Կարծիք

27.09.2020 09:10


Անկա՞խ է արդյոք Հայաստանը

Անկա՞խ է արդյոք Հայաստանը

Հայաստանում «անկախության» մասին բազմաթիվ սպեկուլյացիաներ է կարելի լսել ու կարդալ։ Բազմաթիվ խմբեր փորձում են քաղաքական կյանքում հայտ ներկայացնել՝ որպես նպատակ ընտրելով Հայաստանի անկախության համար պայքարն ու որպես թիրախ՝ այս կամ այն երկիրը, որը մեզ «զրկում» է անկախությունից: Պայքարի թիրախներն են «ԿԳԲ»-ն, «ՑՌՈՒ»-ն, «Մոսադը» և այլ երկրներ ու կազմակերպություններ՝ ըստ ճաշակի ու երևակայության։ Որքանով այդ պնդումները պարզունակ են, այնքանով համակիրները՝ հոծ: Հասկանալի է, բարդ մտքերը մեծ լսարան չեն հավաքում: Առաջանում է հարց, իսկ ի՞նչ է պետք անել, որ լինի իրապես անկախ երկիր ու արդյոք Հայաստանն իրականում այդպիսի՞ն է։

Անկախությունն ու սուվերենության աստիճանը

Եթե խնդրին մոտենանք իրավաբանական կերպով, ապա Հայաստանը 193 երկրների շարքում անկախ, միջազգայնորեն ճանաչված երկիր է, սակայն ակնհայտ է, որ ովքեր նպատակ են հետապնդում պայքարել հանուն անկախության, այլ բան նկատի ունեն` ըստ երևույթին ցանկանում են բացառել Հայաստանի կախվածությունն այլ երկրներից ու միջազգային կառույցներից: Փորձենք օրինակի վրա տեսնել, թե տարբեր երկրներ ինչպես են բարձրացնում իրենց սուվերենության աստիճանը:

Սուվերենության աստիճանը ցույց է տալիս այս կամ այն երկրի կախվածությունն այլ երկրներից ու միջազգային կառույցներից: Մասնավորապես, Մեծ ԲրիտանիանԵՄ-ից դուրս գալը` Brexit-ը, հիմնավորում էր նրանով, որ չի ցանկանում իր սուվերենության, այսինքն՝ մի մասը լիազորել ԵՄ-ին, այսինքն՝ Բրիտանիան ցանկանում էր լինել մաքսիմալ անկախ: Եթե Հայաստանը անդամագրվում է ԵԱՏՄ-ին կամ ՀԱՊԿ-ին, ապա իր սուվերենության մի մասը զիջում է այդ կառույցին, իսկ եթե ցանկանում է անդամագրվել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին, ապա` նրանց: Այլ բան է, եթե առհասարակ ոչ մեկին չանդամագրվի, սակայն «անկախության» կողմնակիցները նման խնդիր չեն քննարկում, այլ քննարկում են այլընտրանքային կախվածության նպատակահարմարությունը, որից կարելի է եզրակացնել, որ խոսքն «անկախության» մասին չէ, այլ` այլընտրանքային կախվածության նպատակահարմարության, ինչի մասին ուղղակիորեն չի խոսվում։

Անկախության իսրայելական տարբերակը

Սուվերենության աստիճանը կախված է մի շարք հանգամանքներով՝ անվտանգության մակարդակ, տնտեսության, դեմոգրաֆիայի ու պարենային ապահովության վիճակ, իշխանության ճյուղերի լեգիտիմության աստիճան, ռազմական ինքնուրույնությունը, հանրային արժեքային համակարգը, որը մեծամասնությունը կիսում և ընդունում է և այլն։ Խոսել իրական, այլ ոչ թե իրավական անկախության մասին, նշանակում է ապահովել այդ բոլոր ոլորտների ինքնաբավությունը։ Բնականաբար, միջազգային հարաբերություններում ընթանում է պայքար սեփական սուվերենության աստիճանը բարձրացնելու և մյուսների՝ բարեկամ ու հակառակորդ երկրների, սուվերենության աստիճանն իջեցնելու համար։ Դա է միջազգային հարաբերությունների իրական բնութագիրը, որտեղ չկան հավերժ բարեկամներ ու հավերժ թշնամիներ։

