Մեկնաբանություն

29.09.2020 01:10


Ոչ թե «չպարտվել», ոչ թե պարտվելու դեպքում (Աստված մի արասցե) չընդունել պարտությունը, այլ ՀԱՂԹԵ՛Լ

Ոչ թե «չպարտվել», ոչ թե պարտվելու դեպքում (Աստված մի արասցե) չընդունել պարտությունը, այլ ՀԱՂԹԵ՛Լ

Շշմելու բա՛ն է։

Հայաստանը և Արցախը նորից կենաց-մահվան կռիվ են տալիս «տարածաշրջանային գերտերություն» Թուրքիայի և «տարածաշրջանային նավթապետություն» Ադրբեջանի դեմ, քաղաքական ուժերը՝ անկախ «գույնից», պատրաստակամություն են հայտնում համախմբվել Բանակի, Պաշտպանության նախարարության շուրջ և միասնական ուժերով դիմակայել թշնամուն (ի դեպ, որևէ մեկդ տեսել կամ լսե՞լ եք, որ ՀԱԿ-ը և (կամ) Տեր-Պետրոսյանը որևէ կերպ արձագանքած լինեն ադրբեջանական լայնածավալ հարձակմանը), իսկ մեր «գերագույն հրամանատարը», որքան էլ այս ճակատագրական հանգրվանում տհաճ է այդ մասին խոսելը, ռազմահայրենասիրական ճառերի ու գրառումների «արանքում» էլի «հեղափոխության» թաքնված գովազդն է անում։

Իր բոլոր գրավոր ու բանավոր ուղերձները պարտադիր համեմում է «հպարտ քաղաքացիներ» ի սկզբանե «դիսկրիմինացիոն» ձևակերպմամբ. ոչ թե` որովհետև Հայաստանում ու Արցախում կան նաև «ոչ հպարտ» քաղաքացիներ, որոնք կարող են «օտարված» զգալ իրենց հայտարարված համազգային զորահավաքից, այլ` որովհետև ինքն ու իր թիմակիցները, «հպարտ» ասելով, նկատի ունեն բացառապես «հեղափոխությանն անվերապահ աջակցող» շրջանակներին` նրա՛նց է դիմում, ոչ թե ամբողջ ժողովրդին։

Այսինքն, նույնիսկ միասնության կոչելով` բաժանում է և բաժանարար գծեր գծում։ Այդ «շրջանակներում» էլ ադրբեջանական ագրեսիայի երկրորդ օրը առավոտ-շուտ ՖԲ իր էջում մեջբերել էր իր հեղինակած «հիմնի» տողերը` «Բայց մեր կամքը ամուր է քարից էլ, մեր ոգին հանձնվել չգիտի»...

Սա դեռ ոչինչ։ Ավելի վատ է, որ Արցախում ծավալվող մարտերի ամենաթեժ պահին, երբ բոլորիս մտքում միայն հաղթելն է` թշնամու ողնաշարը վերջնականապես ջարդելը, «գերագույն հրամանատարն» ԱԺ ամբիոնից խոսում էր «չհանձնվելու» մասին և հորդորում` «երբեք չընդունել պարտությունը»։ Ի՞նչ է սա նշանակում` որ կարելի է նաև պարտվել, բայց չընդունել, որ պարտվել ես, ու պարտվելով` բարոյական հաղթանա՞կ տանել։

Կամ ինչպե՞ս կարող է «գերագույն հրամանատարը» երկրի գլխավոր քաղաքական ամբիոնից հայտարարել, որ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի, եթե հանուն հայրենիքի ապրե՛լ է պետք, ոչ թե զոհվել։

Ընդհանրապես, ո՞ւմ են պետք «պարտությունը չընդունելու», «զոհվելու» մասին այդ խոսակցությունները, որ ցավալիորեն հիշեցնում են Տեր-Պետրոսյանի բոցաշունչ ելույթը 2008-ի հեղափոխական զորաշարժերից մեկի ժամանակ, երբ ցիտելով Չարենցին` ասում էր. «Թո՛ղ ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»։ Ինչ եղավ Մարտի 1-ին, որտեղ էր ինքը` Տեր-Պետրոսյանը, երբ Երևանի սրտում մարդիկ էին զոհվում իրեն նախագահական տանելու ցնորական գաղափարը կյանքի կոչելու կամ, հակառակը, սահմանադրական կարգի տապալում թույլ չտալու համար, երևի պետք չէ հիշեցնել։

Եվ, ի վերջո, «գերագույն հրամանատարն» ինչպե՞ս կարող էր այն աստիճան շշկռված լինել թշնամու ավելի քան կանխատեսելի գործողություններից, որ պատգամավորների առաջ հանդես գալով և ակնարկելով Արցախին Ադրբեջանի կազմում ինքնորոշվելու նույնիսկ հիպոթետիկ հնարավորության մասին, լեզվի այնպիսի «ճչացող» սայթաքում թույլ տար, ինչպես` Արցախի ինքնավարություն կամ դրանից բարձր մի բան... «Լեռնային Ղարաբաղի կազմում»։ Թե բա`պատերազմը կանխելու միակ ձևը Արցախը որպես ինքնավար միավոր Ադրբեջանի (իր խոսքով` «Լեռնային Ղարաբաղի») կազմում թողնելն է. եթե համաձայն եք, հենց այսօր կարող ենք ընդունել կապիտուլյացիայի վերջնագիրն ու հանգիստ «վեր ընկնել» տեղներս։

Հասկանում ենք, այսօր ժամանակը չէ կենտրոնանալ «գերագույն հրամանատարի» թերացումների, բացթողումների վրա` այլընտրանք չունենք, քան մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և միասնական ուժերով հետ շպրտել թշնամուն։ Բայց կարող ենք, չէ՞, ակնկալել, որ գոնե այս ճգնաժամային պահին «գերագույն հրամանատարն» ադեկվատ կլինի ստեղծված իրավիճակին։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը