Լրահոս

26.09.2020 16:49


Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում առաջին դասարանի 3 դասվար վարակվել է կորոնավիրուսով

Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում առաջին դասարանի 3 դասվար վարակվել է կորոնավիրուսով

Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում առաջին դասարանի 3 դասվարի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը։

«Այն դասարանները, որտեղ իրենք դասավանդել են, անցել են հեռավար ուսուցման։ Բնականոն դասապրոցեսը դպրոցում շարունակվում է, 40 բացակա է եղել 500 հոգուց»,-ասաց նա։

Օֆելյա Կամավոսյանի խոսքով՝ սա միակ դպրոցը չէ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր, Տավուշի մարզի Նոյմբերյան քաղաքի դպրոցներում ևս գրանցվել են դեպքեր։

Ըստ նրա՝ դպրոցները ժամանակավորապես փակելու մասին խոսք չկա։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցի համաձայն՝ սովորողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության հաստատման դեպքում՝ դադարեցվում է տվյալ դասարանի աշակերտների դպրոց հաճախումը 14 օրյա ժամկետով՝ կապ հաստատելով Առողջապահության նախարարության հետ (թեժ գծի հեռախոսահամար՝ 8003):

Դպրոցի անձնակազմի և սովորողների ընդհանուր թվի 10 տոկոս և ավելիի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքում ժամանակավորապես դադարեցվում է դպրոցի գործունեությունը: Մնացած բոլոր դեպքերում ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ ելնելով համաճարակաբանական ցուցումից:

Մի քանի դասարաններում և/կամ խմբերում դասավանդող ուսուցչի վարակման դեպքում, հաշվի առնելով տարբեր դասարաններում նրա դասավանդման առավելագույն ժամաքանակը, կարող է 14 օրյա ժամկետով դադարեցվել տվյալ դասարան(ներ)ի սովորողների և անձնակազմից այդ ուսուցչի հետ անմիջական շփում ունեցած(ներ)ի հաճախումը դպրոց:

Այս խորագրի վերջին նյութերը