Մեկնաբանություն

28.09.2020 12:05


Ինչ է կարելի և ինչ չի կարելի պատերազմի ժամանակ

Ինչ է կարելի և ինչ չի կարելի պատերազմի ժամանակ

Հասկանալի է, որ պատերազմական գործողությունները տարածվում են մեր կյանքի ու գործունեության բոլոր կողմերի վրա: Եվ պատերազմը նաև տեղեկատվական ու մեդիա հարթակներում է ծավալվում: Այդպես եղել է բոլոր ժամանակներում, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների, համացանցի, սոցցանցային հնարավորությունների մեր ժամանակաշրջանում առավե՛լ ևս այդպես է:

Այս մյուս՝ վիրտուալ ու, թվում է, առանց արյան ծավալվող պատերազմն ունի իր նպատակային կամ թիրախային խնդիրները. ապակողմնորոշել հակառակորդի հասարակությանը, ապատեղեկացնել և մատնել շփոթության, հոգեբանորեն ներազդել, ընկճել հակառակորդի հանրությանը, մատնել խուճապի, կոտրել մարտական ընդհանուր ոգին, շեղել տվյալ պահի կարևոր, կենսական խնդիրներից, ըստ հնարավորության՝ լրացուցիչ տեղեկություններ կորզել:

Այս «պատերազմն» էլ, բնականաբար, ունի իր տարրական կանոնները, որոնք պետք է առավելագույնս պահպանել, որոնց մասին երբեք չպետք է մոռանալ: Սա հատկապես վերաբերվում է մասնագիտական պատրաստություն չունեցող սովորական օգտատերերին, որոնց հասանելի է արագ ինտերնետ կապը, որոնք մեծամասամբ սոցցանցերի պարզ «բաժանորդներ» են:

Իհարկե, այս առումով էլ, թե՛ 2016-ի «ապրիլյան պատերազմի» ժամանակ, թե՛ դրանից առաջ և հետո մեր սոցցանցային «հասարակությունը» որոշակի փորձառություն է ձեռք բերել, մարդիկ, համենայնդեպս հուսով ենք, որ մեծ մասը արել է ճիշտ հետևություններ, «ի գիտություն» է ընդունել մեդիաանվտանգության փորձագետների, պարզապես այդ ամենից մի երկու «գիծ» ավելի հասկացող մարդկանց պրակտիկ խորհուրդները: Բայց ամեն պարագայում ավելորդ չէ մեկ անգամ ևս ամփոփ հիշեցնել մի քանի հիմնական պահ կամ «սոցցանցային» ու ոչ միայն սոցցանցային վարքին վերաբերող պարզ կանոն:

Առաջին և հիմնական կանոնը. տեղեկատվություն ստանալիս և հատկապես տարածելիս («շեյրելիս», «կիսվելու» դեպքում) հիմնվել բացառապես պաշտոնական աղբյուրների տեղեկատվության վրա (ՊՆ, ՊԲ, ԱԳՆ, կառավարություն, նախագահական): Սա՝ անկախ այն բանից, թե դուք անձամբ ինչ կարծիք ունեք կամ ինչ եք մտածում կամ մինչև պատերազմի վերսկսվելը ինչպիսի վերաբերմունք ունեիք իշխանության կամ որևէ գործչի նկատմամբ:

Եվ էլի. պետք է հիմնվել բացառապես պաշտոնական տեղեկատվության վրա՝ անկախ այն բանից, թե դուք ձեր միջոցներով ինչ հավելյալ տեղեկություններ ունեք, ենթադրենք՝ մեր Զինուժի մարտական գործողությունների, դրանց արդյունքների կամ հետևանքների մասին, ձեր հարևանի տղան ինչ է զանգել ասել կամ ձեր ազգականն ինչ հաղորդեց:

