Մեկնաբանություն

25.09.2020 20:00


Ոստիկանապետությունն ու գեղարքունեցիները

Ոստիկանապետությունն ու գեղարքունեցիները

Գեղարքունիքի մարզում, ինչպես կյանքը ցույց է տալիս, առանձնահատուկ «հարաբերություններ» են ոստիկանության հետ: Դա առավել ևս հետաքրքիր է, եթե հաշվի առնենք, որ վերջին երկու տարիներին ու հատկապես «արտակարգ կարանտինի» ընթացիկ շրջանում Հայաստանում գործնականում ոստիկանապետություն է հաստատված:

Ճիշտ է, միանգամից պետք է վերապահում անել, որ խոսքը Գեղարքունիքի ամբողջ մարզի մասին չէ, այլ թերևս երկու կոնկրետ բնակավայրերի՝ Նորատուսի և Ծովագյուղի: Նորատուսի հետ կապված, թերևս շատերը կհիշեն ոչ այնքան վաղուց, կոնկրետ ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած արյունոտ դեպքերը: Կհիշեք, երկու հոգու սպանությունից հետո սպանվածների հարազատներն ու համագյուղացիները, չնայած բազմաթիվ ոստիկանների ու այն ժամանակվա ՀՀ ոստիկանապետի՝ Գավառում գտնվելուն, ներխուժել էին մարզկենտրոնի հիվանդանոց՝ ցանկանալով արյան վրեժ լուծել ենթադրյալ սպանողներից, որոնք ևս տուժել էին նախորդ ընդհարման ժամանակ:

Այս անգամ, արդեն Ծովագյուղի մատույցներում ծավալված դեպքերի շարժառիթն այլ է և դրա ընթացքն էլ է տարբերվում:

Ըստ տարածված լուրերի, նախ «Գազպրոն Արմենիա»-ի աշխատակիցներն են հարձակման ենթարկվել մի քանի տասնյակ ծովագյուղցիների կողմից: Իսկ «Գազպրոն Արմենիայի» աշխատակիցներն այնտեղ էին մեկնել գործի բերումով՝ գազի կորուստների հետ կապված հարցերով:

Հետո ոստիկանությունն է եկել՝ ներառյալ տեղի քաղաքային ոստիկնապետերը: Մասնավորապես այնտեղ են եղել Գավառի, Սևանի, ըստ որոշ տեղեկությունների, նաև՝ Մարտունու ոստիկանապետերը: Տարածված լուրերի համաձայն՝ Ծովագյուղի գյուղապետ Վահրամ Գևորգյանն էլ է դեպքի վայրում եղել, բայց ոչ թե հանդարտեցրել, այլ բորբոքել է համագյուղացիներին: Մի խոսքով, մի քանի տասնյակ ծովագյուղցիներ ծեծել են ոստիկանության աշխատակիցներին՝ ներառյալ ոստիկանապետերին: Ըստ որում այնպես, որ Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանի աչքը վիրահատելու անհրաժեշտություն է առաջացել, ի լրումն նրան տեղափոխել են երևանյան հիվանդանոցներից մեկը:

Հասկանալի է, իհարկե, որ գործ է հարուցվելու, քննություն է կատարվելու և չի բացառվում, որ մի քանի տասնյակ ծովագյուղցիներ հայտնվեն անազատության մեջ: Բայց դա դեռ իր հերթին:

Երևույթն ինքնին ուշադրություն է գրավում իր բնույթով: Երևի մեկ էլ 90-ականների կեսերի կիսաիշխանական վիճակներում էր նման բան հնարավոր: Իսկ «նոր Հայաստանում» արդեն մի տեսակ սովորական են դառնում

ա) ոստիկանների կողմից մարդկանց դեմ խմբակային բռնույթունները (դիմակ չկրելու հետ կապված «բերման ենթարկելու» բազմաթիվ դրվագներից թեկուզ մեկ-երկուսը կարելի է մտաբերել, զանազան բողոքի ակցիաների մասնակիցների վրա հարձակումներկ), և

բ) բնակչության տարբեր խմբերի կողմից ոստիկանների դեմ բռնությունը՝ ամենատարբեր հարցերի հետ կապված, ամենատարբեր պատճառահետևանքային շղթաներով պայմանավորված:

Նման դեպքերն ու դրանց հաճախակիացումը վկայում են, որ նախ, ոչ ուժային կառույցները, ինչպես տեղական իշխանության մարմինները, այնպես էլ ու հատկապես՝ տարածքային կառավարման մարմինները տեղերում չեն կարողանում խնդիրները լուծել ու կարգավորել այնպես, որ բանը չհասնի ուժային կամ պատժիչ «օրգաններին»:

Ի լրումն, երկրում աստիճանաբար վերաարմատավորվում է «բեսպրեդելի» ու ամենաթողության միջավայրը, այն մթնոլորտը, որ ում ուժն ու զոռը որքան կպատի, այնքան կպոկի:

Ու այդ ամենը գալիս է «կենտրոնական իշխանությունից», պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանից ու նրա կառավարության անարդյունավետությունից և գործունակ չլինելուց:

Հարցը միայն ուժի կիրառումը և ցուցադրումը չէ, հատկապես պետության ներսում՝ սեփական քաղաքացիների դեմ: Հարցն այն է, որ այդ իշխանությունը չունի հեղինակություն: Հակառակ դեպքում՝ իշխանությունը ներկայացնող ոստիկանության տասնյակ աշխատակիցների վրա հազիվ թե նման՝ «ամբողջ գյուղով» հարձակում հնարավոր լիներ:

Հարցն այն է, որ եթե իշխանությունը կարծում է, թե իրեն կարելի է ամեն ինչ, այդ մտայնությունը դառնում է տիրապետող, և մյուսներն էլ, հնարավորության դեպքում, ձգտում են նույն մոտեցմամբ լուծել իրենց հարցերը: Կապ չունի՝ դա անտառահատում անելու հարց է, թե «լևի գազի»:

Հնարավոր է, իհարկե, որ իջևանյան տարբերակով, վաղը մյուս օրը Ներքին զորքերը հիմա էլ Ծովագյուղը գրավեն, գիշերով մտնեն տները, ծեծեն, ջարդեն, խոշտանգեն: Հնարավոր է, եղել է, ի վերջո սա «նոր Հայաստանն» է՝ իր իսկապես աներևակայելի «հնարավորություններով»: Բայց դա խնդիրների լուծում չէ, այլ բարդացում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը