Կարծիք

29.09.2020 21:11


Վաղուց ժամանակն է ակտիվացնել աշխատանքը՝ «հակաթուրքական կոալիցիա» ձևավորելու ուղղությամբ

Վաղուց ժամանակն է ակտիվացնել աշխատանքը՝ «հակաթուրքական կոալիցիա» ձևավորելու ուղղությամբ
Բոլորին էլ, կարծում եմ, հասկանալի է, որ այսօր Վարդենիսի ու մերձակա բնակավայրերի վրա թշնամու հրթիռառմբային հարձակումը, ինչպես նաև թուրքական օդուժի F-16 կործանիչի կողմից մեր պետության օդային տարածքում ՀՀ ռազմաօդային ուժերի Սու-25-ի խոցումը նոր էական տարրեր է հաղորդում ստեղծված իրավիճակին:
Առաջինը՝ չնայած նախքան այս էլ Թուրքիայի ներգրավվածությունը Արցախի դեմ վերսկսված լայնածավալ հարձակմանը, ակնհայտ էր, այժմ դա ուղղակի ու բացահայտ դրսևորվեց ու, որ կարևոր է՝ դրսևորվեց ուղղակիորեն Հայաստանի Հանրապետության և մեր խաղաղ բնակչության դեմ հարձակմամբ:
Երկրորդը՝ հասկանալի է, որ դա նշանակում է, որ
ա) Հայաստանը կարող է դիմել ՀԱՊԿ աջակցությանը՝ ակնկալելով պայմանագրով նախատեսված համակողմանի աջակցություն,
բ) նման իրավիճակում լիովին արդարացված է ակնկալել, որ Հայաստանի դեմ օդային հարձակումներին այսուհետ Հայաստանի ՌՕՈՒ-ն կհակադարձի Երևանում տեղակայված ռուսական ավիաբազայի ներգրավմամբ ևս:
գ) Հայաստանը, ինչպես մեր դիվանագիտական ամբողջ կարողությամբ, այնպես էլ՝ պայմանական ասած՝ «հակաթուրքական կոալիցիայի» երկրների՝ Հունաստանի, Կիպրոսի, Սիրիայի, ինչո՞ւ ոչ՝ որոշակի արաբական երկրների հնարավոր աջակցույթամբ պետք է «միջազգային հանրության» ուշադրությունը սևեռի Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ ուղիղ հարձակողական գործողությունների վրա:
Երրորդը՝ առհասարակ, թերևս վաղուց ժամանակն է ակտիվացնել աշխատանքը՝ պայմանականի փոխարեն իրապես «հակաթուրքական կոալիցիա» ձևավորելու և համաձայնեցված գործելու ուղղությամբ: Դժվար չէ պատկերացրեք, թե որքան ավելի դյուրին կլիներ մեր այս պահի ռազմաքաղաքական հարցերի լուծումը, եթե միաժամանակ Թուրքիան խնդիրներ ունենար քրդերի, Սիրիայի, Հունաստանի և Կիպրոսի հետ:
Չորրորդը՝ մեր ՊՆ ղեկավարությանը դա թերևս հուշելու կարիք չկա: Պարզապես ինքս այնպես եմ կարծում, որ թշնամու կողմից մեր օդուժի Սու-25-ի խոցումն ու Վարդենիսի և այլ բնակավայրերի ուղղությամբ հրթիռառմբային հարձակումը մեզ առավել քան լիարժեք իրավունք է տալիս ժամանակակից ՀՕՊ միջոցներով անմիջապես ու առանց որևէ նախազգուշացման խոցել թշնամական (ադրբեջանական ու թուրքական) ցանկացած ռազմական ինքնաթիռ, որը կփորձի մեր օդային տարածքին մոտենալ 8-10 կմ-ից ավելի: Հուսամ, որ այսուհետ հենց այդպես էլ կլինի:
Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը