Մեկնաբանություն

26.09.2020 23:40


Ճգնաժամաստեղծ կառավարություն

Ճգնաժամաստեղծ կառավարություն

Հազար անգամ ասել ենք, ստիպված ենք ևս մեկ անգամ արձանագրել` Փաշինյանն ինչ անում է` «խիյարը թարս է բուսնում», ինչին ձեռք է տալիս, ինչի կողքով անցնում է` փչացնում է։

Իշխանությունը ոչ միայն անկարող է լուծել պետության, ժողովրդի առջև կանգնած խնդիրները, այլև ինքն է դարձել անիշխանության, քաոսի, փակուղային իրավիճակների անսպառ աղբյուր։ Ուր նայում ես` համատարած քաոս է և ճգնաժամ. լինի կորոնավիրուսի դեմ ինքնամոռաց «պայքարը», հանրակրթությունն ու բուհական կրթությունը (մի ռեկտորի ընտրությունն ի՞նչ է` էդ էլ չեն կարողանում անել առանց «չեպեների»), արտաքին քաղաքականությունը, Արցախյան հակամարտության կարգավորումը, դատաիրավական համակարգի «բարեփոխումը», կոռուպցիային հայտարարված «պատերազմը», գյուղատնտեսությունը, թե էլի ինչ-որ բան։

Կողքից նայելիս` տպավորություն է ստեղծվում, թե սրանց «կոչումը», առաքելությունը, բանուգործը չեղած տեղը ճգնաժամ գեներացնելն է, հնարավոր ամեն ինչ, ցանկացած գործընթաց փակուղի մտցնելը, կյանքի «մեգանպատակն» էլ` իրենց իսկ սարքած անվերծանելի քաոսը հերոսաբար հաղթահարելը, որպես կանոն` ունքը սարքելու փոխարեն աչքը հանելով, մի ծուղակից դուրս չեկած` ընկնելով մյուսի մեջ, խճճվելով սեփական չկայացածության, ապիկարության, բարդույթավորվածության ցանցում։

Այն, ինչ այսօր կատարվում է Սահմանադրական դատարանի շուրջ, ասվածի ամենավառ ապացույցն է։

Ընդամենը առանձին մեկ քվազիքրեական գործով «գլխավոր հրամանատարի» սրտի քաղաքական որոշումն առաջ «բրթելու» խաթեր, կացինն առած` ընկան ՍԴ դատավորների հետևից, հայտարարեցին, որ ՍԴ-ն «այս կազմով» չի քննելու իրենց սրտի գլխավոր մեղադրյալ նշանակված Ռոբերտ Քոչարյանի հարցը, ու անցան գործի` սկսեցին քանդել այդ կառույցը։

Որպես սկիզբ, ՍԴ «հին», ասել է թե` Նիկոլի թրի տակով չանցած դատավորներին օրենքից դուրս հռչակեցին, ավետեցին ՍԴ-ի շուրջ ստեղծված անհաղթահարելի ճգնաժամի մասին և չեղած ճգնաժամն օր առաջ «հանգուցալուծելու» մտասևեռումը դարձրին «թավշյա նոր Հայաստանի» հիմնական առաջնահերթություններից` «մեգանպատակներից» մեկը։

Սահմանադրությունը սարքեցին ոտքի տակի չուլ, սահմանադրական կարգավորումների և օրենքների վրա խորապես թքած ունենալով, իրար հետևից`շարան-շարան տասնյակից ավելի հակասահմանադրական ակտեր ընդունեցին, օրինաստեղծ մարմինը վերածելով ճչացող իրավական կամայականության, անօրինականության, բեսպրեդելի վավերացման բութ գործիքի։ Նշանակեցին ՍԴ դատավորներին ապօրինաբար գործից ազատելու հակասահմանադրական հանրաքվե նշանակեցին, հետո` «սխալվելով` հաղթելու» վճռականությամբ չեղարկեցին և քայլարած մեծամասնության «միանձնյա» քվեարկությամբ անցկացրին ՍԴ կազմը «նենգափոխելու» նոր փաթեթ, անունը դրեցին` «սահմանադրական փոփոխություններ»։

Նիկոլի ու իր «կամանդի» սև ցուցակում հայտնված բոլոր դատավորների հախից գալ չհաջողվեց, բայց գոնե երեքին ապօրինաբար ազատեցին զբաղեցրած պաշտոններից (ինչպես ասում են, «շնից մազ պոկելն էլ» մի բան է)։

Դժվարությամբ` տևական «ներտեսակային խմորումներից» հետո, մի կերպ համաձայնության եկան ՍԴ դատավորների փոխարինիչների թեկնածուների հարցում` նախապես բոլորին պիտակներ կպցնելով, մեղադրեցին «նախկինների» հետ հանցավոր կապեր և հանցավոր անցյալ ունենալու, կոռուպցիոն մութ գործարքներից անմասն չլինելու մեջ, բայց, ի վերուստ իջեցված հրահանգին հլու-հնազանդ, ՍԴ թափուր տեղերը համալրեցին կանխավ ոչ լեգիտիմ «հին նոր» դատավորներով, ու թեթևացած շունչ քաշեցին։

Փաշինյանն անձամբ օր օրի պակասող իր ֆանատներին աչքալուսանք տվեց, թե վե՛րջ, Սահմանադրական դատարանի ճգնաճամն այլևս «վերջացած» է. իհարկե, սա դեռևս իր սրտի «իդեալական» դատարանը չէ, բայց «կուտվի», որպես ժամանակավոր լուծում։ Մեկ է, էսօր-էգուց Սերժի համար կարված «կոստյումը»` Սահմանադրությունը, որ առաջ լավ էլ իր հագով էր, հիմա նեղ է գալիս վրան, և ճիշտ ժամանակն է` նոր «կոստյում» կարելու, ազատվելու կաշկանդող «մանրամասներից», ինչպիսին, օրինակ, իրենից անկախ` սահմանադրորեն անկախության որոշակի ատրիբուտներ ունեցող Սահմանադրական դատարանն է, և սինթեզել ՍԴ և Վճռաբեկ դատարանի գործառույթները համատեղող «նոր մարմին»` նոր մարդկանցով ու խաղի նոր` «թավշյա» կանոններով։

Կստացվի՞, թե՞ չէ, մեծ հարցական է։ Նոր Սահմանադրությունը նախապատրաստող հանձնաժողովում ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ չկա որևէ երաշխիք, թե այս դեպքում էլ գործընթացը փակուղի չի մտնի։ Պատահական չէ, որ եթե օրեր առաջ Փաշինյանն աներկբա ասում էր`կառավարման համակարգը չի փոխվելու, հիմա արդեն ՔՊ-ից ձայներ են լսվում, թե պետք է հրաժարվել խորհրդարանական կառավարումից և վերադառնալ նախագահական (կամ կիսանախագահական) համակարգի։ Այդպես երևի ավելի հեշտ կլինի խուսափել ոչ ամբոխահաճո որոշումների համար պատասխանատվությունից և քավության նոխազներ գտնել` ի դեմս գործադիրի։

Այնպես որ, այդ խմորը դեռ շատ ջուր կքաշի։ Իսկ մինչ այդ ՍԴ-ն կանգնած է բառացիորեն ոչնչից ստեղծված միանգամայն իրական, առարկայական` տեսանելի և շոշափելի ճգնաժամի առաջ. դատավորներն ամբողջ երեք օր քափ-քրտինք մտած` «աշխատել» են, բայց այդպես էլ չեն կարողացել ՍԴ նախագահ ընտրել։ Տեղի է ունեցել աննախադեպ մի բան. առաջադրվել է ընդամենը մեկ թեկնածու` Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանը, բայց չի ընտրվել։ Որքան էլ արտառոց է, 9 դատավորներից ու դատավորների փոխարինիչներից միայն 2-ն են քվեարկել նրա օգտին, որոնցից մեկն ինքն է, երեքը դեմ են քվեարկել, մյուսները չեն մասնակցել քվեարկությանը։

Ընտրությունը տեղափոխվել է երկրորդ փուլ, բայց երկրորդ փուլում էլ կարող է նույնը կրկնվել` նկատի ունենալով ՍԴ-ում Նիկոլի և իր ջոկատի թեթև ձեռքով հաստատված ուժերի «անկայուն հավասարակշռությունը»։

«Պահանջվում էր» ճգնաժամ, և այդ ճգնաժամն այլևս իրողություն է։ Եվ այդպես էլ պիտի լիներ, քանզի զրոյից ճգնաժամ ստեղծելը միակ բանն է, որ ճգնաժամաստեղծ այս իշխանությունը ուզում է և կարողանում է անել։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը