Մեկնաբանություն

30.09.2020 22:20


Մեկ ազգ, մեկ բռունցք, մեկ նպատակ՝ ծնկի բերել թշնամուն

Մեկ ազգ, մեկ բռունցք, մեկ նպատակ՝ ծնկի բերել թշնամուն

Այս օրերին ռազմաճակատում ու նաև թիկունքում արված բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ հրապարակվեցին: Մեծ մասը, բնականաբար, զուտ տեղեկատվական բնույթի, պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին կից նյութեր են, որոնցում պատկերված է թշնամական, թուրք-ադրբեջանական զինտեխնիկայի, տարբեր ստորաբաժանումների ոչնչացումը:

Այդ շարքում, պատկերված ասելիքով ամենից տպավորիչներից մեկը թնդանոթահար հայ մարտիկի լուսանկարն է՝ կրակ արձակելու պահին: Այն կմակագրեի «Կրկնակի ցասում»՝ թնդանոթից արձակած կրակը ու հայ մարտիկի խոսուն դիմապատկերը նկատի ունենալով: Բայց...

120426173_386059755891081_1070140197935035465_n

Երեկվա լրահոսում հրապարակվեց մի լուսանկար՝ կից հաղորդագրույթամբ, որը ոչ միայն խոսուն էր ու ազդեցիկ, այլև շատ խոը և կարևոր ասելիքով, ինչպես իրադարձությունը, որն արտացոլված է այդ պատկերում: Այո՛, խոսքն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ազատամարտի մի ամբողջ շարք լեգենդար հրամանատարների, Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքում կանգնած հայտնի զինվորականների հանդիպման մասին է:

Իրադարձության վերաբերյալ տարածված տեղեկատվության մեջ ի մասնավորի նշված էր հանդիպման ժամանակ Արցախի նախագահի խոսքից մի հատված. «Հպարտ եմ, որ մեր ազգի հերոսները, հայոց զինված ուժերի հիմնադիր հրամանատարները, ովքեր զինվորական մեծ ճանապարհ ունեն անցած, ովքեր հաղթանակ և հպարտություն են պարգևել հայ ժողովրդին, համախմբված ու միասնական կերպով իրենց վճռական խոսքը կրկին պիտի ասեն: Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, վստահ եմ, մեծ աջակցություն են լինելու Պաշտպանության բանակին ու նրա արհեստավարժ հրամկազմին, և թշնամին ստանալու է իր արժանի ու կործանիչ հակահարվածը»:

Դա ինքնին հասկանալի է: Բայց այստեղ, այս պատկերի կարևորությունն ու ասելիքը միայն դա չէ: Այստեղ ասելիքի հիմնականում մեկ վեկտոր ունի, իհարկե՝ թշնամու դեմ մենք բոլորս միասնական ու միակամ ենք, կողք կողքի, ուս ուսի:

Մեր ներքին անցուդարձին հետևող մարդիկ հստակ հասկանում են այս պատկերում արտացոլված իրողության նշանակությունն ու կարևորությունը:

Լուսանկարում պատկերված հայտնի գործիչների մի մասը, մանավանդ այն անձինք, որ զինվորական ծառայությունից հետո անցել են քաղաքական գործունեության, հարաբերական խաղաղության տարիներին տարբեր անախորժ բաներ են հասցրել ասել, նաև մեկը մյուսի դիրքորոշման վերաբերյալ: Եղել է:

Ու առավել ևս գնահատելի է, որ այսօր, փորձության պահին նրանք բոլորը, Հայրենիքի պաշտպանության հրամայականով, մի կողմ են նետել այդ ամենը ու միավորվել են հանուն նույն նպատակի՝ դիմագրավել թշնամական ագրեսիան, ծնկի բերել թշնամուն: Դա անգնահատելի արժեք է: Դա մեր անխուսափելի հաղթանակի կարևոր գրավական է:

Ու սա հրաշալի օրինակ է հասարակությանը, ժողովրդին, բոլորիս, որ՝ հայրենակիցներ, ազգակիցներ, այսօր ամեն ինչ մի կողմ դնելու, ամեն ներքին ինչ-որ տարաձայնությունիկներ «սառեցնելու», համախմբվելու և միասնական ուժով թշնամուն ծնկի բերելու ժամն է:

Նմանապես գնահատանքի է արժանի Արցախի նախագահի կեցվածքն ու մոտեցումը: Դա պետական մտածողության ու ընկալման ակնհայտ դրսևորում է: Եվ, կարծում ենք, կարող է, ինչո՞ւ ոչ, շատ լավ օրինակ ծառայել հայությանն, ընդհանրապես, Հայաստանի քաղաքական ղեկավարությանը՝ մասնավորապես ու հատկապես:

Այս իրադարձությունը, թող բարձրագոչ չհնչի, պարզ վկայությունն է Արցախի Հանրապետության՝ որպես պետականության կայացվածության բարձր աստիճանի, Արցախի ռազմաքաղաքական վերնախավի պետական մտածողության մակարդակի և լայնախոհության:

Մեկ ազգ, մեկ բռունցք, մեկ նպատակ՝ ծնկի բերել թշնամուն:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը