Աշխարհ

28.09.2020 11:47


Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ՝ կարևորելով բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումը

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ՝ կարևորելով բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, գրում է haqqin.az-ը։

Նշվում է, որ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան մտահոգված է հայ-ադրբեջանական շփման գծում զինված հակամարտությամբ և կարևորել է բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումը:

Ալիևն, իր հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում տիրող լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար մեղադրել է Հայաստանին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

Այս խորագրի վերջին նյութերը