Կարծիք

03.10.2020 13:34


2016-ի ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի ներդրումները նվազել են 3 անգամ. ի՞նչ է սպասվում այս անգամ. Պարսյան

2016-ի ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի ներդրումները նվազել են 3 անգամ. ի՞նչ է սպասվում այս անգամ. Պարսյան

2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանի տնտեսությունն անկում է գրանցել 3 տոկոսով։

Օգոստոսին արդյունաբերությունը նվազել է 3,1 տոկոսով։ Ասիական զարգացման բանկի կանխատեսումների համաձայն՝ այս տարի Ադրբեջանի ՀՆԱ-ն կնվազի 4,3 տոկոսով:

2020 թվականի «Գործարարությամբ զբաղվելու» զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը նախորդ տարվա համեմատ վարկանշավորման մեջ 9 կետով նահանջ է գրանցել, որը ևս մեկ անգամ վկայում է Արդրբեջանում տնտեսական բարեփոխումների շարունակական ձախողումների մասին։

Տպավորություն է, թե Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ սկսելուց առաջ առհասարակ չեն գնահատել տնտեսական վնասները, մասնավորապես՝ տնտեսական կորուստների հետ կապված ռիսկերը։

Միայն 2019 թվականին՝ 2016-ի համեմատ Ադրբեջանում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են մոտ 3 մլրդ ԱՄՆ դոլար կամ 3 անգամ։ Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը տարեցտարի կորցնում է օտարերկրյա ներդրողների վստահությունը և ներդրումային գրավչությունը։

Անշուշտ, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը նաև մեծ հարված է հասցրել Ադրբեջանի ներդրումային միջավայրին։ Իսկ եղած ներդրումները հիմնականում ուղղվում են նավթագազային ոլորտ, որի եկամուտներից շարունակում է ագահաբար օգտվել միայն ադրբեջանական իշխող ռեժիմը։

Կորոնավիրուսի համավարկը լուրջ սոցիալական խնդիրներ է առաջացրել բնակչության համար, մասնավորապես՝ Խազարի համալսարանի օգոստոսյան զեկույցի համաձայն՝ հաշվարկվել է, որ 1,3 մլն մարդ կարող է գործազուրկ դառնալ այս համաճարակից, այսինքն՝ իր աշխատանքը կկորցնի ամեն 4 աշխատողը։

2020 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանի ընդհանուր արտահանումը նվազել է 3,6 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 36,1 տոկոսով, իսկ ոչ նավթային արտահանումը (հիմնականում՝ լոլիկ, ոսկի և բամբակ) նվազել է 9,7 տոկոսով։

Արտաքին առևտրաշրջանառության նվազման պատճառով 2020 թվականի առաջին ութ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ադրբեջանի մաքսատուրքերից մուտքերը կրճատվել են 8 տոկոսով։ Իսկ Ադրբեջանի իշխանությունները դա լրացնում են ի հաշվի պահուստների։

Ակնհայտ է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի կառավարությունը չի կատարել տնտեսական բարեփոխումներ և մեծ կախվածություն ունի նավթագազային ոլորտից, իսկ պատերազմի հետևանքով կրած վնասները էլ ավելի են խորացնելու տնտեսական ճգնաժամը՝ պատճառ դառնալով սոցիալական և քաղաքական դժգոհության մեծ ալիքի։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը

Այս խորագրի վերջին նյութերը