Բերենք Իսրայելի ռազմական արդյունաբերության պատմությունից օրինակներ, որոնք հետաքրքիր են մեզ համար։

1947-1949 թվականի արաբաիսրայելական պատերազմը (սկզբնական փուլում հրեաների ինքնապաշտպանության ջոկատների ու արաբական երկրների զորքերի միջև) Իսրայելում անվանում են Անկախության համար պատերազմ։ Չնայած հրեաների համաշխարհային ազդեցության մասին բազմաթիվ առասպելներին, նրանց ոչ մի երկիր զենք չի վաճառում, միայն Ստալինը նրանց վաճառեց Չեխոսլովակիայում պահեստավորված գերմանական զենքերը, այդ թվում երեք Մեսերշմիդներ (որոնց վրայի սվաստիկան հրեաները ժամանակ չունեին մաքրել) և որոնցով ռմբակոծում էին արաբներին։ Հրեաներն ընդունում են, որ չլիներ Ստալինի որոշումը, հնարավոր է՝ այսօր Իսրայել պետությունը չլիներ։

Ռազմական արդյունաբերություն ստեղծելն Իսրայելի անկախության համար գլխավոր նպատակը դարձավ, որը նրանց թույլ կտար լինել իրոք անկախ երկիր։ 1967 թվականի արաբաիսրայելական պատերազմից հետո աշխարհի խոշորագույն զենք արտադրողները հրաժարվում են Իսրայելին զենք վաճառել (զենքի էմբարգո է հայտարարվում), որի պատճառով ստիպված էին սեփական ռազմական համալիր ստեղծել՝ դրա համար ծախսելով անգամ բյուջեի 40%-ը:

Մի շատ կարևոր հանգամանք՝ երբ Իսրայելը որոշել էր սեփական ուժերով արտադրել գերժամանակակից ռմբակոծիչներ, Միացյալ Նահանգները, լինելով Իսրայելի անվտանգության գլխավոր երաշխավորն ու ռազմավարական դաշնակիցը, ամեն ինչ անում էր, որպեսզի խոչընդոտի դա՝ խոստանալով լավագույն ինքնաթիռները, անգամ տրամադրել միլիարդավոր դոլարներ, որպեսզի հրաժարվեն այդ ծրագրից։ Սակայն Իսրայելը մերժեց այդ առաջարկությունները՝ համարելով, որ անվտանգության ու իրական անկախության համար պետք է ունենալ սեփական ռազմական համալիրը, որը կարող են ապահովել բարդագույն ռազմական տեխնոլոգիաները: Ցանկացած դաշնակից ձգտում է կախվածության մեջ պահել անգամ ամենասերտ դաշնակցին։

Սա իրական անկախության պայքարի օրինակ է։ Նույնը կարելի է ասել պարենային անվտանգության, դեմոգրաֆիական աճի և այլ ոլորտների ծրագրերի մասին: Սա՛ է անկախության իրական դիսկուրսի թեման:

Անկախության կամ սուվերենության մասին խոսակցությունը մորուքավոր ու ինտելեկտով չծանրաբեռնված անձերի ու անձանց խմբերի հայտարարությունների վրա չպետք է հենված լինի, այլ անկախության ապահովման անհրաժեշտ ծրագրերի վրա` թանկարժեք ու մեծ ճիգեր պահանջող:

Մենք անկախ ենք այնքանով, որքանով կարող ենք ապահովել վերը թվարկված պահանջները ու կախված ենք արտաքին ուժերից այնքանով, որքանով դրանք չենք կարողանում ապահովել: Մնացած բոլոր խոսակցություններն անլուրջ են ու ընդամենը շահարկումներ են, գուցե հանրությանն ապակողմնորոշելու միջոցով սեփական մանր խնդիրները լուծելու համար՝ անգամ արտաքին դաշնակիցներ ձեռք բերելու հավակնությամբ:

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը