Մեկնաբանություն

19.04.2011 18:18


Արցախի նախագահի մամլո խոսնակն արձագանքել է Տեր–Պետրոսյանի ասածներին ու տվել որոշ մեկնաբանություններ

Արցախի նախագահի մամլո խոսնակն արձագանքել է Տեր–Պետրոսյանի ասածներին ու տվել որոշ մեկնաբանություններ

Ընդհանրապես խոսելով ադրբեջանաղարաբաղյան փոխհարաբերությունների մասին, նախեւառաջ պետք է բավականին խորն ուսումնասիրել Ադրբեջանի յուրահատկությունները: Ցանկացած քաղաքագետ, գործիչ, վերլուծաբան ու գիտնական, անպայման այս բոլորը պետք հաշվի առնի, որպեսզի կարողանա կանխատեսել, թե ինչ սպասել այդ պետությունից:

Խոսելով կողմերի դիրքորոշման մասին` պետք է փաստել (սա ակնհայտ փաստ է, որ որեւէ ձեւով որեւէ մեկը չի կարող ժխտել), որ ամենամաքսիմալիստական դիրքորոշումը պահպանում է ինքը` Ադրբեջանը: 70 տարի Արցախը բռնակցված էր Ադրբեջանին, 70 տարի մեր նկատմամբ իրականցվում էր խտրական քաղաքականություն: Եղավ շարժում, որին նրանք պատերազմով արձագանքեցին: Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ուզում մաքսիմալիստական իր դիրքորոշումից նույնիսկ մեկ սանտիմետրով հետ քաշվել: Ոչ միայն պատերազմից հետո, երբ տարածաշրջանում իրավիճակը փոխվեց, այլեւ մինչեւ այսօր պաշտոնական Բաքուն շարունակում է այդ նույն դիրքորոշումը ներկայացնել եւ որեւէ ձեւով չի փոխվել այն: Մաքսիմալիզմի ամենաբարձր նշաձողը Բաքուն պաշտպանում է առ այսօր. ասում է, որ Ղարաբաղը չի կարող լինել անկախ պետություն, նրա սահամնները պետք է համապատասխանեն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններին, լինի Ադրբեջանի կազմում եւ այլն: Այս իրավիճակում մենք ի՞նչ պետք է ակնկալենք այդ պետությունից:

Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ Ադրբեջանում ձեւավորվել է մի յուրահատուկ էթնոքաղաքական իրավիճակ, որի հիմնական առանձնահատկությունը հետեւյալն է. ադրբեջանական ժողովրդի ձեւավորման գործընթացը դեռ շարունակվում է եւ չի ստեղծվել ընդհանուր ադրբեջանական ժողովուրդ: Ճիշտ է այն, որ այստեղ քսանական թվականներին թուրքալեզու եւ ոչ թուրքալեզու ժողովուրդների հարաբերակցությունը եղել է մոտ 50-50: Հիմա ոչ թուրքալեզու զանգվածի մեծ մասին ձուլել են, սակայն լեզգիները, թալիշներն ու ավարները պահպանել են իրենց ազգային ինքնությունը: Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ Ադրբեջանի մաքսիմալիզմը նաեւ օբյեկտիվ հիմք ունի: Պարզաբանեմ. եթե Ադրբեջանը ճանաչում է Արցախի անկախությունը, ապա մյուս ժողովուրդները եւս կարող են նույն ճանապարհն ընտրել: Ադրբեջանի համար նույնքան վտանգավոր է նաեւ Արցախին ինքնավարություն տալու սցենարը: Հետեւաբար, Արցախի հիմնախնդրի հանգուցալուծումն Ադրբեջանի համար ունի երկու տարբերակ. կամ Արցախը պետք է ոչնչացվի կամ իրավիճակը պետք է պահպանվի այնպես ինչպես կա: Այս կոնտեքստում, մաքսիմալիզմի չափանիշները հենց Ադրբեջաննէ պահպանում` չհամաձայնելով որեւէ առաջարկի:

Մենք բազմիցս կրկնել ենք, որ պատրաստ ենք Ադրբեջանի հետ ցանկացած հարց քննարկել` լինի դա տարածքների, թե այլ բանի հետ կապված, բայց մեկ վերապահումով, որն ինձ թվում է` օբյեկտիվ է, հավասարակշռված եւ ռացիոնալ: Այն է` վերադարձ 1988 թ.-ին` տարածքների առումով, անհնար է, քանի որ ԼՂՀ-ն նախկին տարածքների սահմաններում չի կարող գոյություն ունենալ որպես անկախ պետություն: Բացառվում է եւ դա բոլորը գիտեն: Դիտարկենք օրինակ` Քարվաճառի շրջանը: Այն մեծ ռազմավարական նշանակություն ունի, այնտեղից են սկիզբ առնում Որատան եւ Արփա գետերը, որոնք սնում են Սեւան լիճը: Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկացնում է, թե հայերն այնտեղ են թաղում Մեծամորի ատոմակայանի թափոնները: Մենք պետք է մտածենք, որ այդ տարածքն իր ձեռքում հայտնվելու պարագայում, կարող է Ադրբեջանն ինքը թափոններ գցել Արփա եւ Որոտան գետերը` թունավորելով ողջ Հայաստանը: Նրանք այդ ժամանակ կասեն` սա ոչ թե մենք ենք անում, այլ հայերն են, որոնք քսան տարի այնտեղ թափոններ էին թաղում: Այդ պարագայում, մենք ի՞նչ կարող ենք անել: Ոչ ոք այս առումով մեզ երաշխք չի կարող տալ: Եւ սա միակ օրինակը չէ: Ինչ վերաբերում է այն հարցադրմանը, թե արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը նման հայտարարության իրավունք ուներ, ապա նշեմ, որ ցանկացած մարդ էլ ունի իր տեսակետը եւ կարող է արտահայտել: Թող հանրությունը տեսնի եւ հասկանա, թե նա ինչ է մտածում: Այս իրավիճակը մենք չպետք է ողբերգություն դարձնենք: Բոլորը պետք է իմանան, թե ով` ինչ է մտածում եւ չպետք է ամեն ասած` որպես բացարձակ ճշմարտություն ընդունել:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայան

Ըստ «Zham.am»–ի

Այս խորագրի վերջին նյութերը