Այո, հնարավոր է, նույնիսկ, որ ձեզ ճիշտ տեղեկություն են հաղորդել, բայց կարողացեք զսպել ձեզ, մի կորցրեք սթափությունը և սառնասրտությունը, մի շտապեք առաջ ընկնել պաշտոնական տեղեկատվությունից: Վստահ եղեք, որոշ ժամանակ անց, ակտիվ մարտական գործողությունների ավարտից հետո դեռ առիթ կունենաք այդ ամենի մասին արտահայտվելու:

Զերծ մնացեք ինչպես օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող «տեղական», այնպես էլ՝ ուղղակիորեն օտարերկրյա ԶԼՄ-ների մեկնաբանությունները «հալած յուղի տեղ» ընդունելուց և դրանք վերաշարադրելուց:

Երևի ավելորդ ու մի տեսակ արդեն ամոթ էլ է հիշեցնել, որ ոչ մի դեպքում չի կարելի տարածել թշնամական՝ ադրբեջանական ու թուրքական, նաև՝ երրորդ երկրներում գործող «քողարկված» ադրբեջանաթուրքական կայքերի հրապարակումներ կամ դրանցում արտացոլված «տեղեկություններ»:

Հատկապես սոցցանցերում մի մոռացեք, որ «հայագիր» տիրույթը հասանելի է նաև թշնամուն և գտնվում է թշնամական համապատասխան ստորաբաժանումների մոնիտորինգի տակ: Ըստ այդմ, ամեն «հետաքրքրասեր» օգտատիրոջ հետ «չատ» մի մտեք, «ծնոտներդ մի թուլացրեք», որքան էլ որ սիրունիկ աղջկա դեմքով չներկայանա, թեկուզ՝ ամենահայկական անուն-ազգանունով: Բնականաբար, մի պատասխանեք հարցուփորձերին, թե՝ «ոնց եք, ձեր մոտ ինչ է կատարվում... և այլն», կարճ ասած՝ մի «կտցեք» նման խայծերը:

Ոչ մի դեպքում չի կարելի տարածել թշնամուն կողմնորոշող լուսանկարներ, տեսանյութեր: Մանավանդ հրետանային, ԱԹՍ-ների, հրթիռային հարվածների հետ կապված: Դա ուղղակիորեն թշնամուն կրակի ճշգրտման «հետախուզական» անգնահատելի օգնության դեր է կատարում (մանավանդ հրետանային ու հրթիռային հարվածների դեպքում):

Առավել ևս, չի կարելի տարածել զորքերի, զինվորական ստորաբաժանումների, զինվորագրվեածների, կամավորների, զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ լուսանկարներ, տեսանյութեր, տեղեկություններ:

Միաժամանակ, պետք է առավելագույնս ձեռնպահ մնալ սեփական շարժը համացանցում ներկայացնելուց, այն դեպքերում, երբ կամավորագրվել եք, մանավանդ եթե խմբով մեկնում եք, մի նշեք՝ ուր եք մեկնում, քանի հոգի եք, իսկ տեսանյութեր անելու դեպքում աշխատեք չտալ «ընդհանուր համայնապատկեր», որը թույլ է տալիս տեղորոշել պատկերված տեղանքը, մասը:

Եթե դողեր կամ օժանդակության այլ միջոցներ եք հավաքել, հրաշալի է, ուղղակի տարեք ու հանձնեք, հասցրեք տեղ, մի ասեք՝ ուր տարաք, ինչ, որքան ում տվեցիք:

Չի կարելի տարածել պաշտոնապես չհաստատված թվային տեղեկություններ կորուստների, վիրավորների, ճանապարհների բաց ու փակ լինելու, հիվանդանոցների ու բուժհաստատությունների վիճակի, վառելիքի և սննդի պաշարների ու առհասարակ, այն ամենի մասին, ինչը կարող է հետախուզական հետաքրքրություն ներկայացնել թշնամու համար:

