Մեկնաբանություն

26.09.2020 11:50


Ծառուկյանին կալանավորելու հնարավոր շարժառիթներն ու Փաշինյանի արկածավրեժխնդրությունը

Ծառուկյանին կալանավորելու հնարավոր շարժառիթներն ու Փաշինյանի արկածավրեժխնդրությունը

Անկախ այն բանից, թե դաշտում եղածներից ով ինչպիսի վերաբերմունք ունի ԲՀԿ ղեկավար ու մեծահարուստ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, բոլորն էլ հասկանում են, որ նրան կալանավորելու որոշումը ոչ թե դատական, այլ քաղաքական ակտ է: Դա հասկանում են նույնիսկ այն փաշինյանականները, ովքեր հեքիաթներ են պատմում այդ ու ոչ միայն այդ առնչությամբ:

Ա) Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշումը քաղաքական է և, ըստ էության, քաղաքական հետապնդում: Կալանավորումն այդպիսի բնորոշում և բովանդակություն է ստանում այն պատճառով, որ հետապնդումն իրականացվում է գործող խորհրդարանում փաստացի միակ ընդգծված ընդդիմադիր ու կազմով երկրորդ խմբակցության ղեկավարի դեմ: Ավելին, դա իրականացվում է այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանն ուղղակիորեն պահանջեց գործող կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանով հանդերձ, իսկ նախքան կալանավորումը հրապարակավ վերահաստատեց մոտ երկու ամիս առաջ հնչեցրած իր պահանջը:

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը կարող է նորանոր «կռուտիտներ» մոգոնել ու ֆեյսբուքներում ստատուսվել, բայց դրանից երևույթի էությունը չի փոխվում, դատարանի դահլիճում հրապարակված որոշումը չի դադարում քաղաքական ակտ լինելուց:

«Նոր» կամ Փաշինյանի վարչապետած Հայաստանում, որը ժողովրդավարական բառաթեփով փաթեթավորված ծաղրանկարային բռնապետություն է, իշխանության ընդդիմախոսների և քաղաքական հակառակորդների հետապնդումը այլևս գործելակերպ է: Նիկոլ Փաշինյանը՝ իր նեոբոլշևիկյան ընկալումներով, անկարող է հանդուրժել որևէ ընդդիմախոսի կամ այլ կուսակցության գոյություն և գործունեություն:

Բ) Բացի վերոնշյալ՝ ավելի ընդհանուր քաղաքական շարժառիթները կամ պատճառները, կան նաև օպերատիվ-քաղաքական, եթե կուզեք՝ տեխնիկական խնդիրներ: Խոսքն, իհարկե, հոկտեմբերի 8-ին նախատեսված հանրահավաքի մասին է, որի կազմակերպիչներն են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիք»-ը: Նիկոլ Փաշինյանի ընթացիկ կարճաժամկետ նպատակներից մեկը այդ հանրահավաքի ձախողումը կամ այն ընդհանրապես թույլ չտալն է: Իշխանության եկած «թավիշների» ընկալմամբ՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը թույլ կտա հասնել այդ նպատակին:

Իշխանությունն այնքան «դուխով» է վախենում 1 (մեկ) հանրահավաքից, որ որոշել է չխորշել ցանկացած միջոցից՝ կարծելով, թե այն արդարացնում է նպատակը: Մինչդեռ, շատ հնարավոր է, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը հակառակ էֆեկտ ունենա և ավելի մեծացնի հետաքրքրությունը հոկտեմբերի 8-ի հանրահավաքի նկատմամբ՝ հրապարակ բերելով նաև այնպիսի ուժերի կամ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների, որոնք մինչ այդ չէին էլ նախատեսում այնտեղ գնալ:

Գ) Գագիկ Ծառուկյանի կալանավորումը, ի լրումն ամենի, անձնական վրեժխնդրության դրսևորում է: Հանրահայտ է, որ նախկինում էլ Գագիկ Ծառուկյանի ու Նիկոլ Փաշինյանի, այսպես ասենք՝ «հարաբերությունները» լավը չեն եղել, ավելին, մի քանի անգամ առանձնահատուկ «սրվել» են այդ հարաբերությունները, դեռ 2000-ականներին:

Չնայած «թավշյա», անարյուն հեղաշրջման ժամանակ Ծառուկյանը շտապեց «միանալ ժողովրդին», ապա ԲՀԿ-ն աջակցեց Փաշինյանին՝ համեմատաբար օրինական եղանակով վարչապետ հռչակվելու հարցում, անգամ Ծառուկյան-Փաշինյան համագործակցության հուշագիր ստորագրվեց և այլն, պարզ էր, որ Նիկոլը իր հին մուռը մի օր մի ձև հանելու է: Փաշինյանը մեկ անգամ չէ առիթ տվել համոզվելու, որ ինքը հիշաչար, ատելությամբ ու անձնական վրեժխնդրությամբ առաջնորդվող մեկն է:

Գագիկ Ծառուկյանի կալանավորումը դրա հավելյալ ապացույցն ու դրսևորումն է:

Մյուս կողմից, կալանքը գնդակահարություն չէ, ի վերջո, դա էլ է անցնելու: Բայց այ, Նիկոլ Փաշինյանը արեց ամեն ինչ՝ քաղաքական ընդդիմախոսից բացի, ևս մեկ ազդեցիկ անձնական թշնամի ստանալու համար:

Դ) Հայաստանի «նեոբոլշևիկյան» իշխանության առաջնահերթ նպատակ-խնդիրներից մեկը սեփականության վերաբաշխումն է: Գագիկ Ծառուկյանը առավել նկատելի ու խոշոր սեփականատեր է: Եվ նրա կալանավորմամբ Փաշինյանը տալիս է «սեփականության վերաբաշխման» պրակտիկ փուլի մեկնարկը: Հարցը այն չէ, որ ուզում են խլել Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը: Ավելի ճիշտ, միայն դա չէ հետապնդած նպատակը, այլև այն, որ նրա կալանավորումը պետք է որ յուրօրինակ ազդանշան լինի մյուս խոշոր, բայց «նախկին» ու «նախկինոտ» սեփականատերերին, որպեսզի «կամավոր-պարտադիր» մոտեցմամբ Փաշինյանին ու փաշինյանականներին «նվիրեն» իրենց սեփականությունից այն ամենը, ինչ մնացել է վերջին երկու տարվա ընթացքում «հիմնադրամայնորեն» մուծվելուց հետո:

Ե) Եվ լրացուցիչ ընթացիկ շարժառիթներից մեկն էլ, ինչի պատճառով Փաշինյանի իշխանությունը գնաց Ծառուկյանին կալանավորելու քայլին, ըստ երևույթին առկա արտաքին-քաղաքական խնդիրներից, Հայաստանի շուրջ թուրք-ադրբեջանական տանդեմի լարած պատերազմական սպառնալիքներից, թշնամու հետ «կոնֆիդենցիալ» ինչ-որ պայմանավորվածությունների վերաբերյալ սկանդալային ու անախորժ «խոսքուզրույցից» ուշադրություն շեղելն է:

Բնականաբար, թվարկվածը հնարավոր կամ տրամաբանորեն ենթադրելի շարժառիթներ են: Բայց մեկ բան կարելի է ոչ թե ենթադրել, այլ վստահորեն պնդել. պետության ղեկին արկածախնդիր, անպատասխանատու, անձնական քինախնդրությամբ ու խմբակային շահերով առաջնորդվող որևէ մեկի հայտնվելը դառնում է տվյալ պետության ողբերգությունը, որոշակի դեպքերում՝ կործանման տեսքով:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը