնվելուն և Արցախի հայության դեմ ցեղասպանական նպատակներով Բաքվի սանձազերծած ագրեսիային այդ ահաբեկիչների մասնակցությանը, ոչ միայն կեղծավորություն է, այլև սեփական ու նաև միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու ակնհայտ փորձ:

Ուրեմն, Ֆրանսիայի նախագահն ասում է՝ ապացույցներ կան այդ ահաբեկիչների, Ռուսաստանն, ըստ էության հաստատում է դա: Իսկ ԱՄՆ պետքարտուղարը «ձևեր է թափում»:

Մեզ համար, վերջին հաշվով, մեր երկրի, Արցախի վրա «թուր ու թվանքով» եկած, քաղաքացիական բնակչությանն ու գյուղերը, քաղաքները, բնակելի շենքերն ու մանկապարտեզները, դպրոցները հրթիռակոծող ամեն մեկն էլ ահաբեկիչ է: Ու նրանք իրենց մահն են գտնելու մեր սահմանների մոտ ու գտնում են: Այնպես չէ նաև, թե Թուրքիայի կողմից ներմուծած ահաբեկչական խմբավորումներն առաջինն են Արցախի դեմ ադրբեջանական ոտնձգություններում:

Ու Պոմպեոն կամ ԱՄՆ-ն ամենևին էլ միայնակ չեն՝ հատկապես հայությանն ու Հայաստանին, Արցախին վերաբերող կարևոր խնդիրներում կեղծավորություն անելու, խղճի ու Աստծո դեմ դուրս գալու, ստելու, հայության նկատմամբ թուրք-ադրբեջանական հրոսակների հակամարդկային ոտնձգությունները, հայ երեխաներին, կանանց, ծերերին սպանելու, խոշտանգելու աղաղակող փաստերը չտեսնելու տալու, իբր թե՝ դրանց մասին չիմացող ձևանալու տեսանկյունից: Էլի կան տերություններ ու գործիչներ, որ ճկվում են թուրքական «մուղամների» տակ: Պարզապես արձանագրենք, հետևություններ անողները թող հետևություն անեն ու անցնենք առաջ:

Ի դեպ, «առջևում» արժե ևս մեկ անգամ ուշադրություն դարձնել կազմակերպված եղանակով հանդես եկող այն շրջանակների գործունեությանը, որը նպատակաուղղված է այս փորձության շրջանում հայ-ռուսական հարաբերությունների դեմ: Ի լրումն ամենի, նրանց ու հատկապես նրանց ունկնդրողների համար մեկ հարց արժե ընդգծել. վաղը, մյուս օրը, երբ թուրք-ադրբեջանական հրոսակը շարունակի հարձակվել, միգուցե ԱՄՆ-ից կամ Մեծ Բրիտանիայի՞ց են իրենք հայ հրետանավորներին ու զինվորներին կռվելու համար անհրաժեշտ ռազմամթերք ու սպառազինություն բերելու: Իսկ կարող է... Իսրայելի՞ց:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը