Մեկնաբանություն

30.09.2020 11:05


Սխալներից հետևություններ անելու ժամանակը չի սպասում

Սխալներից հետևություններ անելու ժամանակը չի սպասում

Ինչքան էլ փորձենք նրբանկատ լինել՝ հայկական երկու պետությունների համար, մեղմ ասած, վտանգավոր այս հանգրվանում զսպվածություն դրսևորել, լոյալություն պահպանել, չքննադատել իշխանություններին, բաներ կան, որ պիտի ասվեն` գոնե սխալներից դասեր քաղելու և ապագայում (երբ, տա՛ Աստված` առանց անդառնալի կորուստների հաղթահարենք 30 տարվա «ընդմիջումից» հետո վերստին մեր ժողովրդին պատուհասած գոյաբանական այս ճգնաժամը) դրանց կրկնությունը թույլ չտալու համար։

Իհարկե, կարելի է ասել` այսօր, երբ Արցախը (և ոչ միայն) նորից կռիվ է տալիս ապրելու և իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքի համար, ժամանակը չէ խորանալու ստեղծված իրավիճակի ակունքների մեջ։ Բայց, մինչև իրերն իրենց անուններով չկոչենք` չարձանագրենք, թե ինչու, «խաղաղություն պոռալով»` պատերազմ ստացանք, Ադրբեջանն ինչո՞ւ և ինչպես այնքան լկտիացավ, որ ազատություն տվեց իր ոխերիմ հայատյացությանը և երկրորդ անգամ համարձակվեց նույն գետը մտնել` կրկնել Արցախի հայաթափման 90-ականներին ձախողած սցենարը՝ մոռանալով հետևանքների մասին, չենք կարող չարիքի դեմն առնել։

Արդյոք խնդիրը միայն Թուրքիայի «աննախադեպ և անմնացորդ աջակցությո՞ւնն» է Ալիևի ռեժիմին, «մեկ ազգ, երկու պետություն»-ից «մեկ ազգ, մեկ պետություն» դառնալու պատրաստակամությունը, որի մասին հայտարարում են բոլոր մակարդակներով, բոլոր հնարավոր հարթակներից, ներքին խնդիրներից սեփական հանրության ուշադրությունը շեղելու ցանկությո՞ւնը։

Պարզ է, որ ոչ։ Թուրքիան և Ադրբեջանը «աննախադեպ» հաբռգել են` նախ և առաջ այն պատճառով, որ մեր հասարակությունը, ժողովուրդը երբեք այնքան պառակտված, բզկտված չի եղել պետական մակարդակով խրախուսվող ներքին հակասություններից, ջլատված` փոխադարձ թշնամանքի, ատելության «վիրուսից», որ երկուսուկես տարի է` ներսից կրծում է մեր երկիրը, և թուլացած` ժողովրդին սևերի և սպիտակների, հրեշտակների և «գող-ավազակների, թալանչիների, հանցագործների» բաժանելու, անցանկալի անձանց, այդ թվում` պետականաշինության գործում անուրանալի ներդրում ունեցող նախկին բարձաստիճան պաշտոնյաների «գլխին սարքելու» նկրտումներով, ինչպես այսօր։ Իսկ ավելի խոցելի թիրախ հայկական տարրն իր բնօրրանից (և ոչ միայն) ջնջելու, արմատախիլ անելու մոլուցքով տառապող թշնամու համար, քան պառակտված հասարակությունն է, չկա ու չի կարող լինել։

Երկրորդ հիմնական պատճառը հետհեղափոխական «թավշա» իշխանությունների ոչ այն է` ինքնաբուխ, ոչ այն է` դրսից ուղղորդված կամ, որ ավելի վատ է, պարտադրված «չհաշվարկված» կամ «շահագրգիռ» ուժային կենտրոնների կողմից լա՛վ էլ հաշվարկված անհոդաբաշխ արտաքին քաղաքականությունն է, որի հետևանքով մեր երկիրը մենակ է մնացել արտաքին մարտահրավերների դեմ. վանել է բարեկամ երկրներին, փչացրել հարաբերությունները մեր բնական դաշնակիցների` հատկապես դե յուրե միակ դաշնակից Ռուսաստանի և Իրանի հետ, Արևմուտքի հետ հարաբերություններն իջեցրել «պլինտուսից» ցածր մակարդակի, և փոխարենը ոչինչ չի ստացել։ Բացարձակապես ոչի՛նչ։ Դրա համար էլ փաստացի հայտնվել ենք աշխարհաքաղաքական մեկուսացման մեջ. վկա` միջազգային խաղացողների անտարբեր, «ծույլ» արձագանքը Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։

Բայց ամենատեսանելի` մակերեսին գտնվող պատճառը, անտարակույս, վերջին 2 տարիներին Արցախի հարցում իրականացվող անորոշ, անհասկանալի, հեղհեղուկ քաղաքականությունն է, որի մասին շատ է խոսվել. առաջին դեմքի մակարդակով արված իրարամերժ հայտարարությունները` «բանակցություններ չկան», «ինչ պետք է` այն էլ բանակցում ենք», «Արցախը Հայաստան է, և վերջ», «լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար», չափազանցված հույսերը, որ գլխավոր բանակցողը ներշնչել էր Ալիևին ու իր ժողովրդին դեմ առ դեմ կոնֆիդենցիալ հանդիպումների, ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցությունների, իշխանական էմիսարների մասնակցությամբ տեղի ունեցող գաղտնի շփումների ժամանակ` խոստանալով ավելին, քան իրավասու էր և կարող էր անել, կեղծ խաղաղասիրական հայտարարությունները և մշտապես «փոխզիջումների» պատրաստ լինելու անպատասխան ժեստերը։

Ալիևին թվացել էր` իր աստեղային ժամը հասել է. բավական է` էլի մի քիչ «հուպ տա» Հայաստանի իշխանություններին, ու Ղարաբաղը՝ «շրջակա» տարածքներով հանդերձ, Ադրբեջանի գրպանում կլինի։ Կյանքը ցույց տվեց, որ մոլորության մեջ էր` ծոծրակը կտեսնի, միակողմանի զիջումներ մեր կողմից չի տեսնի, և հիմա կորցրածը փորձում է հետ բերել` ռազմական նոր արկածախնդրություն սանձազերծելով հայկական պետությունների դեմ։

Պահի հրամայականն է` մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները և բռունցքվել թուրք-ադրբեջանական համատեղ ագրեսիայի դեմ, բայց, եթե հետևություններ չանենք «անցյալի» դասերից, որ ավելի շուտ ներկա է, քան անցյալ, մեկընդմիշտ վերջ չտանք երկիրը ներսից քանդելու, դրսից թուլացնելու կործանարար «քաղաքականությանն» ու չվերադառնանք ռացիոնալ դաշտ, տանուլ կտանք ամեն ինչ և ազգովի կհայտնվենք պատմության աղբանոցում։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը