Քաղաքական

28.09.2020 17:46


Հրետանու կիրառությունն օրվա ընթացում բավականին մեծ էր, հրետակոծվել են Արցախի հյուսիսային հատվածի բնակավայրերը, այդ թվում՝ Մարտակերտը. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Հրետանու կիրառությունն օրվա ընթացում բավականին մեծ էր, հրետակոծվել են Արցախի հյուսիսային հատվածի բնակավայրերը, այդ թվում՝ Մարտակերտը. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Արցախա–ադրբեջանական սահմանագոտու ողջ երկայնքով շարունակվում են մարտական գործողությունները՝ նույն ինտենսիվությամբ, կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային և հարավային ուղղությունները. Հայկական տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` ինչպես այսօր արդեն նշվել է, Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառության, այդ թվում՝ հրանետային միջոցների կիրառությամբ, նոր հարձակումներ է սկսել, որոնք Արցախի Զինված ուժերը հաջողությամբ հետ է մղում՝ հակառակորդին պատճառելով զգալի կուստներ:

«Րոպեներ առաջ Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութերով հիմնավորված տեղեկություն հրապարակեց, որ հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի բավականին լայնածավալ հարձակողական գործողությունները հետ են մղվել տանկային ստորաբաժանումներով և այդ ընթացքում նրանք կորցրել են ևս 10-11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս ուղղությամբ այս պահին համեմատաբար հանգիստ է, ընթանում է թեթև մարտեր, այլ ուղղություններով մարտերը շարունակվում են: «Հրետանու կիրառությունը օրվա ընթացում բավականին մեծ էր, հրետակոծվել են հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտը, Մարտակերտի հարակից բնակավայրերում կրակի տակ են ընկել լրատվամիջոցների ներկայացուցիչները»,-ընդգծեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ հակառակորդի կորուստները ճշտվում են և լրացուցիչ կհայտնեն այդ մասին: Նա նաև տեղեկացրեց, որ վիրավորների մի մասը տեղափոխվել է ՀՀ հիվանդանոցներ և հոսպիտալներ, վիրավորների մեծ մասն ունի թեթև վիրավորում, շատերը առաջին բուժօգնությունից հետո վերադարձել են շարքեր և կատարում են իրենց մարտական խնդիրները:

Արծրուն Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ վիրավորների թվի նվազում է գրանցվել, քանի որ շատերը ունեցել են թեթև վնասվածքներ և շարունակում են ծառայությունը: Այս պահին վիրավորները մոտավորապես 100-120 են։

«Հայ-ադրբեջանական սահմանին երեկվա հրետանակոծությունից հետո, ըստ էության, ՀՀ սահմանում որևէ այլ հատվածում մարտեր չեն շարունակվել, ծանր վիրավորների մասին այս պահին տեղեկատվություն չեմ կարող ներկայացնել»,-ընդգծեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ անգամ կոչ արեց մեր հայրենակիցներին զանգերը դեպի Արցախ, զորքեր դադարեցնել կամ նվազեցնել՝ զորքերի անվտանգությունը ապահովվելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը