Բանաստեղծը կասեր` ո՜վ արդարություն, թո՛ղ որ թքեմ ճակատին քո բաց...
Վրաստանն առաջիններից էր, որ հայտարարեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության նվազմանը նպաստելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու» պատրաստակամության մասին։
Իսկ ի՞նչ է անում իրականում. արգելում է իր տարածքով ռուսական զենք տեղափոխել Հայաստան, բայց թույլ է տալիս, որ Թուրքիան ու Իսրայելը ոկզծի չափ զենք և ռազմական տեխնիկա հասցնեն առանց այն էլ մինչև ատամները զինված Ադրբեջանին։ Երևի կարծում են` դա է տարածաշրջանային կայունությունը վերականգնելու ամենակարճ ճանապարհը։
Ռազմական գործողությունները սկզբից մինչև վերջ` առ այս պահը, ծավալվում են բացառապես Արցախի տարածքում, բայց «լարվածության էսկալացիայով մտահոգ» բոլոր միջազգային կառույցները, հեռու և մոտ, մեծ ու փոքր, տարածաշրջանում շահեր ունեցող ու չունեցող, ազդեցիկ և «չազդեցիկ» բոլոր երկրները, բացի Թուրքիայից (որ, ինչպես և խոստացել էր, հանդես է գալիս որպես հակամարտության «լիարժեք» կողմ), շարունակում են հավասարության նշան դնել Հայաստանի (Արցախի) և նախահարձակ Ադրբեջանի միջև, «կողմերին» հորդորում անհապաղ դադարեցնել կրակը, վերսկսել բանակցությունները և նման սուտուփութ բաներ։
Ի՞նչ է սա, եթե սովորական փարիսեցիություն չէ