Ու ոչ միայն սոցցանցերում: Նաև բջջային հեռախոսակապից օգտվելիս եղեք զգոն: Մի՛ մոռացեք, ժամանակակից բջջային կապի տեխնիկական բնութագիրը այնպիսին է, որ այն կարող են «որսալ» նաև թշնամական կապի-հետախույզները: Ելեք նրանից, որ «չլսվող կապի միջոց» չկա: Սա՝ հատկապես, երբ կապ եք հաստատում Արցախում, սահմանամերձ գոտում գտնվող հարազատների, ընկերների, ծանոթների հետ:

Որքան էլ որ «ճչան» վերնագրերով հրապարակումներ հանդիպեն, մի շտապեք կիսվել, նախ նայեք, թե դա ինչ կայք է, ինչ աղբյուր է: Առավել ևս, եթե դա անծանոթ կայք է, մի օգտվեք դրանից, բնականաբար, մի՛ «կիսվեք» այդ հրապարակումներով:

Ավելին, նույնիսկ եթե դա «am» տիրույթի կայք է, ստուգեք, քանի որ թշնամիներն էլ կարող են նույն տիրույթում գործել: Օգտվեք հայտնի ու ստուգված տեղեկատվական կայքերից:

Մի՛ մոռացեք, որ թշնամական համապատասխան ստորաբաժանումները կարող են նաև «կոտրել» տարբեր տեղեկատվական կայքեր (ինչի նման մի բան այս ընթացքում արդեն եղավ), ուստի, եթե մտել եք ձեր «ծանոթ» կայք ու հանդիպել արտառոց տեղեկատվության, զսպեք այն «վերահաղորդելու» բնական գայթակղությունը, ստուգեք, նայեք այլ կայքեր, նայեք պաշտոնական աղբյուրները, ՊՆ, ՊԲ պաշտոնական ներկայացուցիչների էջերը: Հիշեք, դուք ոչ BBC-ին եք, ոչ էլ՝ CNN-ը, ու նրանից, որ մի կես ժամ հետո ինչ-որ բան ասեք, «աշխարհը շուռ չի գալու», մինչդեռ չստուգված ու կասկածելի տեղեկություն տարածելով կարող եք ձեր «ֆրենդության» տիրույթի, իսկ առանձին դեպքերում՝ սոցցանցային հարթակի «հայագիր» հատվածի մասշտաբով իրարանցում հարուցել ու վնաս պատճառել:

Որոշակի նրբերանգներ կան արդեն նաև մասնագետների համար: Պետք է գործել առավելագույնս համակարգված, սա այն դեպքը չէ, երբ կարևոր է լուրն առաջինը հաղորդելը (ստուգել և վերստուգել, չշեղվել բանակի ընդհանուր ուղղությունից): Թշնամական ապատեղեկությունների հերքման հարցում էլ արժե հավելյալ զգոնություն և մասնագիտական հնարամտություն գործադրել՝ չերկրորդելու համար նրանց ասածներն ու ակամայից չդառնալով այդ ապատեղեկատվության բովանդակության «վերահեռարձակողը»: Առավել ևս՝ «օն-լայն» հեռարձակվող ասուլիսների ժամանակ սա արժե հատուկ հաշվի առնել:

Առնվազն պետք է ուշադիր լինել և այն հարցում, որ ընթացող մարտական ակտիվ գործողությունների պայմաններում անընդհատ չսևեռվեք և ձեր հեռուստա և ռադիո լսարանին չսևեռեք կոնկրետ «տարածքային շարժերի» վրա: Երբ դրա անհրաժեշտությունը լինի, ԶՈՒ ներկայացուցիչներն իրենք կնշեն, թե որտեղ են առաջ շարժվել, որտեղ հետ են քաշվել և այլն:

Ու էլի՝ այս փուլում, որքանով դա հնարավոր է, բավարարվել նրանով, ինչ հայտարարում են նման իրավասություն ունեցող ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ պաշտոնական ներկայացուցիչները:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը