Բաքուն արձանագրում է, որ իրենք չեն կարող հակամարտության լուծման գալ անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ, ով անընդհատ փոխում է իր մոտեցումները
Ադրբեջանը պատերազմական գործողությունների պատասխանատվությունը դրել է Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության վրա։ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը հայտարարել է, որ իրենք երբեւէ չեն համակերպվի ադրբեջանական հողերի եւ Արցախի «մարգարիտի» Շուշիի կորստի հետ, եւ ստիպված են կիրառել ինքնապաշտպանության իրենց իրավունքը։
Այս պնդումների անհեթեթությունը զարմանք է հարուցում։ Փաստորեն, հայկական ուժերի կողմից Շուշիի ազատագրումից ավելի քան 28 տարի անց հանկարծ իրենք հիշել են, որ կորցրել են Շուշին եւ դրա համար պատերազմ են սանձազերծել։ 2 օր առաջ Բաքուն պնդում էր, թե հայերն են նախահարձակ եղել, սակայն լրատվականներով բավականաչափ այս սուտը պտտելուց հետո իրենց համար հասկանալի է դառնում, որ այդ մեղադրանքը որեւէ կերպ չեն կարող ապացուցել, եւ հիշել են Շուշին։
Միաժամանակ, որքան էլ այս պնդումները անհեթեթ են, Ադրբեջանի հայտարարության մեջ կարեւոր ուղերձ կա։ Պատճառների թվում Ադրբեջանը նշել է Նիկոլ Փաշինյանը հայտնի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», ինչպես նաեւ նրա կողմից բանակցային գործընթացը փոխելու փորձերը։
Փաստորեն, բավականին ուղղակի կերպով Բաքուն արձանագրում է, որ իրենք չեն կարող հակամարտության լուծման գալ անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ, ով անընդհատ փոխում է իր մոտեցումները հակամարտության վերաբերյալ, պատասխանատու չէ իր խոսքերի համար, եւ խրվել է գոյություն ունեցող բանակցային գործընթացի շուրջ էքսպերիմենտների մեջ։
Զավեշտ այն է, որ Նիկոլ Փաշինյանին թվում էր, թե գործող բանակցային գործընթացը բավականաչափ լավը չէր, եւ ինքը փորձում էր Ադրբեջանին ավելի ընդունելի լուծում առաջարկել, այնպիսին, որը «ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովրդի համար»։ Իսկ հիմա անձամբ նրան են մեղադրում եւ հակամարտության լուծումները խափանելու, պատերազմը սանձազերծելու մեջ, եւ պայմանավորվելու ունակ չլինելու մեջ։
Բաքուն արձանագրում է, որ իրենք չեն կարող հակամարտության լուծման գալ անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ, ով անընդհատ փոխում է իր մոտեցումները