Կարծիք

19.04.2011 13:32


Երբ մոտենում է ապրիլի 28-ը

Երբ մոտենում է ապրիլի 28-ը

Կարելի է դեմքի ամենալուրջ արտահայտությամբ ցանկացած քայլ արդարացնել պետականության մեծ գիտակցությամբ: Այսպես, կարելի է մանկապարտեզի երեխաների առաջ դռները փակել եւ հորդառատ անձրեւի տակ ետ ուղարկել տուն` պատճառաբանելով, որ նրանք ուշացել են, հետո էլ ասել, թե այսպես կոփում են երեխաներին: Կարելի է դեմքի նույն արտահայտությամբ ասել, որ պայքարում ենք իշխանափոխության համար, բայց չպահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Կարելի է նաեւ դեմքի լուրջ, շատ լուրջ արտահայտությամբ ասել, թե աջակցում ենք գյուղին եւ գյուղացիներին, բայց զբաղվել միայն նրանց թալանելով եւ հողերը խաբեությամբ էժան գներով ձեռք բերելով:

Կարելի է նաեւ դեմքի շատ լուրջ արտահայտությամբ կթվորուհիներին խորհուրդ տալ, որ նրանք կովերին կթելուց առաջ կովի կուրծքը լվանան գոլ ջրով: Ինչու չէ, կարելի է նաեւ դեմքի հենց այդ նույն արատահայտությամբ խոսել տեխնոլոգիաների զարգացման մասին եւ գյուղացիներին խոստանալ, որ նրանք շատ շուտով ապահովված կլինեն ինտերնետով: Ամենայն հավանականությամբ, ինտերնետի օգնությամբ էլ գյուղացիները կիմանան, թե մինչ երբ պետք է իրենց խաբեն կամ էլ կտեղեկանան, թե երբ կլուծվի ոռոգման կամ խմելու ջրի խնդիրները կամ էլ, թե երբ իրենց գյուղում գազ կլինի:

Կարելի է նաեւ դեմքի շատ լուրջ արատահայտությամբ «հեղափոխություն» անել, հետո էլ ասել, թե ոչինչ, կարեւորը հասնենք խորհրդարանի ընտրություններին, հետո մի բան կլինի: Նույն լուրջ դեմքով կարելի է վարչախմբին որակել մոնղոլ-թաթարական տիպի, հետո էլ ձգտել նրա հետ բանակցություններ վարել, ընդ որում սկզբում կարելի է հայտարարել, թե բանակցությունները ընթանալու են բացառապես արտահերթ ընտրությունների նշանակման հարցով, իսկ հետո էլ ասել, թե բանակցությունների ընթացքում քննարկվելու են մարտի 1-ին առաջ քաշված 12 կետերի իրականացման հարցերը:

Ահա նման անհեթեթ իրավիճակում մենք զարմանում ենք, թե ինչու ենք այսքան թուլանում, ինչու ենք այսքան խոցելի դառնում, ինչու ենք զիջում մեր դիրքերը, ինչու է շարունակվում արտագաղթը, ինչու է կապիտալի արտահոսք տեղի ունենում, ինչու են բիզնեսի ներկայացուցիչները ճողոպրում երկրից: Անկեղծ լինենք, դժվար է դիմանալ այս համատարած ստին եւ կեղծիքին, համատարած թալանին եւ համատարած կոպիտ սխալներին:

Այսօր արդեն վարչախմբի ներկայացուցիչները շեշտում են, թե իրենք կողմ են «շինիչ երկխոսությանը» եւ նույնիսկ ասում, թե դրա հիմքերն արդեն կան: Անշուշտ, երկխոսելը վատ բան չէ, բայց երկխոսելուց առաջ պետք է հասկանալ, թե երկխոսության թեման ո՞րն է լինելու:

Այսօր հասարակությունն ապրում է անտեղյակության մեջ եւ կարող է միայն ենթադրություններ անել: Եթե մի պահ պատկերացնենք, որ մինչեւ ապրիլի 28-ը Սերժ Սարգսյանն ազատ է արձակում քաղբանտարկյալներին, խոստանում բացահայտել մարտի 1-ի  ոճրագործությունը եւ Ազատության հրապարակը հայտարարել հանրահավաքաների համար ազատ գոտի, ապա ինչ է անելու Կոնգրեսը: Մի՞թե Կոնգրեսի ղեկավարները նստելու են թաթար-մոնղոլական տիպի վարչախմբի հետ կլոր սեղանի շուրջ եւ քննարկելու են նախարարների եւ վարչապետի հրաժարականի հարցերը: Եթե սա իրականություն դառնա, ապա կարող ենք արձանագրել, որ տեղի կունենա վարչախմբի եւ ՀԱԿ-ի միաձուլում: Այլ կերպ ասած, պարզ է դառնում, որ օր առաջ անհրաժեշտություն է դառնում նոր ուժի ձեւավորումը, որն էլ հենց պետք է զբաղեցնի ընդդիմության համար նախատեսված դատարկ դաշտը: Ավելին, եթե նույնիսկ մինչեւ ապրիլի 28-ը որեւէ պահանջ չկատարվի եւ երկխոսություն էլ տեղի չունենա, ապա միեւնույնն է, նոր ուժի անհրաժեշտությունն ավելի քան ակնհայտ է, որովհետեւ այսօր արդեն պարզ է, որ գործող վարչախմբի եւ ՀԱԿ-ի ղեկավարների տեսակետները մի շարք սկզբունքային հարցերում նույնն են, եւ որ ամենավատն է, նրանք առանձնապես դեմ չեն մեկ օլիգարխի երկիր ստեղծելու ծրագրին:

Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը BBC-ին եւ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Աղդամը մեր հայրենիքը չէ, եւս վկայում է, որ նրանք Արցախի հարցում եւս նույն տեսակետներն են կիսում եւ նույն մոտեցումներն ունեն: Այնպես որ, իսկապես շատ սուր զգացվում է նոր ուժի ձեւավորման անհրաժեշտությունը:

Եւ ամենակարեւորը, այսօր ՀԱԿ-ում հավաքվածների գերակշիռ մասն իսկապես ցանկանում են ունենալ ժողովրդավարական Հայաստան, որտեղ լավ են ապրելու ոչ թե մի քանի ընտանիքներ, այլ բոլորը: Ավելի ճիշտ, բոլորին հավասար հնարավորություններ է տրվելու:

ՀԱԿ-ում հավաքվածների մեծ մասի նպատակը չէ, որ մի քանի ՀԱԿ-ական պատգամավոր դառնան եւ զբաղեցնեն Ժառանգության տեղը եւ հենց այդ նույն ազնիվ զանգվածն էլ մաս է կազմելու նոր ուժին, որը գալու եւ փոխելու է հայաստանյան քաղաքական կեղտոտ դաշտը:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը