Մեկնաբանություն

29.09.2020 15:10


«800 հեկտարը» քառակուսի մետրերով մատի փաթաթան դարձրած, այն 4 տարի ազատագրելու «նետվողներն» ո՞ւր են... Նոր-նոր ցուցակագրվո՞ւմ են

«800 հեկտարը» քառակուսի մետրերով մատի փաթաթան դարձրած, այն 4 տարի ազատագրելու «նետվողներն» ո՞ւր են... Նոր-նոր ցուցակագրվո՞ւմ են

Ինչքան էլ շատերն ասեն, թե հիմա դրա ժամանակը չէ, հետո դրա մասին կխոսենք, ինչքան էլ այդ մոտեցումը արդարացված ու հասկանալի լինի, բայց մի երկու բան պետք է ֆիքսել:

«Ապրիլյանից» հետո 2016 թվականին «Սասնա ծռեր» անվանումով ներկայացող խումբը, որ հետո նույնիսկ կուսակցություն դարձավ ու մասնակցեց 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններին, մատի փաթաթան էր դարձրել «800 հեկտարի» հարցը: Խոսքն այն ժամանակ թշնամու վերահսկողության տակ մնացած հիմնականում մեկ դիրքի մասին էր: Այդ շրջանակի հրապարակային դեմքերից ազատամարտի մասնակից, Շուշիի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը այն ժամանակ 800 հեկտարը քառակուսի մետրերով էր ներկայացնում, դա դարձրել էին նախկին իշխանության դեմ պայքարի իրենց հիմնական քարոզչական փատարկներից մեկը:

Կարևորը նա է, որ Ժիրայր Սեֆիլյանը, իրեն շուրջը հավաքված մյուս անձինք, «ծռերը»՝ մի խոսքով, 2016-ին հայտարարում էին, թե իրենք հենց այդ պահին էլ կազմ-պատրաստ են իրենց ուժերով ազատագրել խնդրահարույց դիրքը (բարձունքը, որը հայտնի է «Լելե Թեփե» կամ Վարազաթումբ անվանումներով), բայց այդ ժամանակվա իշխանությունը, Սերժ Սարգսյանը չեն թողնում ու նման բաներ:

3

Սերժ Սարգսյանն արդեն համարյա երկուսուկես տարի է, ինչ իշխանություն չէ: Իսկ Գարեգին Չուգասզյանը, Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանն արդեն նաև կուսակցություն են դարձել:

Այսօր, թվում է, ճակատագիրն ու իրավիճակը սկուտեղի վրա Ժիրայր Սեֆիլյանին ու նրա շուրջ խմբվածներին մատուցում են ամենահարմար առիթը ամենաքիչը «800 հեկտարի» մասով իրենց ասածները կյանքի կոչելու, իրականացնելու համար: Ո՛չ խանգարող իշխանություն կա, ո՛չ այլ բան:

Բայց արդեն ամենատարբեր մարդիկ, դեռ երեկվանից ուշադրություն են դարձնում, որ Հայաստանով, Արցախով մեկ ալիք տվող կամավորագրվողների, զորահավաքվողների մեջ «800 հեկտարայինները» չեն երևում: Մի վիճակում, երբ երկրով մեկ ազատամարտի վետերանները, անցած 15-20 տարիներին Հայոց բանակում իրենց քաղաքացիական պարտքը պատվով կատարած տղաները, զորակոչի կամ հավաքի կոչերի չսպասելով, կազմակերպված հավաքվում ու մեկնում են ռազմաճակատ, մանավանդ նույն ազատամարտի ժամանակ հայտնի մարտական միավորի նախկին հրամանատարի անձը անխուսափելիորեն հայտնվում է ուշադրույթան կենտրոնում: Մանավանդ, որ նա «800 հեկտարի» «դոկտրինի» հիմնական գաղափարախոսներից էր:

Բայց ոչ մի կոնկրետ տվյալ, գոնե լրահոսում չկա: Միգուցե մարդիկ արդեն ռազմաճակատում էին, Արցախում, պարզապես ոչ էլ ժամանակ էին ունեցել որևէ բան հայտնելու:

Պարզվում է, որ՝ չէ: Սեպտեմբերի 27-ի կեսօրին Ժիրայր Սֆիլյանի ֆեյսբուքյան գրառման մասին է հայտնի, որտեղ նա ասում է, թե բազմաթիվ մարդիկ զանգում են իրենց կամավորագրվելու համար, շնորհակալություն է հայտնում նման պատրաստակամության համար ու գրում է, թե՝ իրենք դեռ հետևում են իրադարձությունների զարգացմանը, իսկ անհրաժեշտության դեպքում կհայտարարեն կամավորների հավաքագրման մասին:

1

Ու մեկ էլ այսօր, սեպտեմբերի 29-ի առավոտյան նախկին օրվա ամսաթվով հայտարարություն է դրել, թե՝ սկսում են կամավորների ցուցակագրումը:

2

Մի վիճակում, երբ արդեն պետական մակարդակով ռազմական դրություն է հայտարարված և ընդհանուր զորահավաք, «ցուցակագրում սկսելը» ամենաքիչը տարօրինակ տպավորություն է թողնում:

Կարճ ասած, այն «ծռերը», որ հավատացնում էին, թե ժամ առաջ ուզում են նետվել՝ հակառակորդից «800 հեկտարը» ազատագրելու, դեռ նախապատրաստության մեջ են, իրադարձությունների զարգացմանն են հետևում, դեռ ցուցակագրվում են...

Իսկ տասնյակ հազարավորները, որ լրահոսում նման հայտնի անուններ չունեն, արդեն վաղուց ցուցակագրվել էլ են, զորահավաքվել էլ են, ու շատերը արդեն զենք ու մարտական առաջադրանք ստացած՝ այն դիրքերում ու տեղերում, որտեղ նշել է հրամանատարությունը:

Դուք դեռ պատրաստվեք, պատրաստվեք:

Հիմա, մի պահ եկեք պատկերացնենք, որ կատարվել է Հայաստանից ռուսական ռազմական բազան հանելու մասին «Ծռերի» այն հիմնական պահանջը, որ նրանք դնում էին նախկին իշխանության ժամանակ ու նաև իշխանափոխությունից հետո: Պատկերացնենք, որ, որպես նախկին իշխանության դեմ զենքով կռված, ոստիկանական զորամաս գրաված ու հայ ոստիկանների սպանության պատճառ դարձած «հեղափոխականների», նոր իշխանությունը ոչ միայն բանտերից ազատել է, այլև հարգել նրանց պահանջներն ու ռուսական ռազմաբազան հանել տվել Հայաստանից՝ փչացնելով կամ նույնիսկ խզելով հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Եթե դա մի պահ պատկերացրեցիք, ուրեմն կպատկերացնեք, թե կոնկրետ այս օրերին ինչպիսին էր լինելու Հայաստանի վիճակը ու քանի ճակատով էր պատերազմը ծավալված լինելու արդեն: Ու եթե էդ ամեն ինչը պատկերացրեցիք, երևի նաև կկռահեք, թե մեծ-մեծ խոսելով, սաստիկ հայրենասիրական ճառերով հանդես եկողների հետևում կանգնածների իրական նպատակները մոտավորապես որոնք էին:

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը